Ինչով է կարևոր ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Բանաձևի առաջնային խնդիրը Ցեղասպանության կանխարգելումն է ու դրա համար նա կարևոր է համարում պարբերաբար բարձրացնել թեման ու խոսել դրա մասին։
 
Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը դեռևս գործնական բնույթ չի կրում, սակայն հարցի բարձրացումն ու թեմայի արդիականացումը չափազանց կարևոր են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
 
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
 
Էդիտա Գզոյանը կարևոր է համարում ՄԱԿ-ի կողմից Հայաստանի ներկայացրած բանաձևի ընդունման փաստը, ինչպես նաև այն նրբությունները, որոնք դրանում մտցվում են ամեն տարի։
 
Այս տարվա բանաձևի առանձնահատկություններից մեկը քաղաքացիական բնակչության սովամահության ենթարկելու անթույլատրելիության գաղափարն է՝ որպես պատերազմ վարելու արգելված միջոց: Թանգարան- ինստիտուտի տնօրենը կարծում է, որ դա անմիջականորեն կապված էր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
 
- Մոտ 10 ամսվա շրջափակումը խմբի ոչնչացման հստակ մեթոդ ու միջոց էր, ինչի մասին խոսեցին հայտնի ցեղասպանագետներ, այդ թվում Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, - ասաց Գզոյանը:
 
Նրա խոսքով ՝ այդ գործողությունները բոլորի կողմից որակվել են որպես Ցեղասպանության հստակ մեթոդ։
 
Հայոց Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ բանաձևի առաջնային խնդիրը Ցեղասպանության կանխարգելումն է: Այս առումով նա կարևոր է համարում պարբերաբար բարձրացնել թեման, խոսել դրա մասին, ինչպես նաև հիշեցնել և ընդգծել, որ այն երկրները, որոնք վավերացրել են բանաձևը, պետք է իրականացնեն ցեղասպանության կանխարգելման գործառույթը:
 
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով։
 
Աղբյուր՝ Sputnik Արմենիա