Ի գնահատումն բարեգործական և մարդասիրական գործունեության

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Ի գնահատումն բարեգործական և մարդասիրական գործունեության՝ Արցախի նախկին պետնախարար, 2023-ի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի։ Այս տեղեկությունը հաստատել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից՝ նշելով՝
 
- Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը։
 
 
- Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը,- ասված է գրասենյակի հայտարարությունում։