Ընտրախավերը և խաղաղ իշխանափոխությունը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

1988-ից սկսած, երբ նոր-նոր դրվում էր Հայաստանի Հանրապետության անկախության հիմքը, քաղաքական պայքարն ընթանում էր կոշտ եղանակով: Իշխանության եկած «փողոցի տղաները»՝ ՀՀՇ-ականները, սկսեցին ոչնչացնել նախկին կոմունիստական ընտրախավը: Կարճ ժամանակում «նախկինից» մնացածները, որոնց շարքում կային փորձված կառավարիչներ ու տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ՝ իբրև քաղաքական տարր, ոչնչացվեցին:
 
«Նորերը», բնականաբար, չունեին կառավարման և մասնագիտական աշխատանքի փորձ, ինչի հետևանքը եղավ այն, որ գնալով նվազեց երկրի տնտեսական ներուժը՝ հիմնարկ-ձեռնարկությունները մատնվեցին տևական պարապուրդի, փոշիացվեց երկար տարիների ընթացքում պատրաստված կադրային զինանոցը, որը համապատասխան մասնագետներ էր ապահովում արդյունաբերական արտադրության միջին և ցածր օղակների համար: Այս գործելաոճը շարունակվեց նաև հետագայում:
 
Կոմունիստական ընտրախավի ոչնչացումից հետո «փողոցի տղաների» միջև նոր պայքար ծագեց իշխանության համար, և արատավոր նախադեպերն աստիճանաբար սկսեցին վատ ավանդույթի ուժ ստանալ: Իշխանության տիրացածը քաղաքականապես ոչնչացնում էր նախորդին՝ համարելով նրան իր ներունակ հակառակորդը: 90-ականների «վայրի կապիտալիզմին» կամ կապիտալի՝ վայրի ձևով կուտակմանը զուգահեռ՝  հակառակորդին արդեն ոչնչացնում էին ոչ միայն քաղաքականապես, այլև՝ ֆիզիկապես: Այդ տարիներն, ի դեպ, հայտնի էին աղմկոտ քաղաքական սպանություններով: Բայց սա այլ թեմա է:
 
Ներթիմային տարաձայնությունների արդյունքում տրոհված ՀՀՇ-ն քաղաքականապես ոչնչացրեց կուսակցության՝ Վազգեն Մանուկյանի թևը, իսկ 1998-ին ռազմական թևը քաղաքականությունից հեռացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին, ապաև պառակտվեց նաեւ ուժային թևը: Այժմ մեզանում մոտավորապես նույն դիպաշարի հաջորդ փուլն է թևակոխել: 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո «նախկինների» քաղաքական ազդեցությունը զրոյացվել է: Եվ հիմա գործող իշխանության հնարավոր փոփոխության արդյունքում ՔՊ-ի ներկայացուցիչները ոչ միայն ամբողջովին կհեռացվեն իշխանությունից, այլև պատասխան կտան իրենց առերևույթ ապազգային գործունեության համար:
 
Ի՞նչ է այս ամենը նշանակում, ինչո՞ւ Հայաստանում չի ստացվում բնականոն քաղաքական կյանք կազմակերպել, որպեսզի իշխանափոխությունը տեղի ունենա Սահմանադրության պահանջների համաձայն, ընտրությունների միջոցով, խաղաղ և անցնցում եղանակով:
 
Ըստ քաղաքագիտության մեջ գոյություն ունեցող՝ «Ընտրախավերի բազմակարծության» տեսության, ընտրախավերը կարող են ունենալ տարբեր նպատակներ, սակայն «խաղի կանոնների» հարցում գալիս են ընդհանուր համաձայնության. «հակամարտող էլիտաները ստեղծում են ուժերի հավասարակշռություն, որը թույլ է տալիս ժողովրդավարական եղանակներով լուծել հարցերը»։ Տնտեսագետ, սոցիոլոգ Յոզեֆ Շումպետերի բնորոշմամբ՝ միայն ընտրախավերի մրցակցության պայմաններում է հնարավոր անցկացնել արդար ընտրություններ և իշխանության հասնել բացառապես քաղաքացիների ձայներով։
 
Ինչպես նշվեց վերը, 1988-ին սկիզբ առած Համազգային շարժման ժամանակներից մինչև օրս Հայաստանում եղած քաղաքական, ֆինանսական, տնտեսական ընտրախավերի մրցակցությունը, որպես կանոն, վերածվում է քաղաքական ոչնչացման գոյամարտի: Եթե ընտրախավերի միջև չեն հստակեցվում խաղի կանոնները, չեն գործում գրված ու չգրված օրենքները, ապա խաղաղ իշխանափոխության մասին խոսելը ռոմանտիկայի ժանրից է: