Գեղասահքը կարո՞ղ է քաղաքական դեղահաբի հանգստացնող դեր կատարել
Հայ և Հայաստանը ներկայացնող շատ մարզիկներ են տարբեր մարզաձևերում մասնակցել աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի, սակայն քիչ է պատահել, որ մեր գեղասահորդների մասին խոսվի: Հելսինկիում մարտի 29-ից ապրիլի 2-ը անցկացվելիք գեղասահքի աշխարհի առաջնությանը, ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, կմասնակցեն նաև հայ գեղասահորդները:
Այս առաջնության կարևոր բաղադրիչն է լինելու 2018թ. Փհենյանի օլիմպիական խաղերի մասնակիցներ ընտրելը: Դրա ուղեգրերը կնվաճեն այս առաջնության ուժեղագույնների ցուցակում ընդգրկված առաջին քսան գեղասահորդները: Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում: Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ զույգը:
Գեղասահքը՝ սպորտի և գեղարվեստի այս հոյակապ համադրությունը, Հայաստանում տարածում չի գտել, անշուշտ, սահադաշտերի բացակայության պատճառով, այլապես հանրահռչակ մարզիչներ ու մարզիկներ անպայման ի հայտ կգային: Այսօր այդպիսի սահադաշտ, գոնե մեկը, արդեն կա (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում), և հուսանք, որ լավ է գործում, քանի որ աշխարհի առաջնությանն արդեն մասնակցության հայտ է ներկայացվել: Առաջնության համար նախատեսված օրերից մեկը (ապրիլի 1-ը) Հայաստանում լռության օր է լինելու, վերջինը (ապրիլի 2-ը)՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է: Սպասումներով լի, բորբոքված, նյարդայնացած մեր հասարակության համար գուցե Հելսինկիից ելույթների հեռարձակումը լիցքաթափող ազդեցություն ունենա: Իսկ որ այդ օրերին դա մեզ շատ է հարկավոր լինելու՝ ոչ ոք չի կասկածում: