Աղետի գոտու լույսն ու ստվերը. խաչակնքվելդ դարման չէ

ՔԱՆԻ՞ ՇԵՆՔ ԿՓԼՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ

Մինչ ամենատարբեր՝ նախկին և ներկա, մեծ ու փոքր պաշտոնյաներ թմբակահարում են իրենց ձեռքբերումները, կառավարության ղեկավարն էլ խոստանում է, թե վաղվա օրը լավ է լինելու, տնակներում ծվարածներն ու սոցիալապես ծանր  վիճակում մի կերպ գոյություն քարշ տվողներն արդեն 29 տարի ապրելու կռիվ են տալիս: Իսկ շատ հարցերն էլ մնում են անպատասխան՝ սկսած աղետի գոտուն հատկացված և թալանված գումարներից մինչև երկրաշարժի իրական պատճառները:
 
Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի օրը: Ահասարսուռ դեպքից անցել է 29 տարի, սակայն  երկրաշարժի  հետևանքները մինչ օրս կան, և արդիական է մնում աղետի գոտի բառակապակցությունը: Ավելին, առ այսօր ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝  ոչ սեյսմակայուն շենքեր կառուցելու համար: Չնայած՝ շատերի համար համոզմունք է դարձել այն կարծիքը, որ ամենակուլ այդ ցնցումը բնական աղետ չէր, այլ  ԽՍՀՄ ռումբերի փորձարկման արդյունք:
 
Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց որքանո՞վ է Հայաստանը սեյսմակայուն՝ այսօր հիմնականում հարցն էր հուզում լրագրողներին: 
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը վստահեցրեց, որ Հայաստանում այսօր շինարարությունը սեյսմակայունության միջազգային չափանիշներին է համապատասխանում: Բայց Հայաստանի սեյսմիկ կայունութունը վերականգնելու համար անհրաժեշտ է 32-35 միլիարդ դրամ, որը Հայաստանի պետբյուջեի համար մեծ թիվ է: 
 
«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանն էլ, խոսելով Երևանի շենքերի սեյսմակայունության մասին, ասաց, որ երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 40 տոկոսը կփլուզվի՝ ամբողջովին կամ մասնակի: 
 
- ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ հայ մասնագետները Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի տեսանկյունից գնահատել են մոտ 4700-բազմաբնակարան շենքերը: Երևանը, ըստ ստվարաշերտի, կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի՝ ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ, որոնք տեսնում ենք Նորքի զանգվածում: Երկրորդ կարգի գրունտներ՝ քաղաքի կենտրոնական մասում, երրորդ կարգի գրունտներ՝ Աէրացիայից ներքև: Երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ չափով վնասվել: Նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի 20 տոկոսը կարող են դիմակայել երկրաշարժին:
 
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի կարծիքով ևս՝ նոր կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային ժամանակներում կառուցված շենքերը, սակայն եթե  երկրաշարժ լինի, քաղաքի կենտրոնական հատվածների խտացման պատճառով շտապօգնությունը դժվարությամբ կհասնի  օգնության:
 
Բացի մասնագետներից՝ աղետի գոտու մասին օրեր առաջ խոսել էր նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նա քննադատել էր այսօրվա իշխանությանը, թե աշխատատեղեր չեն ստեղծում Գյումրիում, ժողովրդի վիճակը վատ է: Համամիտ ենք, բայց նրան լսելիս՝ ակամա հարց էր ծագում՝ իսկ ինչո՞վ էր զբաղված նույն Վարդան Ղուկասյանը, երբ Գյումրու քաղաքապետն էր: ԱԺ-ում Վարդան Ղուկասյանի ելույթը լսողների դեմքերի և ձեռքերի շարժումներում նույնպես այդ հարցն էր լուռ հնչում: Ելույթի ավարտից հետո խաչակնքվող պատգամավորի պատասխանը չուշացավ՝ լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանման մեջ.
 
- Երբ 1999 թվականին դարձա քաղաքապետ, այն ժամանակ մահացությունն ավելի շատ էր, քան ծնելիությունը: Երկու տարի անց ցուցանիշը փոխվեց՝ ծնելիությունն ավելի շատ էր, քան մահացությունը: Իմ քաղաքապետ եղած տարիներին փոքր և միջին բիզնեսն աշխուժացավ…
 
Հիշեցնենք՝ բազմաթիվ աղմկահարույց պատմություններում թաթախված Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է եղել 2000-2008-ին՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ  միջազգային տնտեսական դինամիկան դրական ցուցանիշեր էր արձանագրում և իր ազդեցությունը թողնում նաև մեր երկրի վրա: Այնպես որ՝ դեռ հարց է, թե  Վարդան Ղուկասյանի ներդրումը քանի տոկոս է այդ տարիներին: