Դիվանագիտության թվային պատկերը
Թվային տեխնոլոգիաները նոր գործելաոճ են թելադրում, որոնք, ճիշտ կիրառելու դեպքում, բազմապատիկ մեծ արդյունքներ են տալիս, ու աշխարհն արագորեն թվայնանում է: Եվ քանի որ սա գրեթե կայծակնային արագությամբ զարգացող ոլորտ է, դանդաղելը կարող է կործանարար լինել հատկապես պետությունների համար:
Աշխարհի հետ հարաբերվելու՝ պետությունների գլխավոր գործիքն էլ դիվանագիտությունն է: Իսկ թե տարբեր երկրներ ի՞նչ չափով են կարողանում օգտվել թվային դարաշրջանի առավելություններից՝ ցույց է տալիս վարկանիշային ամենաթարմ աղյուսակը:
2017թ. համար կազմված Թվային դիվանագիտության վարկանիշում (Digital Diplomacy Rating) ընդգրկված են 209 պետությունների տվյալներն այն մասին, թե դրանց արտգործնախարարություններն ինչպիսի թվային հնարավորություններ են կիրառում՝ լինեն դրանք կայքեր, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում, կամ թվային տարածքում դիվանագիտական հարցեր լուծելու միջոցներ:
Հայերս ընդհանրապես շատ ենք վշտանում, երբ նման ցանկերում անբարենպաստ տեղ ենք գրավում: Ամեն օր կազմվող վարկանիշներից վերջերս մեզ թերևս ուրախացրեց աշխարհի ռազմականացված երկրների ցանկը, որտեղ մենք երրորդ տեղում էինք, իսկ խելքը զինվելուն տված Ադրբեջանը՝ ընդամնեը 11-րդ: Ըստ երևույթին այստեղ հաշվի էր առնվել ոչ միայն զինապահեստներում առկա զենքի քանակը, այլև դրանց տեսակն ու գործադրելու հմտությունը:
209 պետությունների մեջ դարի առաջատար ոլորտում 34-րդը լինելը նույնպես կարծես վատ ցուցանիշ չէ, թեև կարող էր նաև շատ ավելի լավը լինել: Մնում է՝ հայկական դիվանագիտությունն էլ առաջընթաց ապրի այնպես, ինչպես իր աշխատանքում թվային հնարավորություններն է օգտագործում: Ճիշտ է՝ վերջին տարիներին մենք մի տեսակ ամեն ինչից դժգոհող ազգ ենք դարձել, սակայն եթե Արտաքին գործերի նախարարությունը լավ աշխատի, դա էլ կշտկվի. չէ՞ որ ազգի 2/3-ից ավելին արտաքին աշխարհում է ապրում: