Նրանց եռանդն ու մեր անգործությունը

Հայոց աշխարհի քարանձավները վերջին տարիներին բազմաթիվ գաղտնիքներ են բացում, և դրանց ուսումնասիրությունն օրեցօր ավելի կարևոր է դառնում: Ցավոք, եթե մեր պետությանը նման որևէ բան հետաքրքրում է, ապա միայն մեկ տեսանկյունից` հնարավո՞ր է դրանց անունով զբոսաշրջիկներ գրավել և մի երկու տարում երկրի բյուջեն լցնել: Իսկ ուսումնասիրությունների գիտական նշանակության, տվյալ վայրի պահպանության մասին մտածող չի լինում:

Արցախի Քարինտակ քարանձավում մասնագետներն ուսումնասիրում են այնպիսի շերտեր, որոնց տարիքը գերազանցում է քսան հազար տարին: Արշավախումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ով լրագրողներին հայտնել է, որ այնտեղից վերցված երեք նմուշների ստույգ թվագրությունը ցույց է տվել՝ Քարինտակի քարանձավի պատմությունը 45 հազ. տարվա է հասնում:

- Արցախում մենք իրականացնում ենք հնէաբանական աշխատանքներ: Ոչ միայն կատարում ենք պեղումներ` վերականգնելով շերտերը, այլև անդրադառնում ենք մարդաբանական խնդիրներին: Այնտեղ գտել ենք 7 հազար տարվա վաղեմություն ունեցող ատամ, կարողացել ենք ճշգրիտ տարիքը որոշել, ինչպես նաև գենետիկական նյութ առանձնացնել,-նշել է արշավախմբի ղեկավարը:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ այս ատամի գենետիկական նյութն ապացուցել է 7000 տարի առաջ այնտեղ ապրած մարդկանց և մեր օրերում արցախում բնակվող հայերի ընդհանրությունը: Նույն արշավախումբը  զգալի աշխատանքներ է կատարել նաև Ազոխի քարանձավում, որը հնությամբ Քարինտակին չի զիջում: Եպիսկոպոսյանը նաև մի շատ ցավոտ հարց է բարձրացրել.

- Աշխատանքներն ընդլայնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չկան: Չունենք հնարավորություն` դիմելու միջազգային հիմնադրամներին: Պահանջում են պեղումների թույլտվություն, մենք դա ստանում ենք Արցախի իշխանություններից: Նախկինում էլ, այսօր էլ միջազգային հիմնադրամները պատրաստ են տալ շռայլ գումարներ, եթե մենք պեղումների համար թույլտվություն ստանանք Ադրբեջանից:

Իսկ Ադրբեջանը, ինչ խոսք, փորձում է խոչընդոտներ ստեղծել: Օրինակ, «Ազոխի քարանձավը և Կովկասյան միջանցքը» գրքի հրատարակությանը տարբեր եղանակներով  խանգարել է, սակայն մեկ տարի ձգձգվելուց հետո այն հրատարակվել է:

Մեզ խանգարելու՝ մեր թշնամիների անօրինակ միասնականությունն ու եռանդը, ամեն ինչից բացի, ի ցույց է դնում նաև մեր անկազմակերպվածությունն ու անգործությունը: Մասնագետները, հաճախ իրենց բարեկացության ու գիտական առաջընթացի հաշվին, փորձում են ուսումնասիորթյունները շարունակել, քանի որ տեսնում են` դրանք ահռելի նյութ են լույս աշխարհ հանում, գիտական մեծ բացահայտումների հիմք են ստեղծում: Միայն թե թիկունքում աջակցություն չեն զգում:

Ամեն ինչ նավթադոլարների առատությամբ պատճառաբանելն ընդամենը արդարանալու փորձ է, այն էլ` անհաջող: Ինչպես ասում են՝ սրտումդ տեղ լինի, պուլիկիդ մեջ յուղ կգտնվի: Միջինասիական անապատներից ներթափանցած քոչվորը միջոցներ չի խնայում, որպեսզի մեր լեռնաշխարհի վաղեմի բնակչի քաղաքակիրթ հագուստով մարդամեջ մտնի: Ավելին, թելադրող ու թույլտվող դառնա:

Մի խոսքով, հույսդ միջազգային հիմնադրամների վրա դրեցիր, ուրեմն երկիրդ պիտի հանձնես այն զավթելու համար պատրաստ կանգնած քոչվորին ու ինքդ քոչես: Շատ լավ երևում է, որ այդ հիմնադրամների նպատակը բնավ էլ ճշմարտությունը վեր հանելը չէ, այլապես Ադրբեջան բառը լսելիս պետք է դռները փակեին: