«Ես հայ եմ և մասնիկն եմ իմ հայրենիքի»

«Ես հայ եմ և մասնիկն եմ իմ հայրենիքի» խորագիրն էր կրում հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած՝ ՔԿՀ պատմության մեջ աննախադեպ մասշտաբի հայրենասիրական միջոցառումը։
   
Միջոցառման նախաձեռնողը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն էր՝ հանրակրթության բաժնի ղեկավար Հասմիկ Հովակիմյանի և պատմության դասախոս Նելլի Սարգսյանի գլխավորությամբ։ Մասնակցում էին ՔԿՀ-ի ութ դատապարտյալներ, որոնք համառոտ ելույթի ընթացքում կարողացան ներկայացնել բազմահազարամյա հայոց պատմությունը՝ ազգային էպոսից մինչ մեր օրեր՝ չմոռանալով և ոչ մի արքայատոհմի սխրագործություն։ 
 
Անշուշտ, պատմությունը յուրաքանչյուր ազգի հայելին է և յուրաքանչյուր ոք պետք է համապարփակ տեղեկություն ունենա սեփական ազգի անցած ուղու վերաբերյալ, որպեսզի հողը ոտքերի տակ երբեք չերերա։ Այս կապակցությամբ հարկ է շեշտել պատմության նույն մասնագետի հոգատար ջանքերը և շնորհակալություն հայտնել դատապարտված անձանց մատուցած գիտելիքի համար։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ ՊՈԱԿ-ի աշխատակից դասախոսների շարքում Նելլի Սարգսյանը միակը չէ, որ անմնացորդ նվիրված է մանկավարժի իր կոչմանը, այդպիսին են հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի, անգլերենի, մաթեմատիկայի, մնացած այլևայլ առարկաների ուսուցիչները։ Այս անվանացանկում իր հաստատուն ու նշանակալի տեղն ունի դեկորատիվ կիրառական արվեստի՝ խեցեգործության մասնագետ Ժասմենա Տեր-Հովհաննիսյանը, և բնավ ոչ այն պատճառով, որ ամենափորձառուն է (շուրջ 23 տարի) ՔԿՀ-ի մանկավարժների մեջ, այլ՝ որովհետև իրապես ծնողական գորովանքով է վերաբերվում իր բոլոր սաներին։ Սրա մեծագույն վկայությունը նրա ելույթն էր միջոցառման հյուրերի ներկայությամբ, որի ընթացքում, «որպես մայր և տատիկ» խնդրում էր ազատ արձակել իր սաներին, քանի որ «նրանք իսկապես լավն են»։
   
Ինչպես նշեցինք, հանդիսությունն աննախադեպ էր իր մասշտաբով ու նաև բարձրաստիճան հյուրերի քանակով։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, ՔԿԾ ՍՀԻԱ բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը՝ ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանի և պետի տեղակալ, արդարադատության մայոր՝ Հայրապետ Անանյանի գլխավորությամբ, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ուսուցիչները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, արվեստագետներ, հոգևորականներ և այլ հյուրեր։      
   
Հանդիսությանը հրավիրված էր նաև Հայաստանի մշակույթի գործիչների միությունը, որի ներկայացուցիչները բազմիցս և տարբեր մակարդակներով այցելել են քրեակատարողական հիմնարկ և հանդիպումներ ունեցել ՔԿՀ-ի ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ։ 
 
Հանդիսության ավարտին, ի գնահատանք կատարված մեծ աշխատանքի, ՀՄԳՄ պատվոգրեր շնորհվեց ՔԿՀ-ի պետ Լաերտ Գրիգորյանին, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանին, պատմության դասախոս և միջոցառման բեմադրիչ Նելլի Սարգսյանին, ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի վարիչ Հասմիկ Հովակիմյանին։ Միջոցառման մասնակից դատապարտյալներ Վիտալիոս Խիոնիդիսը, Արթուր Քոչարյանը, Ցոլակ Մելքոնյանը, Վանիկ Կիրակոսյանը, Օնիկ Կարապետյանը, Կարեն Դալլաքյանը, Սեյրան Մարկոսյանը պարգևատվեցին ՀՄԳՄ շնորհակալագրերով։ Մասնակիցները անմասն չմնացին նաև ՊՈԱԿ-ի կողմից նվերներից՝ ստանալով անվանական բաժակներ ի հիշատակ հրաշալի միջոցառման։
   
Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին նաև դատապարտյալների կողմից պատրաստված խեցեգործական և վիտրաժային աշխատանքները, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատականին։ Օնիկը, ով մասնագիտությամբ խոհարար է, միջոցառման ողջ ընթացքում թխում  էր հայկական ավանդական անուշահամ գաթաներ, որոնք հանդիսության վերջում համտեսեցին ներկաները՝ հայտնելով իրենց  գոհունակությունը։ 
   
Այսպիսով, ևս մեկ անգամ ամրագրվեց, որ մասնակից դատապարտյալները մասնիկն են իրենց հայրենիքի, ցույց տալով, որ ո՛չ միայն հայրենասեր են, այլև՝ հայրենատեր։
   
Հուսադրող և ոգևորիչ էր արդարադատության փոխնախարարի ելույթի ընթացքում արտահայտած այն միտքը, թե դատապարտյալը պետք տարբերվի հասարակ քաղաքացուց նրանով, որ սահմանափակված է նրա տեղաշարժը։ Այսինքն, հավանականորեն՝ պետական վերջին տարիների հումանիզմը կարող է բերել նոր արդյունքների։ Ուրեմն մնում է սպասել և հուսալ․․․
 
Հանդիսության ավարտին ՔԿՀ-ի ինքնագործ մշակութային միավորման անունից փոխնախարարը հրավեր ստացավ ևս մեկ անգամ այցելելու ՔԿՀ և հանդիպում ունենալու Միավորման անդամների հետ, ինչին փոխնախարարը դրական արձագանքեց։
 
Մուշեղ Մովսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ինքնագործ
մշակութային միավորման նախագահ
 
Առաջին նկարում (ձախից աջ)՝ Վիտալիոս Խիոնիդիսը, Կարեն Դալլաքյանը, Ցոլակ Մելքոնյանը, Մուշեղ Մխիթարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ-ի պատմության դասախոս Նելլի Սարգսյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հայրապետ Անանյանը, Արթուր Քոչարյանը, Սեյրան Մարկոսյանը, Վանիկ Կիրակոսյանը և Օնիկ Կարապետյանը։
 
Երկրորդ նկարում (ձախից աջ)՝ Վիտալիոս Խիոնիդիսը, Կարեն Դալլաքյանը, Ցոլակ Մելքոնյանը, Մուշեղ Մխիթարյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ՍԻԱԲ աշխատակից՝ Շիղա Պետրոսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի վարիչ Հասմիկ Հովակիմյանը, ՔԿԾ ՍԻԱԲ պետ Ծովինար Թադևոսյանը, Արթուր Քոչարյանը, Սեյրան Մարկոսյանը, Վանիկ Կիրակոսյանը և Օնիկ Կարապետյանը։