ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԲԱԳՐՈ՞ՒՄ
Վերամշակող ընկերություններն սկսել են գյուղացիների պարտքերը վճարել
Խորհրդային սոցիալիզմի փլուզումից հետո, երբ մասնավոր սեփականության իրավունքը նորից մտավ գործողության մեջ, և հողը բաժանվեց գյուղացիներին, շատերն էին ոգևորված հողատարածքներ ձեռք բերում և գյուղատնտեսությամբ զբաղվելու ծրագրեր մշակում: Նրանք դեռ չգիտեին, թե ինչ անհաղթահարելի խոչընդոտներ են իրենց առջև ծառանալու, որովհետև մինչ այդ աճեցրած բերքն ու խնամած անասունն իրացնելու խնդիր չէին ունեցել: Իսկ այսօր այնպիսի պատկեր է, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ընկերությունները գյուղացիներին մինչև երկու տարվա պարտք ունեն և զլանում են այդ գումարները վճարել:
Գուցե նախընտրական «զսպաշապիկների» մղումով, գուցե հիրավի գիտակցելով վճարումներն անորոշության մատնելու վտանգալի հետևանքները`վերջապես վերամշակող ընկերությունները մարել են 740,4 մլն դրամ գումար: Ընդորում`մարվել է 2015-2016թթ. գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից 5 ընկերություններ պարտքերն ամբողջությամբ վճարել են`2017թ. փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարույթան պաշտոնական կայքից, որտեղ նաև նշվում է, որ նշված նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկելու նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: 2017թ. փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016թթ. գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել 22 վերամշակող ընկերություններ` 1486,5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:
Պարզ է` գյուղացու արտադրանքը շուտ փչացող ապրանք է, և նա ստիպված է լինում, թեկուզ ապառիկով, այն հանձնել վերամշակող կազմակերպություններին, որպեսզի կարկուտի, ցրտահարությունների, երաշտի, հիվանդությունների բովով անցած և մի հնարով վաճառքի հասած իր արտադրանքը հիմա էլ ժամանակի քայքայող զորությունից չտուժի: Շատ ենք լսում, որ գյուղացիները վարկեր են վերցնում՝ հույս ունենալով գալիք տարվա բերքից ստացած շահույթով դրանք փակել, բայց շահույթի մեծ մասը գրպաններն են դնում վերավաճառողները, զգալի մասն էլ սառեցվում է վերամշակող կազմակերպությունների գանձարկղերում:
Գուցե արժե վերամշակող կազմակերպություններին տեղից շարժել՝ նրանց վրա դնելով չվճարված գյուղացիների այդ տարիների հողահարկի, ոռոգման ջրի, նրանց ուսանող երեխաների ուսման վարձերի, անհետաձգելի այլևայլ վճարումները: Թե չէ գյուղացիական տնտեսություններն այս կերպ քաքայելով` արդյո՞ք չենք կանգնում պարենային դեֆիցիտի վտանգի առջև` լինելով շրջափակման մեջ, ունենալով Արցախի խնդիրը և գտնվելով պատերազմական բազմաթիվ թեժ կետերի հարևանությամբ: