Թուրքիային միայն «հարկադիր կատարողներն» են ձեռք տալիս

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ

Իրավագետներն ասում են, թե սահմանադրությամբ Թուրքիան աշխարհիկ պետություն է և չի կարող միջամտել կրոնական փոքրամասնությունների գործերին: Սակայն մարդկությունը մի՞թե մեկ անգամ է համոզվել, որ երբ իր շահերից է բխում, Թուրքիան նույնիսկ ցաղասպանության կամ այն լկտիաբար ուրանալու առջև կանգ չի առնում: Որքան էլ այս օրերին այդ պետությունը բազմաթիվ անլուծելի խնդիրներ ունի, որքան էլ վեճուկռվի մեջ է Եվրոպայի գրեթե կեսի հետ ու քթի տակ էլ հանրաքվե կա, չի կարող աչքից բաց թողնել իր համար «հարկադիր կատարողի գործառույթներ» իրականցնողին ասպարեզից հեռացնելու իրողությունը: 
 
Պոլսո հայոց պատրիարքարանում  վերջապես տեղի են ունեցել պատրիարքի տեղապահի ընտրությունը, որը տարիներ շարունակ ձգձգվում էր: Տեղապահի տեղի հավակնորդները սկզբում երեքն են եղել՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Եպիսկոպոս Մաշալյանը քվեարկությունից առաջ իր թեկնածությունը հանել է՝ ընտրելու իրավունք ունեցող 30 հոգևորականներին կոչ անելով ձայն տալ արքեպիսկոպոս Բեկչյանին: Իրոք, Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ստացած ձայները մեծապես գերակշռել են, և նա է ընտրվել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ՝ մինչև վեց ամիս անց կընտրվի պատրիարքը:    
 
Թվում էր, թե սրանով քաշքշուկները կավարտվեն, և արդեն ընտրված պատրիարքը կտնօրինի Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կյանքը: Պարտված կողմը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, սակայն, քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո լրագրողներին ցույց է տվել նահանգապետի գրությունը, ըստ որի պատրիարքի ընտրությունները օրինական չեն: 
 
Թե ինչո՞ւ է ինքը՝ Արամ Աթեշյանն այդ «անօրինական» գործընթացին մասնակցել, մնում է անհայտ, սակայն բացահայտ է մի բան՝ եթե քվեների մեծամասնությունը իրեն տրված լիներ, նահանգապետի գրությունը այդպես էլ կմնար մինչև մարտի 15-ը տեղապահի պաշտոնն զբաղեցրած Աթեշյանի գրպանում: 
 
Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը սրան անդրադառնալով՝ հայտարարել է, թե Արամ Սրբազանը պատրիարքի տեղապահի պաշտոնում Թուրքիայի հանրապետության հարկադիր կատարողի գործառույթներ է իրականցնում։ 
 
- Նրա արած քայլը հեղաշրջում էր, մենք այն չենք ընդունում։ Տեղապահ է ընտրվել, և մի կողմը պարտվել է։ Բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին ու արագացնենք պատրիարքի ընտրությունների աշխատանքները,– «Ակոսի» փոխանցմամբ՝ ասել է Կարո Փայլանը:
 
Թուրքիո գլխավոր ընդդիմադիր համարվող Հանրապետական ժողովրդային կուսակցության պատգամավոր, հայուհի Սելինա Տողան նույնպես անընդունելի է համարել նահանգապետարանի միջամտությունը՝ այն որակելով իրավական որևէ հիմք չունեցող: Ավելին, Տողան նշել է, որ եթ նահանգապետարանն իսկապես մտահոգ է հայ համայնքով, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին. այդ միջամտությունն  ավելի է բարդացրել գործընթացը :
 
Թե ինչ հանգուցալուծում կունենա այս չարչրկված հարցը, դեռ կերևա: Լրատվամիջոցները հայտնում են, որ քվեարկությամբ հաղթած Գարեգին Բեկչյանը Գեմանիա չի վերադարձել, սակայն նաև Պատրիարքարան չի տեղափոխվել: Մինչդեռ այդ հանգուցալուծումը հայության համար  շատ կարևոր է լինելու, որովհետև երբ հոգևոր առաջնորդդ քո ազգի ոխերիմ թշնամու հլու-հնազանդ կամակատարն է, աղետները գլխիցդ անպակաս են լինելու: