Երբ Հացն է երգում թախծալի մի երգ

Հացը բարություն է ու նաև` սիրո, ազնվության խորհրդանիշ

Չկարողացա անտարբեր անցնել, երբ խոսքը մարդկային կորստի մասին է, ու այստեղ հացն էլ թախծալից մի պատմություն ունի:
Հացի պաշտամունքի մասին զրույցներ շատ կան, բայց այս մեկն ուրիշ է… Անունը ՀԱՑ ԲԵՐՈՂ է, որ հաց է հասցրել մարդկանց: Ու հացի թախծալից երգն է հնչում այդ ՄԱՐԴՈՒ մասին, որտեղ անմահացած մի կյանք կա, ցորենի հասուն մի արտ` հասկերի օրորուն երգով:
 
 
Ձեռքիս Վարուժանի «Հացին երգն» է, ու հացը երգում է այստեղ:
Ցորենի արտերի մեջ կակաչներ կան, որ «սիրող սրտերու պես կ’արյունին»: Մարդը երգում է, երգում են ծղրիդները, երգում է հովը մեղմ, սրնգի նվագը օրորում է հասկերի քունը: Հացի երգը հնչում է ամենուր, այնտեղ հաց է արարվում, ու այդ երգը բարձրագույնն է բոլոր երգերի մեջ:
 
Ու այդ երգի ձայնը հասնում է մեզ, նրբորեն այն շոյում է մեր ունկերը, բայց այստեղ մի նոր պատմություն կա հյուսած նոր մարդու մասին, որ հաց է բերում: Ու մի նոր երգ` ՀԱՑ ԲԵՐՈՂԻ մասին, գարնանային այս օրն իր հետ հեկեկանք է սփռում, որ մաքրագործի աշխարհն իր արցունքներով: Այդ երգը գալիս, ձուլվում է մարդկանց հոգիներին, հացի փառաբանության երգն է դա, որ վաստակել է մարդն իր արդար քրտինքով, հասցրել ուրիշ մարդկանց ու դարձել ՀԱՑ ԲԵՐՈՂ:
Այս օրերին հացը երգում է մի տխուր երգ` ՀԱՑ ԲԵՐՈՂ ՄԱՐԴՈՒ մասին, ու ես փնտրում եմ տողեր` հացի զորությունն ազդարարող, բայց կանաչ արտերի ծփանքն եմ լսում, հասուն հասկերի երգը տխրամած, որտեղ ՀԱՑ ԲԵՐՈՂ ՄԻ ՄԱՐԴ կա, որ հավերժի ճամփորդ է դարձել:
 
Հայերը հացի նկատմամբ միշտ էլ պաշտամունք են ունեցել, և իզուր չէ, որ հյուրերին աղուհացով են դիմավորում: Հացը մեծագույն սրբություն է, և հույներն այդ սրբությունը համեմատել են միայն արևի հետ: Ասում են` ուզում ես մարդուն ճանաչել, հացի՛ նստիր հետը, իսկ երբ 7-րդ դարի փիլիսոփա Դավիթ Անհաղթին հարցրել են, թե այն ի՛նչն է, որից մարդ երբեք չի ձանձրանում, պատասխանը Հացն է եղել:
 
Հացը բարություն է, անկեղծություն, ասում են նաև` սիրո, հավատարմության, ազնվության խորհրդանիշ է: Պատմում են, որ հայ ժողովրդի անվանադիր Հայկ Աղեղնավորի հայր Թորգոմը ցորենի սերմացուն պահում էր կարասների մեջ, որոնց բերանները փակում էր ոսկյա կափարիչներով: Դա հավաստում էր, որ նա ցորենն ավելի բարձր է գնահատել, քան ոսկին: Եվ հացը միշտ էլ համարվել է մեր ամենամեծ հարստությունը:
 
Հացեկացի գյուղացիները Վաղարշապատում Մաշտոցին ուղարկել են 36 լավաշ` ի պատասխան նրա ստեղծած 36 հայկական տառերի, և հնում հացթուխին չէին սպանում. նա անձեռնմխելի էր: Իսկ Արցախի Տող գյուղի հաց թխողների մասին պատմում են, որ դեռ դարեր առաջ առաջին հացը հիվանդին էին ուղարկում, որ նա ուժ ստանա և առողջանա:
Ըստ ավանդության` Ալեքսանդր Մակեդոնացին պաշարել էր հայկական բերդերից մեկը, բայց տեսնելով` հայերը բերդի աշտարակից կախել են մի սպիտակ լավաշ, նա զորքերը ետ է քաշում, քանի որ այն հաշտություն էր ազդարարում:
 
Հացի պաշտամունքի մասին զրույցներ շատ կան, բայց այս մեկն ուրիշ է… Անունը ՀԱՑ ԲԵՐՈՂ է, որ հաց է հասցրել մարդկանց: Ու հացի թախծալից երգն է հնչում այդ ՄԱՐԴՈՒ մասին, որտեղ անմահացած մի կյանք կա, ցորենի հասուն մի արտ` հասկերի օրորուն երգով: