Կերոսինի հետքերով. դեժավյո՞ւ, թե՞ անհաջող «փիառ» քայլ

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԵՎ ՎԵՐՋ

Երեկ Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ կոմիտեն քրեական գործ է հարուցել սպառողներին խոշոր չափերով խաբելու դեպքի առթիվ ու Արարատ Թումանյանին պատկանող «Արագգ» ընկերությանն արգելել է մաքսազերծել ներմուծված վառելիքը: 

 

Սա այն Ընկերությունն է, որը   վարչապետ Կարեն Կարապետյանի  («ցանկացած քաղաքացի  կարող է ներկրել  իր ուզած ապրանք»), հայտարարությունից հետո նախորդ տարի դիզվառելիք ներկրեց՝ ըստ էության,  փորձելով կոտրել  տարիներ շարունակ մենաշնորհված ոլորտը:

Առաջին օրվանից, սակայն, ընկերությունը չի կարողանում մաքսազերծել ապրանքը: Խնդիրը «հանգուցալուծվեց» ԱԺ-ում Փաշինյանի հարցից հետո:  Վարչապետի «համբերության բաժակը» լցվեց  ու սկանդալային հայտարարություն արեց` կրակը գցելով պատկան մարմիններին:

Պարզվում է` ապրիլյան  պատերազմի ժամանակ տեղ-տեղ մեր զինտեխնիկան չի աշխատել՝ դիզվառելիքին կերոսին խառնելու պատճառով:  Կրակի վրա յուղ լցրեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` հաստատելով գործընկեր Կարապետյանի հայտարարությունը: Դրանից հետո  պետական կառույց չմնաց, որ խուճապահար չհերքի վարչապետերի   խոսքերը:  Ու քանի որ միայն հերքումները բավարար չեն՝ նախընտրական շրջանում  «աչոկներ» հավաքելու ու   ընտրողների վստահությունը շահելու համար,  իրավապահները քրեական գործ  են հարուցել «Արագգ» ընկերության  հանդեպ:

Հետաքրքիրն այն է, հայրենի   օրինապահների փիառ քայլ հիշեցնող արարը  մտահոգություն ու հարց է ծնում: Ինչո՞ւ  հիմա հարուցվեց քրեական գործը, ոչ թե նախորդ տարի, երբ վարչապետը հիմնավորել էր ապրանքի մաքսազերծման  անհնարինությունը: Երկրորդ` եթե  իրավական պետություն  կերտելու  ուղին ենք ընտրել, քրեական գործեր ինչո՞ւ չեն հարուցում  հովանավորչություն վայելող այլ  ընկերությունների դեմ:  Եվ վերջապես ՊԵԿ-ի հաղորդագրությունը իսկական դեժավյու է: Օրենքը գործում է խտրողաբար`«եզակիների» ու «խեղճ ու կրակների» հանդեպ: Չէ՞ որ   սա Հայաստանն  է ու վերջ: