«ՄԵՆՔ ԴԱՆԴԱՂ ԵՆՔ ՇՏԱՊՈՒՄ »


Ասում է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

- Ի՞նչ տպավորություն ստացաք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից. այն կարելի՞ է կայացած համարել:

- Կարծում եմ` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ որևէ հանրահավաքի կարիք չկար` հասկանալու, որ Հայաստանում իրապես կուտակված է դժգոհության մի կրիտիկական ալիք: Եվ բնական է, որ հանրահավաքը բազմամարդ էր: Նույնիսկ հանրահավաքային մեծ փորձ ունեցող կուսակցություններն արձանագրեցին, որ վերջին տարիներին այդպիսի բազմամարդ հանրահավաք չի եղել Ազատության հրապարակում: Ինձ համար անակնկալ չէր, որ այնտեղ հավաքված ժողովուրդը կտրուկ, արագ փոփոխություններ էր պահանջում:

Ես պետք է խոսեմ որպես ԲՀԿ ներկայացուցիչ և կարծում եմ` հարթակում կանգնած քաղաքական ուժերը պիտի նաև հետևություններ անեն նախկինում նման շարժումների թույլ տված սխալներից և երբևէ չդիմեն էմոցիոնալ քայլերի:

Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվության բեռ ենք վերցրել, և վստահեցնում եմ, որ լրջորեն հաշվարկված շարժվելու ենք առաջ: Լուծելու ենք մեր օրակարգային հստակ խնդիրը, որն այսօր միավորում է հարթակում կանգնած քաղաքական ուժերին և հանրությանը:

Այս իշխանությունը պետք է հեռանա, և որևէ կերպ, սահմանադրական փոփոխություններ անունը կրող բլեֆի, ավանտյուրայի տակ վերարտադրվելու հնարավորություն չպետք է ունենա:

- Հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ելույթ կունենա և իր հիմնական ասելիքը կներկայացնի հաջորդ հանրահավաքում: Ո՞րն է այդ հիմնականը, ինչի մասին պետք է խոսի Ծառուկյանը:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում բացել պարոն Ծառուկյանի ելույթի մեսիջները: Վստահ եղեք, որ հոկտեմբեր 24-ի հանրահավաքի առանցքային ելույթը լինելու է Գագիկ Ծառուկյանինը, և հստակ պատասխանելու է բազմաթիվ հարցերի, որոնց այսօր սպասում է հանրությունը: Ինչպես նաև կհրապարակի հաջորդ քայլերի ճանապարհային քարտեզը:

- Մինչև հանրահավաքը և այնտեղ էլ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հանրապետության ղեկը ստանձնել: Դա արդյո՞ք համաձայնեցված է մյուս կուսակցությունների հետ. հնարավոր է, որ բացի նրանից նաև այլ թեկնածություններ կլինեն:

- Եթե հիշում եք, պարոն Ծառուկյանը նշեց, որ այո` ինքը պատրաստ է ստանձնել այդ լրջագույն պատասխանատվությունը, բայց նաև ասաց, որ իր մտքում չորս-հինգ արժանավոր թեկնածուներ կան, և եթե լինի միասնական հանրային պահանջ` որպեսզի անպայման ինքն առաջադրվի, ապա պատասխանատվությունն ինքը կստանձնի: Անկեղծ ասած, ինձ զարմացնում է, թե ինչու տարբեր քաղաքական ուժեր, իմ շատ հարգարժան որոշ գործընկեր-լրագրողներ զարմանում են, որ հնարավոր է` ԲՀԿ-ն հանդես գա իր թեկնածուով: Լինենք անկեղծ. նույնիսկ սոցիոլոգիական հարցում պետք չի անցկացնել` հասկանալու համար, որ Հայաստանում այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Գագիկ Ծառուկյանն է: Սոցիոլոգիական հարցում պետք չի` հասկանալու համար, որ եթե հանրությունը այսօր որոշակի սպասելիքներ ունի, ապա ունի ԲՀԿ-ից և նրա առաջնորդից: Ես այս պահին ներկայացնում եմ իմ անձնական տեսակետը, որովհետև նման խնդիր դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց ես` որպես ՀՀ քաղաքացի և ԲՀԿ ներկայացուցիչ, գտնում եմ, որ հաջորդ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը անպայման պետք է առաջադրի իր թեկնածությունը: Հարցը վերջնականապես դեռևս չենք քննարկել ո´չ կուսակցության ներսում, ո´չ մեր գործընկերների հետ, և ընդգծում եմ, որ սա միայն իմ անձնական տեսակետն է:

- Իսկ ի՞նչ եք կարծում, ընդհանրապես քաղաքական դաշտում առկա մյուս կուսակցությունները, որոնք քաղաքական գրեթե նույնաբովանդակ օրակարգ ունեն, ինչո՞ւ այսօր հրապարակավ հանդես չեն գալիս:

- Էսպիսի մի խոսք կա` դանդաղ շտապիր: Կարծում եմ` մենք շատ հանգիստ քայլերով ենք առաջ գնալու: «Բարգավաճ Հայաստանը» մշտապես ասել է, որ երկիրը աղետալի վիճակում է, և որ մեկ կամ երկու քաղաքական ուժ վիճակը շտկել չեն կարող. անհրաժեշտ է լայն քաղաքական կոնսոլիդացիա` համախմբում: Եվ ես վստահեցնում եմ, որ առաջիկայում մեր այս համաժողովրդական շարժմանը միանալու են բազմաթիվ քաղաքական արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական նախաձեռնութ յուններ ու հասարակական շարժումներ:

- Մի վերջին հարց. օրերս Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, բայց ընդհանրապես արտաքին քաղաքականության ոլորտի մասին հանրահավաքում որևէ խոսք չհնչեց. ինչո՞ւ, մի՞թե դա կարևոր չէ:

- Եռյակի հանրահավաքը հստակ օրակարգ ուներ: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ արտաքին քաղաքական խնդիրներ այդ հանրահավաքում եռյակը չի ներառելու, բայց դա չի բացառում, որ առաջիկա հանրահավաքում լինի նաև անդրադարձ աշխարհաքաղաքական օրակարգերին, և ոչ միայն ԵԱՏՄ-ին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ