Ռուսաստանի հետ բանակցությունների անհնարին են ստի պատճառով

Ֆրանսիան շահագրգռված չէ Ռուսաստանի հետ երկխոսությամբ այն բանից հետո, երբ Մոսկվան խեղաթյուրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուի խոսքերը։ 
 
- Այս պահին մեր շահերից չի բխում ռուս պաշտոնյաների հետ քննարկումները, նրանց կողմից ներկայացված մամուլի հաղորդագրություններն ու զեկույցները սուտ են,- France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։ 
 
Նա հավելել է, որ երկրների միջև պետք է վերականգնվի վստահությունը՝ ապագայում հնարավոր երկխոսության համար։ 
 
Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով ֆրանսիական կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Ֆրանսիան, ի հեճուկս Ռուսաստանի հայտարարությունների, երկու երկրների պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ժամանակ «երկխոսության պատրաստակամություն» չի հայտնել՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ 
 
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Լըկորնյուի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի թեման։ Հաղորդվում էր, թե այս բանակցությունների ընթացքում նշվել է հակամարտությունը լուծելու «երկխոսության պատրաստակամությունը»։ 
 
Իր հերթին, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Լըկորնյուն Շոյգուի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմը։ Մասնավորապես, ֆրանսիացի նախարարը կրկնել է, որ Փարիզը դատապարտում է ռուսական ներխուժումը և կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի եվրոպական մայրցամաքում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»։ 
 
Միևնույն ժամանակ, Շոյգուի զանգի պատճառն ու քննարկման հիմնական թեման «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն է եղել, որը 145 մարդու կյանք է խլել։ Լըկորնյուն համերաշխություն է հայտնել հարձակման զոհերի հարազատներին, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ի բջիջը, և հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար։ 
 
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Փարիզը չունի որևէ տեղեկություն, որը վկայում է «Կրոկուս»-ում հարձակման մեջ Ուկրաինայի մասնակցության մասին, և կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ դադարեցնել այս թեման շահարկել պատերազմամետ տրամադրությունների ամրապնդման համար։ Սա նախարարների առաջին ուղիղ խոսակցությունն էր 2022 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ Շոյգուն զանգահարել էր արևմտյան երկրներից իր գործընկերներին՝ պնդելով, թե Ուկրաինան, իբր, ցանկանում է պայթեցնել «կեղտոտ» միջուկային ռումբը։ Դրանից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները ստուգել են Ռուսաստանի կողմից մատնանշված երեք ուկրաինական օբյեկտներ, սակայն այնտեղ նման զենքի ստեղծման նշաններ չեն հայտնաբերել։  
 
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն