ՄԻՋԻՆ ԽԱՎ, Ո՞ՒՐ ԿՈՐԱՐ...


Ցանկացած պետության դիմագիծը միջին խավն է, որը մի պահ, կարծես, մեզանում ձևավորվեց, բայց գների այս սանձարձակումը չունևորներին դարձրեց իսպառ ընչազուրկ, իսկ կայանալ փորձող միջին խավին` աղքատ: - Ի՞նչ ծրագրեր, մեխանիզմներ ունի ձեր կուսակցությունը` միջին խավը կայացնելու համար: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Դա պետական քաղաքականություն է, և դրանով զբաղվում են համապատասխան գերատեսչությունները: Խնդիրն այն է, որ մեր կուսակցությունը կառավարությունում ունի ընդամենը 4 նախարար, և մենք փորձում ենք մեր հնարավորությունների չափով բարձրացնել, կարգավորել այդ խնդիրները: Ձգտում ենք մեր հնարավորությունների սահմաններում օրենսդրորեն կարգավորել միջին և փոքր ձեռներեցությանն առնչվող խնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում են հենց այդ` սոցիալական միջին շերտին, միջին խավին, ինչը ցանկացած քաղաքակիրթ երկրի կարևորագույն և կայուն խավը պետք է լինի: Մենք ջանում ենք մեր նախաձեռնություններով հնարավորինս բարելավել այդ վիճակը: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ նախագահն իր անձնական` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով հսկայական ներդրումներ է կատարում տարբեր ոլորտներում: Օժանդակության բազմապիսի ծրագրեր կան, որոնք ուղղված են ուսանողներին, երիտասարդներին, մտավորականներին, հաշմանդամներին£ Բայց, իհարկե, մեկ անձի բարեկամեցողությամբ խնդիրը չի կարող լուծվել. այստեղ շատ ավելի համակարգված մոտեցման անհրաժեշտություն ունենք: Այո°, անշուշտ, մեր տնտեսության առողջացման կարևորագույն հիմքերից մեկը պետք է լինի երկրում փոքր և միջին ձեռներեցության կայացումը: Եթե այնպիսի հարկային ճնշում է սահմանված փոքր և միջին ձեռներեցության համար, որ ձեռնարկատերն ստիպված է դադարեցնել իր գործունեությունը և համալրել ընչազուրկների բանակը, ապա նման մարտավարությամբ շատ հեռու գնալ չենք կարող: Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, օրինակ` մենք ներկայացրել էինք օրենքի նախագիծ (որի համահեղինակն էի նաև ես): Ըստ այդ օրինագծի` յուրաքանչյուր տարի բյուջեի ծախսային մասի 0.5 %-ը 0-ական կամ շատ ցածր վարկով պետք է տրամադրվի փոքր և միջին ձեռներեցությանը, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել£ Բայց կառավարությունը մեր նախագծին տվեց բացասական գնահատական: Սակայն մենք, անկասկած, պատրաստվում ենք առաջիկայում նորից քննարկել այդ հարցը` կոալիցիոն մեր գործընկերների հետ: Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - Պետք է նախ լինի վստահության մթնոլորտ, հավատ, որպեսզի ձևավորվի միջին խավը: Միջին խավ ասվածը հարաբերական է£ Եթե մենք նայենք եվրոպական մի շարք զարգացած երկրներին, ապա կտեսնենք, որ այսօր որպես այդպիսին միջին խավը բացակայում է և նրանց պարագայում էլ չենք կարող ասել, թե իրապես այն կա կամ քանի տոկոս է կազմում: Ես այսպես եմ պատկերացնում, որ եթե առկա դժգոհությունները մի փոքր մեղմանան, և ժողովուրդն իրեն սոցիալական առումով բեռնաթափված զգա, կարծում եմ` կստեղծվի այն միջին խավը, որին ձգտում ենք և որի գոյությունը ազգաբնակչության կենսամակարդակի որոշակի ցուցիչն է£ Միջին խավը կարող է լինել այն ժամանակ, երբ մարդն իր ապագայի նկատմամբ ունի հավատ և կարող է հոգալ իր ու ընտանիքի կենսական պահանջները£ Այսինքն` սոցիալական առումով` բարդություններից բեռնաթափված լինի, այլ ոչ թե մտածի` ինչպես ցածր վաստակով «յոլա գնալ»£ Հիմնականում պետք է հետևողական լինել` թե° գնաճի, թե° հավատի վերականգնման, թե° վստահության մթնոլորտ ստեղծելու հարցերում: Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցություն -Այո°, իսկապես, ցանկացած պետության ողնաշարը միջին խավն է, և եթե մենք ուսումնասիրենք զարգացած պետությունների բնակչության կազմը, կտեսնենք, որ հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են տվյալ երկրի հասարակությունում գերիշխում£ Պետք է նշեմ, որ շատ լուրջ անելիքներ կան` որպեսզի վերականգնենք կամ ավելի ճիշտ` ձևավորենք այդ միջին խավը: Եկամուտների բևեռացման այն քաղաքականությունը, որ այժմ իրականացվում է, բնականաբար, թույլ չի տալու, որպեսզի ձևավորվի միջին խավ: Բացի այդ, ներկայումս իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ևս թույլ չի տալու, որ ձևավորվի միջին խավ, որովհետև իշխանությունների ամբողջ գործունեությունը հանգում է նրան, որ մենք փորձում ենք եկամուտները ստանալ միջին և փոքր ձեռնարկություններից, իսկ խոշորներին թողնել արտոնյալ պայմաններում` թույլ տալով ազատ գործունեություն ծավալել£ Այս իրողությունն էլ անառողջ մրցակցային պայմաններ է ստեղծում, և չդիմանալով այդ մրցակցությանը` փոքր և միջին խավը գնալով նվազում է: Մի խոսքով, մենք չենք տեսնում այն գործոնները, որոնք հնարավոր է` նպաստեն, որպեսզի միջին խավը կայանա: Արտյուշ ՇԱՀԲԱԶՅԱՆ. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար - Իսկապես այդ իմաստով մեզանում նույնիսկ վտանգավոր իրավիճակ է£ Առհասարակ, բոլոր դեպքերում և ցանկացած երկրում վտանգավոր է, երբ կա խիստ բևեռացում` շատ աղքատ և շատ հարուստ խավեր: Իսկապես միջին խավն է, որի ձևավորմամբ հավասարակշռություն է ստեղծվում հասարակության մեջ: Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե կառավարությունն ըմբռնում է դա ու ճիգ է գործադրում` ինչ-որ ձևով պայքարելու այդ երևույթների դեմ: Խորհրդարան բերվող հիմնական օրենքները վերաբերում են հարկային դաշտին, սակայն մենք տեսնում ենք, որ դրանց ենթատեքստում պակասում է համարձակությունը£ Այսինքն` հարկային բոլոր փոփոխություններն ի վերջո հարվածում են փոքր և միջին խավին: Եվ իրոք` միջին խավը մեզանում վերացավ, դարձավ աղքատ կամ իր գոյությունը մի կերպ ապահովող բազմահազարանոց զանգված£ Այդ միջին դասն իմ կարծիքով հնարավոր է ձևավորել, եթե լինեն հարկային մեղմացումներ, արտոնություններ այդ խավի համար, բանկային և վարկային արտոնություններ: Այսօր, կարծես թե, բանկերից օգտվելու իրավունքն էլ վերապահված է կրկին օլիգարխիկ տնտեսություն ունեցողներին, իսկ մյուս բևեռի համար շատ վտանգավոր է մտնել այդ ոլորտ, քանի որ մեր բանկերը զբաղված են վաշխառութամբ` փող են վերցնում Կենտրոնական Բանկից և վաճառում են ժողովրդին: Բազում անգամներ հնչեցվել է, որ Հայաստանում փող է վաճառվում ժողովրդին. այսինքն` այն տոկոսները, որոնցով բերված վարկերը տրամադրվում են հասարակությանը: Հետևաբար նաև վարկային տոկոսների մեղմացում պետք է լինի` բանկերն էլ պետք է նպաստեն, որպեսզի այդ միջին խավը սկսի զարգանալ: Մարդը պետք է հնարավորություն ունենա ազատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, որը նրա համար շատ վտանգավոր է, երբեմն նաև անհնարին£ Փորձիր հանկարծ մտնել որևէ ոլորտ. եթե միամիտ մարդ ես ու այդպիսի փորձ անես, ապա հանկարծ կխփեն ոտքիդ և կհասկանաս, թե այդ ոլորտի տերը ով է, ու քեզ կբացատրեն` ում դեմ ես դուրս եկել: Պետությունը պետք ապահովի ազատ ձեռնարկատիրության զարգացումը: Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ. Անկախ պատգամավոր - Հայաստանում միջին խավ, կարող ենք ասել` չկա, իսկ մեր պետության պես երկրի համար սոցիալական բևեռացումը կարող է կործանարար լինել: Կան որոշակի հաշվարկներ, որ հասարակության հարուստ խավի եկամուտները 25-30 անգամ ավելի են. խոսքը վերաբերում է միայն հայտարարագրված տվյալներին: Աշխարհագրական և աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող Հայաստանի համար կարող է կործանարար լինել «պետությունը պատկանում է հարուստներին, իսկ հայրենիքն` աղքատներին» բանաձևի կիրառումը, երբ պետության բարիքներից օգտվում են հարուստները, իսկ Հայրենիքը պաշտպանում են աղքատները: Երբ խոսում են սոցիալիզմի շվեդական մոդելի մասին, նորվեգական հրաշքի մասին, ապա այդ երկրներում վերը նշված միջին խավը վճռական դերակատարություն ունի: Աղքատների և հարուստների ընդգծված հակասություն չկա. դրանք ներդաշնակ զարգացող հասարակություններ են: Ինչ վերաբերում է միջին խավ ստեղծելուն, ապա ես պատրաստի դեղատոմս չեմ կարող առաջարկել, բայց մարդկության պատմության փորձը վկայում է, որ եթե երկրում անց են կացվում ազատ, անկախ ընտրություններ, հարգվում է օրենքը, ապա նոր մեթոդներ հնարել պետք չի: Ժողովուրդն իր կամքով պետք է ձևավորի համապատասխան իշխանություն, որն էլ պետք է ծառայի ժողովրդին ու գիտակցի, որ ինքը մշտական չի և ընտրության արդյունքում կարող է իր տեղը զիջել այլոց: Ինչպես ասել է Չերչիլը` դեմոկրատիան կառավարման ձևերից ամենակատարյալը չէ, բայց մարդկությունը դրանից ավելի լավն առայժմ չի ստեղծել: Մարդկության պատմության ընթացքում ապացուցվել է, որ այն ազգերն են դարձել քաղաքակիրթ, որոնք այս ճանապարհով անցել են և սովորել են իրենց սխալների վրա` լուծելով ներդաշնակ հասարակություն լինելու գերխնդիրը£ Այժմ մենք մեկ առավելություն ունենք` փորձը գոյություն ունի, և դրանից կարող ենք օգտվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ