Թուրքիան աննախադեպ աշխուժություն է դրսևորում


 

Այն, որ Իրանին ու Սիրիային ծնկի բերելը վաղուց արդեն ԱՄՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է` հայտնի է և որոշակի իմաստով` հասկանալի ու օրինաչափ: Բայց հատկապես վերջերս այս հարցերում աննախադեպ ակտիվություն է դրսևորում Թուրքիան: Ինչո՞ւ է Թուրքիայի «հայտնի մասը» այդչափ մրմռում հատկապես Սիրիայի խնդրում: Ասել, թե հումանիզմի և ժողովրդական արժեքների նկատմամբ անզուսպ սիրուց է դա` անհեթեթ և ծիծաղելի կհնչի: Իսկ ի՞նչն է իրական պատճառը, որ Թուրքիայի արտգործնախարարը մի քանի հերթական սպառնալից արտահայտություններ հնչեցնելով Սիրիայի հասցեին, «ափալ-թափալ» վազեց Վաշինգտոն: Պարզից էլ պարզ է, որ նա անձամբ լոբբինգ է իրականացնելու ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը չեզոքացնելու, ցեղասպանության ընդունման կողմնակից կոնգրեսականներին տարհանելու և նոր բանաձևերի ընդունումը կանխելու ուղղութ յամբ: Տարօրինակ ու տարակուսելի է թվում Թուրքիայի ցանկությունը` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ԱՄՆ-ի հետ քննարկումներ նախաձեռնել:

Դե, ոնց չասես` գոնե այստեղ քիթդ մի խոթիր: Բոլոր դեպքերում որոշակի կասկած է առաջանում, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս ենթադրել, որ Դավութօղլուի ԱՄՆ կատարած այցի թիվ մեկ նպատակը բոլորովին էլ Սիրիայի ժողովրդի նկատմամբ սրտացավությունը չէ, այլ` ԱՄՆ-ին հերթական անգամ «օճառվելը» և Հայոց ցեղասպանության ընդունման կանխարգելումը:

Ի դեպ մի փոքր նրբություն, որն անտեսել չի կարելի: Բոլորովին էլ չի բացառվում, որ Ասադի նկատմամբ Թուրքիայի ատելությունը պայմանավորված լինի վերջինիս` Հայաստանի նկատմամբ ջերմ հարաբերություններով: Մասնավորապես` նկատի ունենալով Ասադի պաշտոնական այցը Հայաստան և կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերումը: Եվս մեկ հավելում. իր երկրի կարևորությունը շեշտելու նպատակով Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու Մեդվեդևի հետ, իբր Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման Անկարայի ծրագիրը նրա հետ քննարկելու նպատակով: Բնականաբար դա տեղի է ունենալու այդ, առայժմ անհայտ ծրագիրը Քլինթոնին ներկայացնելուց հետո միայն: