ՏԻԳՐԱՆ ՄԵԾՆ ԱՐՁԱՆ ԿՈՒՆԵՆԱ


 

Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից, Տարոն Մարգարյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում արծարծվել է մայրաքաղաքում հայոց աշխարհակալ արքայի արձանը տեղադրելու հարցը: Իհարկե, վերջնական որևէ որոշում չի կայացվել, ամեն ինչ թողնվել է ավագանուն և քաղաքի գեղարվեստական խորհրդին: Սակայն ակնհայտ է, որ վերջապես մտահոգություն է առաջացել, նոր քաղաքապետը վճռական տրամադրվածություն է հանդես բերել:

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծի արձանը տեղադրելու հարցն օրակարգում է հայտնվել դեռևս

Հանրապետության հրապարակից Լենինի արձանն ապամոնտաժելուց հետո, սակայն նախկին քաղաքապետերն այդպես էլ վերաբերմունք չէին դրսևորել` ամեն ինչ թողնելով երկրի իշխանություններին... Հիմա արդեն խնդիրը կարծես հանգուցալուծվում է: Մեր ունեցած տվյալներով` Տիգրան Մեծի արձանի հեղինակ է դառնալու քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյանը` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբայրը: Թե երբ մայրաքաղաքը կունենա երկար սպասված արձանը` քաղաքապետարանում չհստակեցրին: