Աստվածածնի գոտին` 70 միլիոն


 

Չէ, այդ սուրբ մասունքը չէր կարող այդքան էժան վաճառվել. խոսքն աճուրդի մասին չէ:

Սուրբ Տիրամոր գոտին Մոսկվա էր բերվել անցյալ տարեմուտին` նոյեմբերի 19-ին, Անդրեյ Պերվոզվաննիի հիմնադրամի նախաձեռնությամբ: Դժվար չէ պատկերացնել ստեղծված իրարանցումը Քրիստոս Փրկչի տաճարում, որտեղ ցուցադրվում էր մասունքը: Ուխտավորներն օրերով հերթ են կանգնել` այն տեսնելու փափագով, իսկ հերթը ձգվել է 4,5 կիլոմետր: Տաճարի շրջակայքում սահմանափակվել է երթևեկը: Շուրջ 1000 հավատացյալների ստիպված են եղել բուժօգնություն ցուցաբերել. նրանցից 100-ին տեղափոխել են հիվանդանոց` հիմնականում` ցրտահարվելու և ուշագնացությունների պատճառով:

Իրարանցումն ու տառապանքները վաղուց ավարտվել են, բայց պարզվում է, որ ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները ձեռնարկություններին 70 մլն 680 հազար ռուբլի փոխհատուցում պետք է վճարեն` այդ օրերին նրանց կատարած ծախսերի դիմաց: Հերթերը պահպանելու, ներխուժումները կանխելու նպատակով այդ օրերին միաժամանակ 82 հազար մարդ շարասյուն է կազմել, տեղում շուրջօրյա հերթապահել է շտապօգնության 25 բրիգադ: Բացի այդ, առանձնացվել է 200 ավտոբուս, որոնցում պարբերաբար տաքացել են հավատացյալները: Հարյուրավոր զուգարաններ են տեղադրվել, 80 հազար բաժին անվճար շիլա և 95 հազար բաժակ թեյ է բաժանվել:

Այն ժամանակ փոխքաղաքապետ Ալ-Գորբենկոն հայտարարել է, թե այդ ամենը կոպեկներ են, որոնցով ինքը չի էլ հետաքրքրվել (տեղեկացրել է LentΖ-ru-ն):

Ութանիշ թվով արտահայտվող այդ «կոպեկներն» այնուամենայնիվ, մոսկովյան իշխանությունները ստիպված են վճարել: