«Ի պետս քաջության»


 

Ոստիկանության հերթական ստուգայցը Կենտրոն և Շենգավիթ համայնքներում գտնվող նրանց հնարավոր հավաքատեղիներում էր, որի ընթացքում մոտ չորս տասնյակ մարմնավաճառ հայտնաբերվեց:

Այդ «գիշերային թիթեռնիկներից» մեկն էր միայն 50-ի սահմանագծին, մյուսները հիմնականում 20-30 տարեկաններ էին: Հայտնաբերվեցին նաև երկու համասեռամոլ` 19-21 տարեկան:

24-ամյա Նարինե Մ.-ն մինչև վերջերս գրեթե ոչնչով չէր առանձնանում մշտական հավաքատեղիում «որսի» ելնող մյուս «գործընկերուհիներից»: Այդ օրը նա կտրուկ առանձնացավ մյուսներից. հարբած լինելու պատճառով խախտեց քրեական օրենսգրքի 316 հոդվածը (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և հայտնվեց ոստիկանությունում: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է դատարան:

Նախաքննական մարմնին տված խոստովանական ցուցմունքում Նարինե Մ.-ն նշել է, որ զղջում է կատարածի համար և մեղմ պատիժ է հայցում: Մեղմ պատիժն, ինչ խոսք, դատական մարմնի խնդիրն է, պարզապես լավ կլիներ, որ կնոջ զղջումը իրական լիներ, գիտակցված, այլ ոչ թե մեղմ պատժի ակնկալիքով:

Նա մարմնավաճառությամբ զբաղվում էր` երբ դեռ անչափահաս էր: Հիմա խնամքին մանկահասակ դուստր ունի. գիշերները «գործի» գնալիս նրան մոր մոտ է թողնում: Նարինեն «արդարանում է»` իբր դստերը պահելու, կերակրելու համար է դրանով զբաղվում:

... Այդ օրն էլ սովորական «աշխատանքային» օր էր, և նա ընկերուհիների հետ «գործատեղում»` Բագրատունյաց փողոցի սկզբնամասում, հաճախորդ էր «կպցնում»: Տնից դուրս գալուց առաջ մի քանի բաժակ օղի էր դատարկել, բայց ոչ թե «ի պետս քաջության», այլ խմիչքի հանդեպ «սիրուց»:

Գիշերվա ժամը 11-ի կողմերն էր, երբ մարմնավաճառուհիները նկատելով մոտեցող ոստիկաններին` փախան: Նարինեն մնաց տեղում. օղին այնպես էր «զորեղացրել», որ ոչ մի ահ չէր կարող պատել նրան:

Տարածքում ծառայություն կատարող ոստիկանները մոտենալով` դիտողություն են անում մարմնավաճառ կնոջը` պահանջելով հեռանալ:

- Չեմ էթում, ստեղ պտի կայնեմ,- արհամարհական նետում է նա ու մեխվում տեղում:

Ոստիկանները կրկնում են օրինական պահանջը: Օղու և «մասնագիտության» ազդեցությունից անբռնազբոս դարձած կինը սկսում է հայհոյել ոստիկաններին, քաշքշում համազգեստից: Հետո անսպասելի բռնում է ոստիկաններից մեկի ձեռքն ու կծում...

Հարբած ու անզուսպ կնոջն, ի վերջո, պարեկային մեքենայով բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին: