ՑԱՆԿԱԼԻՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԸ


Գյուղոլորտը մի տեսակ սպասողական վիճակում է հայտնվել: Նախորդ ամիսների բուռն ոգևորությունը ակնհայտորեն մարել է, և խոստումներով հարուստ ծրագրերի առաջին արդյունքները տեսնելու ժամանակներն են եկել: Ոլորտի պատասխանատուները «մտահոգիչ է», «անհրաժեշտ է» ձևակերպումներով այլևս հեռուստաէկրաններին չեն հայտնվում, թեև արդեն շուկա հասած առաջին բերքի գները վկայում են, որ այս տարի ևս լավատես լինելու հիմքեր կարծես չկան: Որքան էլ չկոնկրետացվի` հունիսին վաճառվող մրգերի ու բանջարեղենի բերքը արդարացրե՞լ է սպասելիքները, թե՞ ոչ, այսուհանդերձ, այս օրերին վաճառվող մրգի ու բանջարեղենի գինը սովորականի նման հիասթափեցնող է: Վստահ կարելի է արձանագրել, որ այս առումով ոչինչ չի փոխվել: Ամեն դեպքում, եթե փորձենք կռահել արդեն ստացված բերքի ծավալը, ապա լավագույն դեպքում այն բավարար կարող ենք համարել: Միգուցե նախորդ տարվա խորհրդանշական չափերն իսկապե՞ս գերազանցվել են, բայց, ինչպես և կանխատեսվում էր, հայկական այգիներից ռուսական շուկաների մեծ սպասումներն ըստ երևույթին իրականանում են: Այսինքն, ինչ¬որ մարդիկ հայկական միրգն ու բանջարեղենը սկսել են ակտիվորեն արտահանել, և արդյունքում` տեղական շուկայում որևէ մրգի ավելցուկ ակնհայտորեն չկա: Վկա` գերբարձր գները: Ոլորտի պատասխանատուները թեև նախորդ տարվա երաշտից հետո սկսել էին լավատեսորեն նայել գյուղատնտեսության հեռանկարներին, բայց, ինչպես երևում է, ժամանակի պակասը նրանց խանգարել է, և բազմաթիվ գործնական ծրագրեր նրանք հիմա էլ են ապագային վերագրում: Մասնավորապես, նոր գյուղնախարարը նշանակվելուն պես բարձրաձայնեց թունաքիմիկատների ու պարարտանյութերի բարձր գների մասին, բայց մտահոգությանը հաջորդած տևական լռությունը հուշում է, որ Սերգո Կարապետյանը հասկացել է գնանկման անհնարինությունը: Ճիշտ է, այս բիզնեսով զբաղվողները շահույթները ոչ թե 10-20 տոկոսներով, այլ, ինչպես ասում են, մեկին¬մեկ տարբերակով են հաշվում: Եվ, ըստ երևույթին, այդպես էլ չի հաջողվել նրանց ախորժակները չափավորել: Գյուղոլորտի զարգացմանը խոչընդոտեցին ոչ միայն թույների բիզնեսի «աննկուն» տերերը, այլ նաև բնության տարերքը: Բանկերն էլ իրենց հերթին խոստացան, բայց ցածր տոկոսադրույքով վարկեր մասնակիորեն տրամադրեցին: Այստեղ էլ ինչ¬ինչ տեխնիկական խնդիրներից առաջացած խոչընդոտների մասին խոսվեց... Արդյունքում հողերի մի մասը նորից պարապ մնաց` տերերի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Նշված խնդիրները դեռ մեկ¬երկու ամիս «սառած» կմնան: Սակայն խոստում¬արդյունք ընթացքի միջնամասին` կատարված աշխատանքին անդրադառնալու ժամանակն էլ բնականաբար չի ուշանա: Տպավորիչ ասելիք, իհարկե, չի լինի: Բայց գյուղոլորտի (և ոչ միայն) պատասխանատուները գոնե սեփական դառը փորձից կիմաստնանա՞ն այնքան, որ կարողանան խոստովանել, թե ցանկալին դեռ իրականը չէ: Իրականի համար իրատեսություն է պետք: Առնվազն: