Պատրաստ եմ մարտի...


Անամպ երկնքի ներքո խաղաղ ու անհոգ ապրում, արարում է հայը, քանի որ սահմանում կանգնած է հայրենյաց պաշտպանը: Կանգնած է ամուր, հաստատուն, վճռական, որ խաղաղ ու ավետաբեր լինեն մեր երկրի առավոտները: Մարտական հենակետում խաղաղությունը հարաբերական է. երբեք չի լռում զենքի մահաշունչ որոտը: Բայց կանգուն է մեր անվտանգության երաշխավոր զինվորը` սահմանի արթուն պահապանը: Ինչ է զգում նա, երբ հակառակորդն այդքան մոտ է, երբ գիտակցում է, որ նաև իր ուսերին է ժողովրդի անվտանգությունն ապահովելու անչափ մեծ պատասխանատվությունը: Իրենց մտորումները մեզ հետ կիսեցին Տավուշի մարտական հերթապահութ յուն իրականացնող զորամասերից մեկի զինվորները: Վահան ՔԱՐՏԱԼՅԱՆ - Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը: Գտնվում ենք մի վայրում, որը քարտեզի վրա գծված է կարմիր գծով: Պատասխանատվությամբ պաշտպանում ենք մի փոքրիկ հատված, որով կարող է թշնամու մեծ ուժ ներխուժել: Մարտական հենակետում առաջինը ոգևորությունն է, քանզի գիտակցում ես, որ հայրենիքիդ պաշտպանն ես, ու նաև քո շնորհիվ է այս խաղաղությունը: Ինչ-որ չափով նաև վախ ես զգում, սակայն ոգևորությունն ավելի մեծ է, և հաղթահարում ես վախը: Մեծ հպարտություն է հայրենիքին ծառայելը: Արմենակ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. կրտսեր սերժանտ - Ասում են` բանակում պարտքդ ես կատարում: Բայց դա պարտք չէ, այլ պարտավորություն: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է պաշտպանի իր երկիրը: Հպարտություն եմ զգում ոչ միայն նրա համար, որ հայրենիքիս սահմանն եմ պաշտպանում, այլ նաև` որ հարազատներս ու մեր բոլոր հայրենակիցներն անվտանգ են, կարողանում են խաղաղ պայմաններում ապրել և չմտածել, թե ինչ է կատարվում սահմանում, որովհետև մենք այնտեղ ենք: Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ. կրտսեր սերժանտ - Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայոց բանակում ու մանավանդ մեր զորամասում: Ոչ մի բանից չեմ վախենում: Պաշտպանում եմ հայրենիքս, ծնողներիս, հարազատներիս ու բոլորին: Ինձ օգնում է նաև հրամանատարներիս վերաբերմունքը` սերը, հարգանքը: Նրանց ուշադրության շնորհիվ հենակետում մեր ծառայությունն անցնում է անվտանգ: Ահա այսպես, իսկական հայ զինվորին վայել համարձակությամբ ու խիզախությամբ են նրանք պաշտպանում մեր սահմանները: Զինվեք վճռականությամբ ու պողպատե կամքով: Դուք անպարտելի եք, քանի որ զինվորն եք մեր հաղթանակած բանակի: Նշան ԹԵՄՈՒՐՅԱՆ - Անսահման է հպարտությունը, երբ սահմանում եմ, քանի որ պաշտպանում եմ իմ հայրենիքը: Հպարտ եմ, որ ես սահմանում կանգնած եմ, իսկ մարդիկ ապահով են, հանգիստ: Մենք հուսալիորեն պաշտպանում ենք մեր սահմանը: Բնականաբար վախ էլ կա, հատկապես սկզբնական շրջանում, սակայն կարողանում ենք հաղթահարել: Հայրենիքն իր պաշտպանների կարիքն ունի: Ու հայրենիքը սկսվում է բանակից:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ