Բանկի˜ր եմ ասել


 

Հետխորհրդային բացառիկություն է երևի, անկախացած քո երկրում` կարևոր չէ, թե ինչ ճանապարհով, այնքան տռզեցնես քսակդ, որ երբ կողոպտածդ պետությունը քո դեմ քրգործ հարուցի` հասնես ամենաազդեցիկ արտասահմաններ ու էնտեղի տեղացիներին ապշեցնես քո շքեղությամբ: Զորօրինակ` «Մոսկվա բանկի» նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինը: ՌԴ մայրաքաղաքի քաղաքային բյուջեից ավելի քան 12,5 միլիարդ ռուբլի յուրացնելու փաստով 2010-ին նրա նկատմամբ գործ էր հարուցվել: Իհարկե, ոչ միայն նրա: Բայց ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած այդ գործին անդրադառնալ չարժե, որովհետև գլխավոր բանկիրը հավանաբար մոռացել է այդ մասին: Բայց օրերս նա իր մասին խոսել տվեց մեծբրիտանացիներին: The SundΖy TiΗes թերթի տարածած տեղեկատվությամբ` Անդրեյ Բորոդինն Անգլիայում ձեռք է բերել ամենաթանկ առանձնատունը` 140 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 217 միլիոն դոլար) արժողությամբ: Արդեն նրան պատկանող կալվածքում կա ուղղաթիռների թռիչքահրապարակ, առողջարանական համալիր, գոլֆի մարզադաշտ, ձիերի ախոռ և նավակայան: Նախկինում այս ամենը պատկանել է արքայազն Ֆեդերիկ Ուելսկուին և մի հույն նավատիրոջ:

Առեղծվածներից մեկն էլ այն է, որ այս տարեսկզբին Մեծ Բրիտանիան Անդրեյ Բորոդինին մերժել էր քաղաքական ապաստան տալ: Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բրիտանական իշխանություններին հարցում էր ուղարկել` Բորոդինի արտաքսման առնչությամբ:

Պետությունները թող իրար հետ շարունակեն հարցուպատասխան վարել, իսկ «խնդրո առարկա» էքս-բանկիրն իր վայելքներն է շարունակում: