Չի բացառվում, որ Թուրքիան հայտնվի իր իսկ լարած թակարդում


Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարծես սառը ցնցուղի էֆեկտ առաջացրեցին ոչ միայն դաշնակից երկրների, այլև միջազգային վերլուծաբանների շրջանում: Մինչ աշխարհը շունչը պահած սպասում էր, թե ընտրություններում ինչ դիրքերում կհայտնվի Էրդողանի գլխավորած «Արդարություն և արգացում» կուսակցությունը և արդյո՞ք Թուրքիայի ընդդիմությունը նոր հաղթանակ չի տոնի, իշխանություններն օգտագործելով բոլոր լծակները, կարողացան առավելագույն արդյունքի հասնել: Այսօր արդեն Էրդողանը կարող է երկիրը կառավարել այնպես, ինչպես սիրտը կուզի: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ տեսակետ հնչեցրեցին, թե Արևմուտքը պատանդի կարգավիճակում է հայտնվել Էրդողանի ձեռքին: Որքանո՞վ են այս և այսօրինակ կանխատեսումներն իրատեսական. արդյո՞ք Էրդողանի Թուրքիան իր ներքին և արտաքին խնդիրները թոթափելու համար չի նպաստի տարածաշրջանային հետագա լարվածությանը:

Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի, նրա ներքին և արտաքին խնդիրների մասին է զրույցը թուրքագետ Հակոբ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով ռուս-թուրքական հարաբերություններն այսօր զարգացման ի՞նչ միտում ունեն: Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է, որ դա անդրադառնա նաև մեր երկրի կայունության վրա:

- Չեմ կարծում, թե կանդրադառնան մեր երկրի վրա, քանի որ մենք Թուրքիայի հետ որպես այդպիսին հարաբերություններ չունենք: 1991-ից Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Հայաստանի նկատմամբ նրանց թշնամական հարաբերություններն ամենևին էլ չեն փոխվել: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ որոշակի տարաձայնություններ էին առաջացել տարբեր պատճառներով: Դրանցից մեկն այն էր, որ Էրդողանի կառավարությունը իսլամական ուժերի հանդեպ բարյացակամ վերաբերմունք էր դրսևորում, ինչի հետևանքով էլ սրվեցին Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ: Եվ, անշուշտ, այս պայմաններում Թուրքիան հավասարակշռությունը պահպանելու համար փորձեց մերձենալ Ռուսաստանի հետ:

Սակայն, երբ Ռուսաստանը միջամտեց սիրիական պատերազմին, Անկարան այդ հնարավորությունից էլ զրկվեց: Եվ եթե նա շարունակի սատարել ջիհադականներին, ապա իր հարաբերությունները շատ ավելի կսրվեն արտաքին աշխարհի հետ: Քանի որ Սիրիայի հանդեպ նրա նկրտումները չիրականացան, ապա պետք է սպասել, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ է´լ ավելի կսրվեն: Ընդ որում, բավականին մեծ է Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից, և եթե Ռուսատանի հետ հարաբերությունները շատ սրվեն, ապա Թուրքիան փաստի առջև կկանգնի:

- Հղում անելով պատմությանը, կարող ենք արձանագրել, որ մշտապես Ռուսաստանը և Թուրքիան առաջին հայացքից սրված հարաբերություններ են ունեցել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չի եղել: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ նույնպես դա ձևական բնույթ չի կրի, քանզի հայտնի է, որ Ռուսաստանը բավականին մեծածավալ ծրագրեր է իրականացնում` ատոմակայան է կառուցում Թուրքիայում և ամենայն հավանականությամբ այդքան ճոխություն չի կարող թույլ տալ իրեն և հրաժարվել նման խոշորամասշտաբ ծրագրերից:

- Ռուսաստանի շահերը Սիրիայից ավելի մեծ են, քան Թուրքիայից: Սատարելով Ասադի վարչակարգին` Ռուսաստանը փաստորեն ապահովում է իր քաղաքական ներկայությունը Սիրիայում: Դա նշանակում է, որ ամրապնդում է իր ներկայությունը նաև տարածաշրջանում: Եվ եթե հանուն Թուրքիայի Ռուսաստանը դուրս գա սիրիական տարածքից, կնշանակի, որ դուրս է գալիս նաև մերձավորարևելյան տարածաշրջանից: Ինչ վերաբերում է պատմությանը, ապա 21-րդ դարում պատմական նախկին ավանդույթները բավականին փոխվել են: Աշխարհը դարձել է միաբևեռ. այն Միացյալ Նահանգների և նրա շուրջ ձևավորված ավելի փոքր տերությունների միավորում է: Եթե վերցնենք Եվրամիությունը որպես երկրորդ բևեռ, ապա Միացյալ Նահանգները լինելով դաշնակից այդ ուժին, թույլ չի տվել, որ այն որպես բևեռ զարգանա: Ինչ խոսք, Ռուսաստանը և Չինաստանը կարող են ձևավորել մեկ այլ բևեռ, որը, սակայն, դեռ չի ձևավորվել: Այսինքն 21-րդ դարում շահերը բոլորովին այլ են, քան նախորդ դարերում է եղել:

- Գերտերությունների կեցվածքից պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներին և Արևմուտքին Թուրքիայի ակտիվացումը դուր չի գալիս, և դա էր պատճառը, որ Ռուսաստանն իրեն իրավունք վերապահեց միջամտել սիրիական խնդրին` տողատակում անշուշտ պաշտպանելու համար նաև իր շահը: Բայց Թուրքիան կարծես թե դրանից չի ընկճվում և շարունակում է իր գիծը տանել` օժանդակել ԻՊ խմբավորման գրոհայիններին:

- Թուրքիայի ակտիվացումը, այո, դուր չի գալիս նրանց, քանի որ այն սերտացել է բոլոր ծայրահեղական միավորումների հետ: Հիմա, սակայն Անկարան նրանց լքելու հնարավորություն չունի, որովհետև ինքը կհայտնվի նրանց թիրախում: Մահապարտները Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ, պայթյուններ կկազմակերպեն, ինչը արդեն արվել է: Այնպես որ, Թուրքիայի վիճակը բավական լուրջ է:

- Տեսակետ կա, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները Էրդողանին թույլ կտան ավելի անկառավարելի կեցվածք ընդունել և ագրեսիվ պայքարի մեջ մտնել ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ:

- Նա անկառավարելի է, որովհետև խճճվել է իր խնդիրների մեջ և չի կարողանում դուրս գալ: Թուրքիան ունի և´ ներքին, և´ արտաքին խնդիրներ: Բացի այդ, նա չունի մի հարևան, որի հետ խնդիրներ չունենա: Իրանում, Սիրիայում դեսպաններ չունի, Արևմուտքի հետ ունի լուրջ տարաձայնություններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ Թուրքիան պետք է դադարեցնի ՏԿԿ-ի դեմ գործողությունները և պետք է կենտրոնանա Իսլամական Պետություն խմբավորման դեմ պայքարելու: Եթե Թուրքիան շարունակի իր որդեգրած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, ապա չի բացառվում, որ նրա խնդիրներն ավելի կխորանան:

- Ասում եք Էրդողանը խճճվել է իր ներքին և արտաքին խնդիրների մեջ, բայց փաստն այն է, որ Էրդողանին հաջողվեց ներքին դաշտում քրդական խնդիրը հօգուտ իր կուսակցության օգտագործել և նույն քուրդ ընտրողների ձայների հաշվին նման արդյունքներ արձանագրել:

- Հունիսյան ընտրություններից հետո Էրդողանի կուսակցությունը 40 տոկոս ձայն էր ստացել, իսկ ընդդիմությունը, բնականաբար` 60 տոկոս: Ընտրողները տեսան, որ 60 տոկոս ձայն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան կոալիցիոն կառավարություն կազմել: Տեսան նաև, որ ընդդիմության վրա հույս դնել չի կարելի, ուստիև շատ ընտրողներ շուռ եկան դեպի Էրդողանը: Բացի այդ, կար շանտաժի և սպառնալիքների, վախի մթնոլորտ: Երկրի քրդական շրջաններում ակնհայտ սպառնալիքների են դիմել իշխանությունները, և փաստորեն երկրի հարավ-արևելյան ու արևելյան շրջաններում ընտրողները քվեարկել են զինվորականների կամ ոստիկանության ներկայությամբ: Այսինքն, վախի ու սպառնալիքի տակ են քվեարկել և այդ է պատճառը, որ Էրդողանի կուսակցությունը կարողացել է 5 մլն ձայն ավել ստանալ:

- Իսկ մինչ այս պահն արդյո՞ք գերտերությունների ղեկավարներն արդեն շնորհավորել են Էրդողանին:

- Այո, Սպիտակ Տան ներկայացուցիչն է շնորհավորել, բայց և ասել է, որ իրենք Թուքիային կոչ են անում հարգել սեփական Սահմանադրությունում ամրագրված դրույթները` մարդկանց ազատությունը և համամարդկային արժեքները: Այսինքն, սեփական Սահմանադրությունը հարգելու կոչ անելը դիվանագիտության լեզվով շնորհավորելու շատ կոպիտ ձև է:

- Տպավորությունն այնպիսին է, որ կենտրոնանալով իր ներքին և արտաքին խնդիրների վրա, պաշտոնական Անկարան աչքաթող է արել իր փոքր եղբորը` Ադրբեջանին: Արդյո՞ք Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ նոր սցենարներ չի պատրաստել` Ադրբեջանին ևս ներգրավելու և այդ համատեքստում Հայաստանի հանդեպ նոր լարվածություն սադրելու համար:

- Մենք 1991 թվականից Թուրքիայի բոլոր սպառնալիքներին դիմակայել ենք և իմունիտետ ունենք: Ես չեմ կարծում, թե դա նորություն է մեզ համար: Ի դեպ, թուրքերը Իլհամ Ալիևով հիացած չեն և օրինակ Իսրայելի հարցում նրանց քաղաքականությունը բոլորովին չի համընկնում: Այսինքն, նրանց միջև շատ տարաձայնություններ կան: Նրանք մեկ ազգ երկու պետություն են միայն այն ժամանակ, երբ խնդրո առարկա է դառնում իրենց համար անասնական բնազդ դարձած հայատյացությունը: Յուրաքանչ յուրն իր շահերից է նայում խնդիրներին, և միայն հայատյացությունն է, որ միավորում է նրանց:

- Այսինքն Թուրքիան նոր բախումներ չի՞ հրահրի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

- Չեմ կարծում: Եթե կարողանային, ապա դեռևս 1991 թվականին կմիջամտեին, երբ Հայաստանը ո´չ բանակ ուներ, ոչ էլ Ռուսաստանի հետ տարբեր համաձայնագրեր:

- Իսկ Թուրքիայում քրդերն այս ճնշումներից հետո կխաղաղվե՞ն, թե՞ կշարունակեն պայքարել :

- Եթե Թուքիան դեպի քրդերն ընդառաջ քայլ չկատարի, ապա քրդերը չեն խաղաղվի: Պարետային ժամ են հայտարարում 8-ից 10 օրով, դիպուկահարները փողոց դուրս եկողներին սպանում են և հարազատներին էլ չեն թողնում, որ դիակները տանեն: Այնպես որ` ներքին խնդիրներն այնքան շատ ենΚ

- Ամփոփելով զրույցը` ի՞նչ կասեք` առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

- Առաջիկայում քրդերի հետ բախումները կշարունակվեն: Իհարկե Էրդողանի կուսակցությունը կառավարություն կկազմավորի և հավանաբար Դավութօղլուն կդառնա վարչապետ: Նոր խորհրդարան կձևավորվի, և Էրդողանը, խախտելով իր սահմանադրական լիազորությունները, կգործի որպես լիարժեք նախագահ: Դավութօղլուն էլ կդառնա նրա խամաճիկը: Քրդական հարցից բացի կսրվեն նաև ալևինների հետ հարաբերությունները թուրքական պետական մարմինների հետ, որոնք մոտավորապես 20 միլիոն են կազմում այդ երկրում: Մյուս կողմից էլ Թուրքիան կշարունակի ջիհադիստական մարդասպաններին հովանավորել, ինչի հետևանքով կշարունակվեն սրվել հարաբերութ յունները իր դաշնակիցների հետ:

- Փաստորեն, դեռ երկար ժամանակ անհանգի՞ստ է լինելու:

- Այո, անհանգիստ է լինելու: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ