«Երաշխիք` արկածախնդիր քայլերից»


Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարների կողմից ստորագրված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշման կապակցությամբ «Արմենպրեսի» թղթակցի հարցերին է պատասխանել ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ - մայոր Հայկ Քոթանջյանը: - Ձեր կարծիքով Հայաստանի ազգային անվտանգության համար ինչպիսի՞ նշանակություն ունի ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումը: -Այս որոշումն արտացոլում է ինչպես Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ազգային անվտանգության ռազմավարական գերակայությունները, այնպես էլ, ամբողջությամբ վերցրած, կազմակերպության հավաքական անվտանգությունը` նրա պատասխանատվության սահմաններում: Գագաթնաժողում ընդունված որոշումն ամուր քաղաքական, իրավապայմանագրային և ռազմական հիմք է ստեղծում ՀԱՊԿ անդամ-երկրներից որևէ մեկի դեմ ագրեսիայի հավաքական դիմագրավման համար: Հաշվի առնելով անցյալ տարի օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմի տխուր փորձը, ագրեսիային հակազդելու իրական մեխանիզմի ձևավորումը Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հույս փայփայող գործիչներին զսպելու լրացուցիչ երաշխիք է արկածախնդիր քայլերից, որոնք սպառնում են միջազգային անվտանգության խախտմամբ` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ անդրտարածաշրջանային մասշտաբով: ՀԱՊԿ հավաքական ռազմական բաղադրիչի ձևավորումը, որն իր մեջ ներառում է նաև իրավապահ մյուս ծառայությունների և արտակարգ իրավիճակների նախարարությունների տարրեր, թույլ կտա նաև բարձրացնել հավաքական պայքարի արդյունավետությունը միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, նարկոտրաֆիկի, բնական և տեխնածին աղետների դեմ: -Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համակարգում կա՞ն նման որոշումների ընդունման այլ նախադեպեր: -Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ որոշումը վկայում է նրա զարգացման դինամիզմի մասին` օգտագործելով միջազգային լավագույն փորձը, այդ թվում` ՆԱՏՕ-ինը: Այս որոշումն իր էությամբ արտացոլում է կազմակերպության բոլոր անդամների հավաքական պատասխանատվության սկզբունքը նրանցից յուրաքանչ յուրի անվտանգության համար, որոնք նաև արդյունավետ գործում են Եվրատլանտյան դաշինքի համակարգում: -Այս որոշումը որքանո՞վ եք համատեղելի համարում Հայաստանի որդեգրած փոխլրացման քաղաքականության հետ: -Հայաստանը, ինչպես և մյուս դեպքերում, իր պարտավորությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն է ցուցաբերում ազգային և միջազգային անվտանգության բնագավառներում: ՀԱՊԿ-ում իր նախագահությունը ստանձնելով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր, միջազգային տրամաչափ ունեցող «Ռուբեժ-2008» և «Համատեղ աղեղ/ նիզակակիր-2008» ու «Խիզախ լուսան» զորավարժությունների անցկացման դրական արդյունքով, Հայաստանն աչքի է ընկնում բոլոր գործընկերների հետ քաղաքական և անվտանգության համագործակցության հարցերում իր մասնակցության հուսալիությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ