Հա՞ որ...


ՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքը Հայաստանում երբեք հենց այնպես չի աշխուժանում: Համենայն դեպս կուսակցական համագումարները մեզանում սովորաբար անց են կացվում ընտրություններին նախորդող շրջանում, լարված քաղաքական իրավիճակում: Եվ չնայած համապետական որևէ ընտրություն առաջիկայում մեզ չի սպասվում, Երևանի նոր քաղաքապետի ընտրության մասին էլ անգամ մոտավոր ժամկետ չի նշվում, այնուամենայնիվ, առաջիկայում հերթական համագումարն է անցկացնելու «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ սա այն դեպքն է, երբ արտառոց փաստեր, նախադրյալներ չգտնելով, սենսացիաների սիրահարները բամբասանքի ժանրով ինչ-որ «ելքեր» են գուշակում միանգամայն խաղաղ ընթացքով անցկացվելիք այդ համաժողովին: Այսպես, տևական ժամանակ համառ լուրեր են շրջում, թե համագումարի «մեխը» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարականն է դառնալու… Եվ այդ լուրերն այնքան համառ են, որ կուսակցության ակտիվիստներն անձամբ ստիպված եղան վերջնականապես ու հիմնավորապես հերքել դրանք: Այլ հարց է, որ գոնե այս պահին չի բացառվում, որ ԲՀԿ համագումարը նշանակավորվի Ռ. Քոչարյանի քաղաքական վերադարձով… Վերջինիս և ԲՀԿ ջերմ հարաբերութ յունները խորը արմատներ և տարիների պատմություն ունեն, ուստիև ամեն գնով ինչ-որ ասեկոսեներ տարածել ցանկացողները գոնե խելքին մոտ ինչ-որ «վարկածներ» հրապարակ նետեին: Թե չէ համագումարը այսպես թե այնպես կկայանա, ու նրանք նորից անհարմար իրավիճակում կհայտնվեն: Ու նրանց «կանխատեսումներին» հավատացողները նորից չեն հարցնի, թե ինչու եք չարաշահում մեր հավատը: ՇԱՏ ավելի անհարմար դրության մեջ են հայտնվել մի քանի տաքսիստներ, որոնց մեքենաներում չզարմանաք, բայց հավելյալ պահեստամասերի փոխարեն թմրանյութ է հայտնաբերվել: Հատկապես այս օրերին վարորդների այս խաղը ոչ այնքան խոցելի, որքան արդեն խոցված է ներկայանում` տպավորություն ստեղծելով, թե տնտեսական ճգնաժամ կոչվող չարիքը հատկապես իրենց գլխին է կոտրվել: Ինչ խոսք, մի քանի կարգազանց-օրինազանցների պատճառով կայացած համարվող այս ոլորտը, այնուամենայ նիվ, չպետք է բախտի կամ կառավարության որոշումների քմահաճույքին թողնվի: Բայց մյուս կողմից էլ անհանդուրժելի է, երբ ով ասես ու ինչպես ասես կարող է մեքենա վարել: Ի վերջո, նշված ծառայությունը մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին ամեն օր հազարավոր մարդկային կյանքեր են վստահվում: Իսկ հայրենի պետավտոտեսչությունը և վերջին շրջանում ի հայտ եկած ինչ-որ էկզոտիկ անվանումներով հասարակական կազմակերպությունները զարմանալի բարեհոգություն են դրսևորում տաքսիստների հանդեպ` հավանաբար մտածելով, թե օրը մի քանի հազար դրամ վաստակող մարդկանց խաթրին ու գրպանին չարժե կպչել: Բայց մեկեն «օդաչու» դարձող թմրամոլ տաքսիստներին շարունակելով մեր կյանքը վստահել` հնարավոր է, որ ոչ հեռու ապագայում այս ամենի արդյունքում առաջանալիք ծանր հետևանքների° մասին ստիպված լինենք խոսել: ՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամի ծանրությանը դիմակայելու աղոտ հույսեր է առաջացնում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մի չափազանց ուշագրավ իրադարձություն: ԱՄՆ-ի գլխավոր դատախազը նախատեսում է պատասխանատվության ենթարկել Ուոլ-Սթրիթի ֆինանսիստներին, որոնց մեքենայությունների և խախտումների հետևանքով է առաջացել ֆինանսական աղետը: Դատախազի այս նախաձեռնությանը հավանություն է տվել նաև երկրի նորընտիր նախագահը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, հիմա դժվար է ասել, բայց պարզ է, որ չարիքի ակունքների դեմ պայքարելով` լավ հիմքեր կարող են ստեղծվել` գոնե դրանց հետագա կրկնությունը բացառելու համար: