ԿԱՍԿԱԾԻ ԾՈՒԽԸ


ԹԵԵՎ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին ժամանակ դեռ շատ կա, բայց մարզական (և ոչ միայն) կրքերն արդեն ծայր են առել ու հազիվ թե մինչև մեծ խաղի ավարտը հանդարտվեն: Այն, որ նշված խաղի հանդեպ հետաքրքրությունն ու լարումը չափազանց մեծ էր լինելու, ի սկզբանե էր պարզ: Կայանալիքը հեռու է Հայաստան -Թուրքիա վաղօրոք կանխատեսելի վերջաբանով խաղի հետ համեմատվելուց, և Ռուսաստանի հավաքականը Թուրքիայի թիմի նման հզոր մրցակից չէ: Բացի այդ, վերջին շրջանում մերոնք նախադեպը չունեցող գերազանց արդյունքներ են արձանագրել: Ու մինչ հաղթանակի կամ պարտության 50-50 հավանականությունը ծանր ու թեթև անելով կմոտենանք պատմական օրվան, սենսացիան բոլորովին այլ առիթով պայթեց: Համառ ու հաստատուն շրջանառվում են խաղը վաղօրոք ծախած լինելու մասին պնդումները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բնականաբար հերքեց, սակայն, քանի որ ծուխն արդեն տեսնողներ էին եղել, հիմա էլ հերթը հասավ կրակը փնտրելուն: Ինչի՞ց ծագեց խառնաշփոթը` միայն լարվածությունի՞ց: Բնականաբար` միայն անհանգստությունը հերիք չէ` նման հայտարարության համար: Հարցն այն է, որ խաղի գլխավոր պատասխանատուին` Ռուբեն Հայրապետյանին հուսալի, առավել ևս վստահելի անձ չեն համարում: Ավելին, ոմանք էլ հակված են կարծել, թե միգուցե հենց ՀՖՖ նախագահի՞ն էր ձեռնտու նման պնդումների շրջանառումը, որպեսզի ավելի ուշ չգիտես ում և ինչու ապացուցած լինի, որ խաղն այնուամենայնիվ չի ծախվել: Միգուցե իրականում արդեն տեղի է ունեցել ա՞յն, ինչը շատերին է հունից հանել: Կարճ ասած, փորձ է արվում ֆուտբոլային դիվանագիտություն բանեցնել, բայց նկատելիորեն ձևախեղված եղանակներով: Իսկ սենսացիան ավելի շատ զավեշտի սկսեց նմանվել, և հիմա էլ պնդումներ տարածվեցին, որ ոչ թե խաղը, այլ տոմսերն են վաճառվել: Բայց խաղից այդքան շուտ հաստատ տոմսեր վաճառքի չէին հանվի ու կայծակնային արագությամբ էլ չէին սպառվի: Անկախ ամենից` մթնոլորտը պղտորված է. նման տրամադրությամբ սպասվող մեծ խաղին հավուր պատշաճի մասնակցելը դժվար կլինի: Մնում է հուսալ, որ նախքան ճակատագրական դառնալիք օրն ընկած ժամանակը կօգնի հաղթահարել անկանխատեսելի հոգեբանական դժվարությունները: Մյուս կողմից էլ, եթե պարզվի, որ իրականում այդ ծուխն, իսկապես անկրակ է եղել, ապա տեղի ունեցածը կարող է ավելի մեծացնել մեր հավաքականի վճռականությունն ու հաղթանակի հավանականությունը: Ի վերջո, որքան էլ նույնացվեն ֆուտբոլն ու դիվանագիտությունը, անհնար է հավատալ, որ այն կարող է համահարթեցվել, ասենք, ռուսական Էլցանցերի կամ չարաբաստիկ «Հայռուսգազարդի» հետ: Ֆուտբոլը, բացի ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը լինելուց, նաև հոգու տարերք է, տոն, իսկ մեր հավաքականի հաղթանակին, ինչը համազգային տոնի է վերածվելու, արդեն բոլորս ենք սպասում: