Երբ «չոկալաթլ»¬ը ոսկուց թանկ էր


Սքանչելի այս քաղցրավենիքի անունը ծագում է ացտեկական xocalate` բառից, ինչը նշանակում է ըմպելիք, որը հնդկացիները պատրաստում էին կակաոյի փոշու և ջրի խառնուրդով (բառի վերջին մասնիկը` late, թարգմանվում է «ջուր»): Դեռևս 1500 տարի առաջ շոկոլադ օգտագործող մայաները դրա մեջ չիլիական կարմիր պղպեղ էին ավելացնում: Ացտեկների բաղադրատոմսն ավելի տարողունակ էր. տաք շոկոլադը նրանք պատրաստում էին 4 տեսակի կակաոյի փոշիով և պղպեղից բացի ավելացնում էին նաև մեղր: Նրանք ու նրանց մյուս ժամանակակիցները շոկոլադը համարում էին աստվածների ըմպելիք և այն գործածում էին ծիսակատարությունների ժամանակ ու նաև` որպես փող: Օրինակ, կակաո բույսի 4 հատիկով կարելի էր դդում գնել, 10 ունդով` ճագար, իսկ 100 հատիկով արդեն` ձուկ: Իսկ եթե խոսքն ավելի մեծ գումարների մասին էր, ապա մայաները վճարում էին ոչ թե առանձին հատիկներով, այլ պատիճներով, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մոտ 0,5 կիլոգրամ: Ացտեկներն ինքնատիպ մի լեգենդ ունեին շոկոլադե ըմպելիքի ծագման մասին: Կեցատկոաթլ անունով տաղանդավոր մի այգեպան է ապրել աշխարհում: Նա մրգատու հրաշք այգի է ունեցել, որտեղ ուրիշ ծառերի կողքին աճել է նաև անօրինական մի ծառ` դառնավուն պտուղներով և արտաքուստ` նման վարունգի: Կեցատկոաթլը չգիտեր ինչ անել այդ ծառը և որոշում է դրա պատիճներից փոշի պատրաստել ու ջրով եփել: Ստացված ըմպելիքը մեկեն զվարթացնում է նրան, ավելացնում ներքին ուժը: Այգեպանն այդ թուրմն անվանում է «չոկալաթլ»: Դրա մասին շուտով իմանում են Կեցատկոաթլի ցեղակիցները, որոնք շատ հավանում են ըմպելիքը: Շուտով չոկալաթլը ոսկուց էլ թանկ է գնահատվում: Ժամանակակից շոկոլադի` մեզ համար սովորական դարձած քաղցր համը դրան «ամրակցվել» է Ամերիկայում իսպանացիների հայտնվելով. նրանք անուշաբույր ըմպելիքին շաքար էին խառնում: Հետագայում հավելվել են նաև վանիլին ու դարչին, որոնց մասին ևս առասպելներ են հյուսվել: