ՖԻԼՄ` ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ


Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական տարին կարծես չի ավարտվում` անընդհատ հարստանալով նոր իրողություններով: Գրողի ահնիձորյան պատմությունները յուրովի են շարունակվում` այսպես ապրեցնելով նաև նրան` 20-րդ դարի մեր արձակի մեծությանը: Նրան, ով մերձենալով տիեզերական խորխորատներին` մարդու մեջ տեսավ բացառիկն ու եզակին, նրա թաքուստված աշխարհի կանչերը: Հրանտ Մաթևոսյանի գրականությունը պարզի ու բարդի, մարդու ու նրա միջավայրի մասին է, ուր մարդն հառնում է որպես բնաստվածային մեծագույն առեղծված ու էակ: Այդ գրականության զարմանալի-ինքնատիպ անդրադարձն էր կինոաշխարհում ձևավորված մաթևոսյանա կան տարածքը, որն իր ինքնատիպ խլրտումներն ու շարժումներն էր բերում, պարտադրում` կինոյի Մաթևոսյանին նայել բոլորովին այլ հայացքով և այլ զգացողությամբ: «Մենք ենք մեր սարերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Աշնան արև», «Տերը». ահա Մաթևոսյանի կինոն, որը կարող էր շարունակվել նաև «Ամպերով» ու «Ջրաղացով», եթե գրողը կամենար դրանք էկրանավորված տեսնել: Առաջին ֆիլմը, որը նկարահանվեց նրա սցենարով, «Մենք ենք մեր սարերն» էր, ուր մաթևոսյանական արձակի հմայքը բացվեց-պարզվեց մի նոր արտահայտչականությամբ, հերոսների առինքնող-զարմանալի «արիստոկրատիզմով», պարզ անմիջականությամբ: Հենրիկ Մալյանի նկարահանած ֆիլմը ժամանակի ու նրա մեջ ապրող մարդկանց ինքնախոստովանությունն է, նրանց էության մեջ պարփակված խռովքի արտահայտությունը: Այս կինոնկարը, որն ազգային նեոռեալիզմի ամենախոշոր երևույթներից մեկը եղավ, երբեք չկորցրեց իր հանդեպ ձևավորված հետաքրքրությունը, երբեք չհնացավ: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Հենրիկ Մալյանն այս ֆիլմում դերասանական մի հրաշալի փաղանգ էր ձևավորել. Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Գալյա Նովենց, Ազատ Շերենց, Արմեն Այվազյան, Արտավազդ Փելեշյան… Այս դերասանախումբը եզակիներից մեկն է հայ կինոյի պատմության մեջ: Այս ֆիլմի մասին է ֆիլմ նկարահանել գրողի որդին` Դավիթ Մաթևոսյանը` ստեղծելով ինքնատիպ կինոպատում` դրա մթնոլորտի և այն մարդկանց մասին, ովքեր ապրելով Խաշթառակ գյուղում, նկարահանումների ականատեսն էին: Դավիթ Մաթևոսյանը, ընտրելով ֆիլմ-ակնարկի ժանրը, ստեղծել է փաստագրական մի պատում, ուր հանդես են գալիս կինոնկարի դերակատարները, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ինչպես նաև խաշթառակցիները, որոնց պատմությունները պարզ են, մի տեսակ զարմացած ու հիացած: Դրանք նաև իրադարձութ յունների սեփական մեկնաբանություններն են, ընկալումները, որոնք երբեմն դառնում են չափազանց արժեքավոր: Պարզ ու անմիջական է ֆիլմի լեզուն, պատումի հանդարտ-էպիկական ընթացքը ներկայացնում է գյուղը, այն վայրերը, որտեղ կատարվել են նկարահանումները, այն տունը, որի բակում լողացել է Ավագ-Ազատ Շերենցը… Այսպես հառնում է այն իրականությունը, որում ձևավորվել է «Մենք ենք մեր սարերը» կինոժապավենը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ