ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄ


 

Մինչ քարոզարշավը թափ է առնում, ՕԵԿ-ում նոր պառակտում է հասունանում: Ուշագրավ է, որ այս դեպքում դարձյալ առաջին պլանում Սերգո Կարապետյանն է հայտնվել, ով Ագրարային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել քվեարկել իշխող կուսակցության, այսինքն` Հանրապետականի օգտին: Նման «սայթաքումը» բնականաբար պատահականության չպետք է վերագրել, ու որքան էլ ՕԵԿ-ն իշխանության կցորդը համարվի, միևնույն է, այն որպես առանձին միավոր է մայիսյան ընտրություններին մասնակցելու: Ակնհայտ է, որ գյուղնախարարի ու նրա կուսակցության ջրերը նույն առվով չեն հոսում:

Նույնքան տհաճ իրավիճակում է հայտնվել նաև Մանուկ Վարդանյանը: Եթե ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող գյուղնախարարը դեռ ինչ-որ կերպ կարող է փայփայել նախարարի պաշտոնը կորցնելուց հետո գոնե պատգամավորական մանդատ ունենալու հույսը, ապա Մ. Վարդանյանը միմիայն տեսականորեն կարող է իրեն ԱԺ-ում տեսնել: Նա ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում է իր անունը գտել ու հենց այդ պատճառով էլ որոշել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվել: Հրազդանի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքում առաջադրված նախարարը կատաղի մրցապայքարի է պատրաստվում` բացարձակապես հաշվի չառնելով, թե որքան քվե կստանա «հարազատ» կուսակցությունը, ու ինչ կկատարվի ՕԵԿ-ի հետ մայիսի 6-ին: