ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ


 

Մայիսի 8-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես նաև հրաժարումը պատգամավորական մանդատից` պատմական իրադարձություն են: Պատմականը ոչ թե առաջին նախագահի ելույթն էր, որը քիչ էր տարբերվում նրա նախորդ ելույթներից, այլ այդ ամենի ենթատեքստը: Իսկ ենթատեքստը պարզորեն հուշում է, որ Տեր-Պետրոսյանն առմիշտ հեռացավ քաղաքական ասպարեզից: Սա տպավորություն չէ լոկ, այլ առաջին նախագահի քայլերի հաջորդայնության վերլուծությունից բխող եզրահանգում: Տեր-Պետրոսյանը տասնամյա ընդմիջումից հետո քաղաքական ասպարեզ եկավ 2008-ին, նախագահական ընտրությունների ժամանակ, երբ անհրաժեշտ էր ձևավորել հզոր ընդդիմություն, ստեղծել իշխանության հակակշիռը: Նրա առաջադրումը որպես նախագահի թեկնածու, անպայմանորեն նշանակալից էր, Տեր-Պետրոսյանը ստեղծեց այլընտրանք, վերականգնեց ընդդիմության մարած հեղինակությունը, համախմբեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին տեսնել նոր իրավիճակներ: Նրա պարտությունը նախագահական ընտրություններում այլ ենթատեքստեր և այլ բացատրություններ ունի, որոնց անպայմանորեն կանդրադառնան քաղաքագետներն ու վերլուծաբանները որոշակի ժամանակ հետո: Սակայն մարտի 1-ը ընդհատեց վերելքը, ինչի արդյունքում էլ արդեն 2011 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորովին այլ գործիչ դարձավ: Սակայն նրան հաջողվեց ՀԱԿ-ի համար տեղեր ապահովել խորհրդարանում, լուծել քաղաքական ժառանգորդների հարցը: Իսկ որպես այդպիսիք արդեն հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը: «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Հեռացավ` ինչ-որ չափով վերականգնելով իր իմիջը: Սա էլ նրա գերխնդիրն էր: