ՓՐԿՕՂԱԿ` մանր ու միջին բիզնեսին


Մաքսային պետական կոմիտեի նոր ղեկավարի նշանակումը, ինչպես կարելի էր սպասել, միանշանակ ընդունելության չարժանացավ: Բայց սրանով հանդերձ` կարծիքների ու գնահատականների հակասական լինելն արդեն իսկ գովելի է: Այս նշանակումը ևս, ինչպես լինում է սովորաբար, կարող էր ավանդական դարձած անտարբերությամբ «դիմավորվել»: Իսկ տվյալ դեպքում համապատասխան շրջանակներին հատկապես «խրտնեցնում» է այն հանգամանքը, որ մաքսայինի նոր պետի անունը վաղուց նաև հայաստանյան գործարար աշխարհի երևելիների շարքում է դասվում: Տրամաբանությունը (եթե իհարկե այստեղ հնարավոր է որևէ տրամաբանություն գտնել) հետևյալն է. Գագիկ Խաչատրյանն իր նոր պաշտոնն օգտագործելու է սեփական բիզնեսի բարգավաճման համար… Այստեղ կարելի է առանց հապաղելու արձանագրել, որ Խաչատրյանի փոխարեն ցանկացած ուրիշ մեկի համար այս պարագայում նույն կանխատեսումն էր արվելու: Ասել է թե` խնդիրը բոլորովին էլ անձին չի վերաբերում: Հարցն ընդամենը վերաբերմունքի դրական կամ բացասական լինելու շրջանակում է սահմանափակվում, որն, ինչպես հաճախ է պատահում, այս դեպքում նույնպես անկեղծ չէ: Դեռ Ռ. Քոչարյանի նախագահության վերջին շրջանում այդ նույն շրջանակներն այս դեպքում արդեն անկեղծորեն էին զարմանում, թե երկրի թիվ 1 պաշտոնը թողնել պատրաստվող պաշտոնյան ի՞նչ է ուզում հարկայինից ու մաքսայինից: Ընդ որում, իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չէր խնայում` ամենայն մանրամասնություններով հանրայնացնելու Ռ. Քոչարյանի ու նշված օղակների պատասխանատուների ոչ այնքան ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպումները: Վերջին մի քանի ամիսները, որքան էլ դրանք հարուստ լինեին ոչ միայն դրամատիկ իրադարձություններով, այլ նաև լրջագույն փոփոխություններով, անփոփոխ թողեցին նախկին վարչապետ ու ներկայիս Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը` այս ոլորտներն արմատական բարեփոխումների ենթարկելու առումով: Ավելին, ասվածն էլ ոչ թե իրականության վերափոխվող կանխատեսում է, այլ դեռևս վարչապետի կարգավիճակում ձեռնարկած համալիր գործողությունների շարունակականության ապացույց, ինչպես նաև նախընտրական խոստում: Կարճ ասած, իշխանությունն զբաղված է նախկին սխալների ու բացթողումների սրբագրմամբ: Ինչ խոսք, կարելի է հակադարձել, թե նման մտայնություն եղել է բոլոր ժամանակներում և բոլոր իշխանությունների կողմից… Սակայն տվյալ դեպքում խոստումնալիցն այն է, որ իշխանությունն ինքն է նախաձեռնողի խրախուսելի դերում հանդես գալիս: Իսկ խոստումների և, որ ավելի կարևոր է, ակնկալվող արդյունքների հարցում այնքան վճռական է ներկայանում, որ հրապարակայնության առավելագույն ապահովման ուղղությամբ հնարավոր բոլոր քայլերը առկա վստահության մասին է վկայում: Նման պարագայում ինքնին պարզ է նաև, որ երկակի մոտեցումների կիրառման շարունակականությունը լրջորեն կարող է խոչընդոտել գործընթացին: Ուստիև պատահական չէ, որ այս օրերին հարկայինում ընթացող մասնագիտական ատեստացիայից, ինչու չէ նաև, ձախողվելուց չեն կարողանում խուսափել նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ու մերձավորները: Ստացվում է, որ նոր իշխանությունը սկսել է լրջորեն վերանայել տնտեսական քաղաքականությունը: Ինչպես արդեն նշեցինք, ասվածը լիովին տեղավորվում է կանխատեսելիության շրջանակներում, իսկ վերջերս գործարարների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումն էլ իր հերթին ապացուցեց, որ տեղական բիզնեսի առաջատարները նույնպես պատրաստ են համագործակ ցության` մինչ այդ գոյություն ունեցած ձևական կամ խորհրդանշական մոտեցումներն իրական հիմքերի վրա դնելու պայմանով: Այստեղ արդեն առանց այլևայլությունների կարելի է պնդել, որ վերաբերմունքի վերանայման իրական նպատակը ավելի քան պարզ է ու տեսանելի. այսպես կոչված բիզնես միջավայրը տեղափոխել է պետք օրենքի ու օրինականության դաշտ: «Կհաջողվի՞ այդ փոփոխությունը» հարցադրումն այս դեպքում մինչև անգամ ավելորդ է թվում: Տեղափոխել-չտեղափոխելու խնդիր այլևս չի կարող առաջանալ, քանի որ հարցի լուծման ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Այլևս հնարավոր չէ միջին ու մանր գործարարության հաշվին համապատասխան մուտքեր ապահովել, քանի որ այդ պարագայում արդեն ուղղակիորեն հօդս կցնդի երկու անգամ լավ ապրելու նախընտրական հայտնի խոստումը: Դեռ ավելին, հավասար մրցակցության ապահովումը ավելի շատ փոքր եկամուտներ ապահովող գործարար շրջանակների հանդեպ վերաբերմունքի մեղմացում է ենթադրում: Իսկ խոշոր արտադրողներին ու ներմուծողներին «կարգի հրավիրելը» (մի բան, որի միտումներն արդեն նկատելի են) վերջապես կդառնա նշված ծրագրի հաջողության նախապայմանը: Այս դեպքում էլ կարելի է առարկել, թե այսպես կոչված խոշորներն արդեն վարժվել են իրենց արտոնյալ կարգավիճակին, ու գրեթե անհնարին է նրանց օրինապաշտ հարկատուի կարգավիճակում պատկերացնելը: Բայց ոչ միայն վիճակն է արդեն նետված, այլ մինչև անգամ տեսանելի է, որ վերջիններս եթե մինչև հիմա մրցում են միայն իրենց կապիտալի բազմապատկման հարցում, ապա ոչ հեռու ապագայում ստիպված են լինելու վճարած հարկերի չափն էլ զուգակցել այդ մրցավազքին: Ընդամենը հետևողականության հարց է: Հետևողականություն, որն արդեն անշրջելի է թվում: