Բանակցություններին այլընտրանք չկա


Որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նոր էջ չէր բացելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, կասկած չէր հարուցում: Դեռ Երևանում Հայաստանի արտգործնախարարը` Էդուարդ Նալբանդյանը, կարծիք էր հայտնել, թե այդ հանդիպման արդյունքը կարելի կլինի դրական համարել, եթե երկու նախագահները որոշեն շարունակել բանակցությունները: Արտգործնախարարի կանխատեսումն իրականացավ. Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը որոշեցին շարունակել բանակցությունները: Այս բանակցությունները, ինչպես և դրան նախորդած` Մահմեդյարով-Նալբանդյան հանդիպումը, ճանաչողական բնույթ էր կրում: Իրականում երկու նախագահները միմյանց ճանաչելու, միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու խնդիր չունեին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր մարդ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մինչ այդ էլ տարբեր առիթներով հայտարարել էր, որ ինքը շարունակելու է իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը: Բանակցային գործընթացը շարունակել-չշարունակելու հարցում, թերևս, կասկածների տեղիք կարող էր տալ վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը. հատկապես գարնան սկզբին նրա զինուժի ոտնձգությունները հայկական դիրքերի նկատմամբ, չդադարող ռազմատենչ հայտարարությունները… Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունավետության վրա բացասաբար կարող է ազդել հատկապես Նախիջևանում Հայաստանի չորս քաղաքացիների գերեվարման փաստը: Իրավիճակը է°լ ավելի սրեց պետերբուրգյան հանդիպմանն անմիջապես նախորդած` ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե Հայաստանի հիշյալ քաղաքացիներն իբր դիվերսիոն մի խումբ են և կդատվեն Ադրբեջանի օրենքներով: Սա` այն դեպքում, երբ հայկական կողմում գերի ընկած ադրբեջանցի զինվորներն առանց նախապայմանների մշտապես վերադարձվել են: Երկու նախագահների հանդիպմանը նախորդած այս միջադեպը, թերևս, կարելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման հերթական փորձ` պաշտոնական Երևանից ինչ-ինչ զիջումների ակնկալիքներով: Սակայն Երևանին պատասխանը չուշացավ. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ ադրբեջանական կողմը կստանա իր վարքագծին համարժեք պատասխան: Հավելումն ասվեց նաև` Ադրբեջանում ստորագրված յուրաքանչյուր փաստաթղթի մասին Երևանում ավելի շուտ են տեղեկանում, քան` Բաքվում: Ինչևէ. Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների հանդիպմանը նախորդած ադրբեջանական ինքնախաբ «տրյուկը» Բաքվի համար ցանկալի արդյունք չտվեց, և Ալիևը միջազգային հանրության աչքում Ադրբեջանի պատիվը փրկելու համար, ստիպված էր բարձր գնահատել բանակցային գործընթացն ու դրանում Մինսկի խմբի ունեցած դերը: Ինչպես նշեցինք սկզբում, պետերբուրգյան հանդիպումը որևէ նոր բան չավելացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս հանդիպումը ավելի շատ ծառայեց աշխարհի հզորներին` միմյանց միջև ինչ-ինչ հարցեր պարզաբանելու համար: Սանկտ Պետերբուրգում ավելի շատ շահեց, թերևս, Ռուսաստանը` ևս մեկ անգամ հիմնավորելով իր դերակատարության կարևորությունը հատկապես ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման և մասնավորապես եվրոպական տնտեսական զարգացման գործում: Պատահական չէ, որ Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական գագաթնաժողովը համարվեց ռուսաստանյան Դավոս: Այսօր աշխարհի համար առաջնահերթ է էներգակիրների խնդիրը: Իսկ այս ոլորտում Ռուսաստանն առաջնային դիրքեր է գրավում գազի ու իր նավթային պաշարների շնորհիվ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ