ՀՈԲԵԼՅԱՆ ԱՐԴԵՆ 5՞0


Էներգետիկայի բնագավառի ճանաչված մասնագետ, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիությունների թեկնածու, էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի, Հայաստանի ժուռնալիստների միության և ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ և «Ավանգարդի» լավագույն բարեկամ Ստեփան Պապիկյանը 50 տարեկան է: Նա հեղինակ է 120 գիտական աշխատությունների, 10 գրքերի և ուսումնական ձեռնարկների: Նրա գիտական աշխատանքները ներդրվել են նաև Մոսկվայի էներգահամակարգում: 2001 թ. նրան շնորհվել է «Վկայագրված էներգետիկ մենեջեր» միջազգային անվանակոչությունը: Գրել է Հայաստանի էներգետիկայի ավելի քան մեկդարյա պատմությունը, 1980-ից դասախոսում է Հայաստանի տարբեր բուհերում: Հանրապետության զանգվածային լրատվամիջոցներում հրապարակել է ավելի քան 1000 հոդված, հարցազրույց, ակնարկ, հեղինակել բազմաթիվ առակներ և պատմվածքներ: Այսուհանդերձ, անմնացորդ է սերը էներգետիկայի հանդեպ և որոնումներն էլ հիմնականում այդ ուղղությամբ են, մտահոգությունը այդ բնագավառի կայացումն է. - Աշխարհում յուրաքանչյուր տարի ծախսվում է մոտ 12 միլիարդ տոննա վառելիք: Էներգիայի համաշխարհային հետախուզված պաշարները մարդկությանը կբավարարեն բնական գազը` 70, նավթը` 45 տարի: Բնության վրա հետզհետե մեծանում է մարդու ազդեցությունը` խախտելով նրա օրինաչափությունները: Եվ այն հակադարձ ուժով միշտ էլ կանգնեցնում է մեզ լուրջ դժվարությունների առջև: Մենք պարտավոր ենք վարել ճկուն էներգախնայողության քաղաքականություն` օրենսդրական հատուկ ծրագրեր մշակելով: Օրինակ, Պակիստանում, դեռևս 1986 թ. ստեղծվել է էներգիայի խնայողության ազգային կենտրոն: Նրա նպատակն է երկրում վարել էներգախնայողության քաղաքականություն, որը ներառում է տեղեկատվության հավաքում, հատուկ ծրագրերի մշակում և ուսուցման կազմակերպում: