Ի՞նչ են շշնջում արջերը մեր ականջին


 

Ավագ և միջին սերնդի մարդիկ դպրոցական դասագրքից լավ կհիշեն «Վատ ընկերը» պատմվածքը: Երկու ընկեր գնում են անտառ, անսպասելի հայտնվում է արջը: Ընկերներից մեկը լեղապատառ փախչում է, իսկ մյուսը, չհասցնելով փախչել, պառկում է գետնին և մեռած ձևանում: Արջը հոտոտում է տղային և հեռանում: Փախուստի դիմածը թաքստոցից դուրս գալով, հեգնում է ընկերոջը.

- Ի՞նչ ասաց արջը քո ականջին:

- Ասաց, որ վատ ընկերոջ հետ ճանապարհ չգնամ,-պատասխանում է ընկերը…

Հատկապես կյանքի փորձառություն չունեցող երիտասարդ սերունդը պետք է անհրաժեշտ հետևություններ անի համանման պատմություններից և չշտապի ընկեր ընտրելու հարցում: Այլապես, սխալվողները կարող են հայտնվել աննախանձելի իրավիճակներում:

18-ամյա Լուսինե Դ.-ն օրերս ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ ընկերը` 24-ամյա Գևորգ Ա.-ն, մարտ ամսին Մաշտոցի պողոտայում գտնվող «Լիոն» սրճարանում, 3 օրից վերադարձնելու պատրվակով, իրենից վերցրել է 50.000 դրամ և 15 կտոր ոսկյա զարդեր` 800.000 դրամ արժողությամբ, սակայն խաբեությամբ տիրացել է դրանց և մինչ օրս չի վերադարձրել:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Ակսել Բակունցի անվան քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Ս.-ն և հայտնել, որ իր ծանոթը` Գերասիմ Չ.-ն, Գարեգին Նժդեհի փողոցում, քոլեջի դիմաց, նայելու պատրվակով վերցրել է իր ոսկյա մատանին և բացահայտ հափշտակելով` դիմել է փախուստի, պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

Իսկ ի՞նչ անուն տաս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրված դեպքին, երբ «վատ ընկերոջ» դերում հարազատ մարդիկ են հանդես եկել` արյունակիցներ:

34-ամյա մի տղամարդ ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ իր տան բակում գտնվող ավտոտնակի տանիքից գողացել են ալյումինե 40 թիթեղ և 6 մետրանոց մետաղյա ամրաններ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են դիմումատուի 57-ամյա եղբայրը` Ավետիք Թ.-ն և նրա որդին` 27-ամյա Սարգիս Թ.-ն: