\'ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ\'


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին (Սկիզբը` թիվ 36-37-ում) Ստանալով համալրում, ռուսական հրամանատարությունը սիրտ արեց ևս մեկ անգամ գրոհել Պլևնե ամրոցը: Այս անգամ, սակայն, դաս քաղելով նախորդ երկու անհաջող փորձերից, ռուսական զորքերի շտաբը հրաման արձակեց գրոհն սկսել հրետանային զանգվածային նախապատրաստությունից հետո միայն: Չորս օր շարունակ 130 հրանոթներից կրակ էր թափվում ամրոցի պաշտպանների գլխին, սակայն քիչ թե շատ զգալիորեն քայքայել հակառակորդի պաշտպանական համակարգն այդպես էլ չհաջողվեց: Հրետանային հզոր նախապատրաստությանը հաջորդած գրոհները 2 օր անընդմեջ` օգոստոսի 30-ին և 31-ին, հետևում էին մեկը մյուսին, քաղաքի պարիսպների շուրջբոլորը չէին դադարում արյունալի ձեռնամարտերը, սակայն նվաճել քաղաքը կրկին չհաջողվեց: Ռուս-ռումինական համատեղ ուժերի կրած կորուստները խիստ զգալի էին` 12 հազար ռուս և 3 հազար ռումինացի զինվոր: Հենց այստեղ, սակայն, ուզում եմ բավականին ընդարձակ շեղում կատարել կոնկրետ թեմայից և նախքան ռուսական բանակի վրա այս անհաջողության թողած ծանր տպավորությանը անդրադառնալը ներկայացնել ռուս զինվորների կողքին բուլղարացի, ռումինացի, սերբ և այլազգի զինվորների ու աշխարհազորայինների հայտնվելու հանգամանքներից մի քանիսը: Առանց չափազանցության` այդ «մի քանի հանգամանքները» կարող են մեզ այն աստիճան տանել դեպի դարերի խորքը, որ նպատակահարմար գտա ուղղակի պայմանականորեն որպես ելակետ վերցնել 1875 թվականը: Այդ տարվա գարնանը կայսրության դեմ զենք բարձրացրեց սկզբում Հերցեգովինայի, ապա` Բոսնիայի ազգաբնակչության մի զգալի մասը, որոնց անմիջապես սատար կանգնեցին Սերբիայում և Չեռնոգորիայում կազմավորված կամավորական ջոկատները: Հուզումները տարածվեցին նաև Բուլղարիայում, սակայն այնտեղի ամրոց-քաղաքների մեծ մասում զգալի թվով թուրքական կայազորներ էին տեղակայված, որոնք և ծայրաստիճան դաժանորեն (նրանց միացած բաշիբոզուկների հետ համատեղ - Ռ. Ա.) արյան մեջ խեղդեցին դրանք: Հիշատակված դեպքերից միայն մեկ տարի անց` 1876 թ., Սերբիան և Չեռնոգորիան վերջապես վճիռ կայացրին կանոնավոր զորքեր ուղարկել Բոսնիայում և Հերցեգովինայում շարունակվող ապստամբությանը զորավիգ` սկիզբ տալով պատմության մեջ որպես «1876-77 թթ. սերբա-չեռնոգորա-թուրքական» հայտնի պատերազմին: Մի փոքրիկ դրվագ. 1876 թ. մայիսի 6-ին Սալոնիկում մոլեռանդ ամբոխը, որի շարքերում կային նաև տեղի մի քանի պաշտոնական անձինք, ինչպես, օրինակ, քաղաքի ոստիկանապետը, դաժան հաշվեհարդար տեսան ֆրանսիական և գերմանական հյուպատոսների հետ: Ես միանգամայն կանխամտածված «մոլեռանդ ամբոխը» բառերից առաջ չգրեցի «մահմեդական» բառը և ահա թե ինչու. ըստ 1908 թ. տվյալների, երիտթուրքական հեղափոխության օրրան հանդիսացող այդ քաղաքում նրա 100 հազար բնակիչներից 70 հազարը հրեաներ էին (համամասնությունը եթե անգամ փոխված լիներ այդ 3 տասնամյակների ընթացքում, ապա, կարծում եմ, միայն հօգուտ վերջիններիս - Ռ. Ա.), և որտեղ ուղղակի վխտում էին մասոնական օթյակները: Ու եթե հաշվի առնենք նաև այն, որ այդ ծովափնյա քաղաքում մեծ թիվ էին կազմում ինչպես հույները, այնպես էլ այլ քրիստոնյա բնակիչները, ապա կարելի է միայն քիչ թե շատ ճշմարտանման ենթադրություններ անել, թե` ումի՞ց էր գերազանցապես կազմված այդ «մոլեռանդ ամբոխը»: Մի փոքր վերը հիշատակված` որքան բարձր հնչող, նույնքան էլ դժվար արտասանելի սերբա-չեռնոգորա-թուրքական պատերազմում մարտական գործողությունները կրում էին մի տեսակ դիպվածային բնույթ: Նախաձեռնությունն ամբողջովին գտնվում էր թվական մեծ գերակշռություն ունեցող թուրքական ուժերի կողմը, որոնք ոչ այնքան ռազմական հաղթանակ տարան, որքան վայրագ կոտորածներով (ըստ ֆրանսիական դեսպանորդի կատարած հետաքննության ընդամենը 3 ամսվա ընթացքում սպանվեցին 20 հազար բուլղարացիների - Ռ. Ա.) կաթվածահար արեցին և ըստ էության իրենց դեմ համատեղ գործող ընդհանուր ճակատից դուրս հանեցին Բուլղարիան: Սերբիան կամովին ինքնամեկուսացավ ակտիվ պայքարից ընդհուպ մինչև Պլևնե ամրոցի անկումը, իսկ Չեռնոգորիայում թուրքերի ձեռնարկած բոլոր գործողությունները նրանց համար ցանկալի արդյունք այդպես էլ չարձանագրեցին: Իսկ ռուս-թուրքական պատերազմի առաջին իսկ կրակոցից հետո նրանք բոլորը, ներառյալ Բոսնիայի և Հերցեգովինայի ապստամբները, միայն ուշադիր հետևում էին, թե ում կողմն է թեքվում հաղթանակի նժարը: Ինչ վերաբերում է ռումինացիներին, ապա նրանց կանոնավոր զորամիավորումները հայտնվեցին ռուսական զորքերի կողքին հետևյալ հանգամանքների բերումով. ռուսական միապետ Ալեքսանդր II-ը, որը պատերազմի մեծ մասն անցկացրեց գործող բանակում, խնդրեց ռումինական իշխան Կառլից նախքան ռուսական համալրումների ճակատ հասնելը օգնություն տրամադրել իրենց: Ընդառաջ գնալով ռուսական միապետի խնդրանքին` իշխան Կառլը 1877 թ. հուլիսի 20-ին ռումինական 1 դիվիզիա ուղարկեց Նիկոպոլի շրջան, որոնք էլ մի քանի օր անց միացան Պլևնեի մոտ տեղում մեխված ռուսական զորքերին: Որպեսզի չշեղվենք արդեն իսկ կոնկրետ թեմայից շեղում հանդիսացող այս շարադրանքից, այստեղ չեմ ուզում խորանալ ռումինական քաղաքականության խիստ յուրօրինակ մանրամասների մեջ, բայց և չեմ կարող ընդհանրապես առանց մեկ խոսք ասելու շրջանցել այն: Այսպես ուրեմն, երբ Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի նախագահ Պուանկարեն արտասանեց իր հայտնի` «Բոլորը շտապում են հաղթողին օգնության» թևավոր դարձած խոսքերը, ապա նախապատկերը կարծես վերցրած լիներ հենց Ռումինիայից, որոնք ուղղակի ճարպկության և աչքաբացության հրաշքներ էին գործում հաղթող բանակի գումակի վերջին սայլից վերջին պահին կառչելու արվեստում, որպեսզի, Աստված մի արասցե, չլինի թե հանկարծ մասնակիցը դառնային արյունահեղ մարտական գործողությունների, բայց և միաժամանակ ավարը բաժանելու պահին անպայմանորեն հայտնվեցին առաջին շարքում կանգնած պետություններից մի բան էլ առաջ: Պլևնեին տիրելու երրորդ անհաջող փորձից հետո, ինչպես և նման հանգամանքներում ամենուրեք, ռուսական թե ռազմական, թե քաղաքական վերնախավում ծայր առավ հարաբերությունները պարզելու երևույթը: Գործող բանակի գլխավոր հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը (ավագը), ինչպես նաև ռուսական շտաբի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ հարց բարձրացրին հետ քաշել զորքերը Պլևնեի շրջակայքից, ընդհանրապես վերադառնալ Ռումինիա և ռազմական գործողությունները վերսկսել միայն հաջորդ տարվա գարնանը: Ալեքսանդր II-ն ինքն էլ գտնվում էր շփոթահար ու տատանվող վիճակում և համարում, որ` «Պետք է խոստովանել, որ ներկա կամպանիան մեզ չհաջողվեց»: Եվ միայն ռուսաստանի ռազմական նախարար Դ. Միլյուտինի, ինչպես նաև գործող ջոկատների մի քանի հրամանատարների եռանդուն միջամտությունից հետո, որոնք աներեր կանգնած էին այն դիրքերի վրա, որ ոչ միայն բացարձակապես անընդունելի է նահանջել գրավված տարածքներից, այլև հարկ է էլ ավելի ուժեղացնել ճնշումը հակառակորդի վրա և այն բանից հետո, երբ ճակատ կհասնեն Ռուսաստանում մոբիլիզացված գվարդիան և գրենադերները, սեղմել օղակը Պլևնեի շուրջը և թուրքերին ստիպել հանձնել քաղաքը, ցարը վերջնականապես որոշում կայացրեց շարունակել ռազմական գործողությունները: Ի դեպ, գլխավոր հրամանատարը, մի տեսակ մանկամտորեն նեղանալով, որ վիճակ նետվեց հօգուտ իր ունեցած կարծիքին տրամագծորեն հակառակ տեսակետի, դիմեց ռազմական նախարարին, թե` «Եթե այդպես եք կարծում, ապա ինքներդ էլ եկեք ու ընդունեք հրամանատարությունը, իսկ ես խնդրում եմ ազատել ինձ այդ պաշտոնից»: Ազատելը` չազատեցին, բայց ղեկավարել Պլևնեի գրավման առաջիկա գործողությունը հանձնարարեցին հենց այդ նպատակով Պետերբուրգից շտապ ռազմաճակատ կանչված գեներալ Տոտլեբենին: Իսկ նորամշակ պլանի հիմքում դրված էր չափազանց պարզ մի միտք, բայց ես ինձ իրավունք չվերապահելով սենյակային «իմաստունի» դիրքերից խելք սովորեցնել ռազմական փայլուն կրթություն ստացած և պատերազմի ճանապարհ ներով բազմահազար վերստեր քայլած մարտական գեներալներին, կարող եմ միայն մտովի տարակուսել, թե այդ պարզ միտքն ինչպե՞ս է, որ ավելի վաղ չէր այցելում նրանց: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ