Հեգնալի դիպված «Միսս Վրաստանը»` ՌԴ քաղաքացուհի


Վրաստանի ամենագեղեցիկ աղջկա ընտրությունը կարող է քաղաքական խայտառակության վերածվել: Մի քանի օր առաջ 19-ամյա Ժանետ Կերդիկոշվիլին արժանացել է «Միսս Վրաստան-2011» տիտղոսին: Բայց պարզվել է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և որոշ տվյալներով` ընդհանրապես Վրաստանի քաղաքացիություն չունի: Աղմկահարույց այս նորությունն անցյալ շաբաթավերջին հաղորդել է «Peal-TV»¬ն. - Նրա վրացական անձնագիրը և անձը հաստատող վկայականները չեղյալ են համարվել` Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու պատճառով,¬ տեղեկացրել է հեռուստաալիքը` նշելով, որ Ժանետը Վրաստանի տարածքում է` առանց մշտական հասցեի: Լրատվամիջոցները հավաստել են, որ այդ տեղեկատվությունն արդեն ճշգրտվում է: Իսկ մրցույթի կազմակերպիչները չեն հերքում, որ հաղթողն, իսկապես, ՌԴ քաղաքացի է: Ավելին, նրանք պնդում են, որ աղջիկը նաև Վրաստանի քաղաքացուհի է: Այս պնդումը կրկնում է և նորընծա գեղեցկուհին: Սա արդեն երկրորդ խայտառակությունն է, որից երևի անմասն չէ գեղեցկության մրցույթի կազմակերպիչը: Մինչ այս վերջին միջադեպը, Վրաստանի գեղեցկուհի էր հռչակվել դատվածություն ունեցող և ամուսնացած մի կին: