Առաջին «չորքոտանի բժիշկները»


 

Իսկապես` շունը մարդու բարեկամն է: Եվ ոչ միայն մարդու կողքին ապրելով, նրա անձն ու ունեցվածքը պաշտպանելու առումով: Իտալացի մասնագետները համոզվել են, որ հատուկ պատրաստություն անցնելուց հետո, շները կարող են ճշգրտորեն ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Ընդ որում` երբ դրանք դեռ նոր-նոր են ձևավորվում մարդու օրգանիզում (գրել է Corriere dellΖ SerΖ թերթը):

Լյուսի և Գլեն լաբրադոր ցեղատեսակի շներն առաջին «չորքոտանի բժիշկներն» են, որոնց աշխատանքի են ընդունել իտալական հիվանդանոցներից մեկում: Կենդանի այս «լաբորատորիաները» նախապատրաստել են Մեծ Բրիտանիայում: Նրանք հոտառությամբ անսխալ զգում են ուռուցքի գոյությունը: Ավելին, դրանք զգում են շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի նվազումը և կարող են ախտորոշել մակերիկամի գործունեության խաթարումը: Գուցե նաև այլ հիվանդություններ...

Եթե Իտալիայում առաջին անգամ է այս մեթոդը կիրառվում, ապա Մեծ Բրիտանիայում շները վաղուց բժիշկների օգնականներն են:

- Ավելի քան 15 տարի մենք հետազոտում ենք շների հնարավորությունները և նրանց համար աշխատանք ենք պատրաստում կլինիկաներում: Ամենակարևոր եզրահանգումը, որ մենք կատարել ենք. քաղցկեղային բջիջներն իրենց հոտը ունեն` ինչպես բացիլներն ու մանրէները: Եվ այդ պատճառով դրանք կարող են բացահայտվել շների կողմից,- ասել է բրիտանացի բժիշկ Քլեր Գեստը:

Փաստորեն քաղցկեղային բջիջները հատուկ հոտ ունեն, որն արտազատվում է շնչառությամբ և մեզի մեջ: