«Դելփյան խաղեր»-ի հաղթափայլը


Վերջին շրջանում ամենից ավելի արգասաբեր են երաժշտարվեստի զարգացմանը տրամադրված պետական ֆինանսական ներարկումները: Իրարահաջորդ հաջողություն ները կայուն երաշխիք են դառնում բնագավառին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու: Բելառուսում անցկացված ԱՊՀ երկրների V երիտասարդական «Դելփյան խաղեր»-ին մասնակցած 13 հայ երեխաների փայլուն նվաճումները ամրապնդեցին հավատը մատաղ սերնդի առկա ներուժի նկատմամբ: Յոթ անվանակարգերում («Կրկես», «Ջութակ», «Թավջութակ», «Դասական երգեցողություն», «Դաշնամուր», «Շեփոր», «Կերպարվեստ») 10 երկրների ներկայացուցիչների հետ մրցակցելով` մեր պատվիրակներից որևէ մեկը ձեռնունայն չմնաց: 2 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալները և 7 դիպլոմները պերճախոս հավաստիքն են երաժշտարվեստի ասպարեզում նրանց հաղթական նորամուտի: Կարծում եմ, 2002-2008 թթ. «Դելփյան խաղեր»-ում 73 հայ մասնակիցների արձանագրած ընդհանուր հաջողությամբ (14 ոսկե, 8 արծաթե, 12 բրոնզե մեդալներ և 22 դիպլոմներ) էր հիմնականում պայմանավորված ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի որոշումը. հաջորդ` վեցերորդ «Դելփյան խաղեր»-ը Հայաստանում կազմակերպելու մասին: Կարևորում եմ այն հանգամանքը, որ քաղաքամայր Երևանից ընդգրկված Սոնային, Լուսինեին, Անժելային, Նորայրին, Արսենին ու Անահիտին այդ հեղինակավոր մրցույթում իրենց բնատուր կարողությունների կոնկրետ դրսևորումներով չզիջեցին արմավիրցի Նարեկն ու Անահիտը, գյումրեցի Դավիթը, վանաձորցի Նաիրան և կոտայքցի Անին: ՀՀ մարզերում շնորհալիներ ի հայտ բերելու գործընթացների արդյունավետության հուսադրող այս նախանշանները հիմք են տալիս մշակույթի հետագա զարգացման նախագծերում մարզերի մասնակցության տեսակարար կշիռն ավելացնելու, ակտիվությունն առավել աշխուժացնելու համար: Լայնասմասշտաբ միջոցառումներն, անշուշտ, հավելյալ ֆինանսական ներդրումներ են պահանջում: Բայց քանզի դրանք միանգամայն արդարացվում են վերջնարդյունքով, ուզում եմ հավատալ, որ պետությունը ուղիներ կգտնի նյութականի արգելապատնեշը հաղթահարելու ի նպաստ համահայկական մշակութային բարգավաճ ման: Կևորկովից մինչև Գևորգյանց Եթե կարողանում ես ապրածդ օրերի վայրիվերումները հանրագումարել կենսահաստատ հումորով, ամպամած ներկայիդ դժվարություններին դիմակայել վաղվա հաջողութ յուններիդ ծլարձակող սերմերի գոտեպնդող զորությամբ, ուրեմն պիտանի ես ապագայամետ արարմանը: «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կեսդարյա հոբելյանին նվիրված երեկոյի յուրօրինակ բնաբանի հայտով Մալյան թատրոնի ներկայացրած երգիծական մանրապատումը, արված «Նեսոյի քարաբաղնիս»-ի նմանողությամբ, հենց այդպես ընկալվեց հանդիսասրահի կողմից: Այնուհետև փաստացի վավերացվելով միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի` 50 տարիների համապատկերն ուրվագծող ամփոփ խոսքով: 13-ամյա պատանի էր, երբ կինոգործիչների շենքի իրենց բնակարանում ժամանակի հայ անվանիների հավաքական կամքով կազմավորվում էր ստեղծագործական վերջին` կինեմատոգրաֆիստների, համքարությունը, որի առաջին նախագահը նրա հայրը դարձավ` Ստեփան Կևորկովը: Հասակ առնելով աշխույժ կինոմիջավայրում, յուրացնելով կինոընտանիքի կարկառուն հայրերի` հատկապես ամենաերկարակյացի` Սերգեյ Իսրայելյանի աշխատանքային փորձի իմաստուն դասերը, այսօր ինքն է ուղղորդում հայկական կինոարվեստի մշակների միասնական առօրյան ծախսաշատ ոլորտի զարգացումը կասեցնող ու սահմանափակող ոչ մշակութանպաստ պայմաններում: Անդրդվելի համերաշխությամբ պահպանելով շենքը` հայ կինոգործիչները, մեծ նվիրումով շարունակում են ապագայի ծրագրեր մտմտալ, անձնական նախաձեռնությամբ հատուկենտ կինոժապավեններ նկարահանելուն հընթացս նոր սերնդի փշոտ ճանապարհը հարթելու փորձ անել «Ես եմ» կինոփառատոնի հաստատմամբ: Վերջին տարիներին օրավուր ընդլայնվող պետական աջակցությամբ ու անդավաճան մեկենասների սատարմամբ ենթադրում են շուտով ազատագրվել կինոարտադրության ճգնաժամային գերիշխանությունից: Հոբելյանի առիթով ստվերում մնացող կինոմշակներին ՀՀ Մշակույթի նախարարության շնորհած պատվոգրերն ու ոսկե մեդալները հոգևոր-բարոյական նոր լիցքերով են ամրացնում այդ հավատը: Մոտ 2 տասնյակ պարգևատրվածների շարքում գերակշռում են նրանք, առանց որոնց հնարավոր չէ ապահովել կինոժապավենի ավարտուն լիարժեքությունը: Վետերանների հետ միաժամանակ խրախուսվում են միջին ու կրտսեր սերունդների ներկայացուցիչները` երախտապարտ արժանացած բարձր գնահատության համար: Կինոօպերատորներ Ռուդոլֆ Ժամհարյանն ու Սարգիս Սարգսյանը, Ռոբերտ Բալասանյանն ու Արմեն Խաչատրյանը, Ստեփան Մարտիրոսյանն ու Յուրի Բաբախանյանը, կինոբեմադրիչներ Հրանտ Հակոբյանն ու Միքայել Դովլաթյանը, հնչյունային օպերատոր Յուրի Սահակյանն ու կինոինժեներ Լարիսա Ստեփանյանը… Մյուսները: Արժանավորների ցանկը չափազանց մեծ է միանգամյա բավարարություն ստանալու համար: Նոր կինոառիթներն անպայման կգոհացնեն բոլոր վաստակաշատների ակնկալիքները տիկին Պողոսյանի պաշտոնական հավատընծա պատրաստակամությամբ: Պատեհ առիթներ կարող են լինել մտահղացված նախագծերի փուլային կենսագործումները. 3 նոր կինոթատրոնների շինարարությունը միութենապատկան տարածքում, առաջիկա համագումարը, ամենամյա դարձած կինոփառատոները… Զինվենք լավատեսությամբ` ներշնչված հոբելյանամեծար երեկոյի զվարթ տրամադրությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ