«Հավասար ենք»


Մեր հանրապետությունը ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի և այլ բացասական գործոնների հետևանքով «ժառանգեց» նաև սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկիկ: Այժմ ՀՀ-ում կան շուրջ 140 հազար հաշմանդամներ, ովքեր կարիք ունեն առանձնահատուկ ուշադրության և հոգատարության: Գործող որոշ ՀԿ-ներ փորձում են փոքրիշատե թեթևացնել հաշմանդամների հոգսերը, վերացնել այն պատնեշը, որ կարող է գոյություն ունենալ նրանց և հասարակության առողջ անդամների միջև: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումների 10-օրյա ծրագիր էին նախապատրաստել «Շենացնենք մեր գյուղը» նախագահ` Անահիտ Թովմասյան և «Լույսի աստղ» հասարակական կազմակերպությունները: Ծրագիրն սկսվել էր ծերանոցներ, մանկապարտեզներ, ծննդատներ և հաշմանդամների ընտանիքներ այցելություններով, որոնք ուղեկցվում էին մշակութային ծրագրերով ու նվիրատվություններով: - Մենք փորձում ենք մեր գործունեությամբ օգտակար լինել հաշմանդամ մարդկանց, նրանց ընդգրկել մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, որպեսզի հաշմանդամն իրեն զգա կատարյալ մարդ, մեր հանրապետության լիարժեք քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ,- ասում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ նախագահ Անահիտ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Դավթաշեն համայնքի շուրջ 1000 հաշմանդամ երեխաներ ստացան հումանիտար օգնություն: Անցկացվեց նաև հեռախոսամարաթոն, որի ընթացքում կազմակերպությունում ընդգրկված կամավորներն իրականացրին շուրջ 2000 հեռախոսազանգ` գործարարներին և պաշտոնատար այրերին առաջարկելով մի փոքր ուշադրություն ցուցաբերել հաշմանդամների նկատմամբ: Միջոցառումների շարքն ամփոփվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված աշխույժ համերգով, որին մասնակցեցին ինչպես հաշմանդամ կատարողներ, այնպես էլ հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիներ: Համերգին ներկա էին 500 հաշմանդամ և 500 առողջ երեխաներ ու երիտասարդներ: Խոսուն էր համերգի կարգախոսը` «Հավասար ենք», որն էլ դարձավ օրվա խորհուրդն ու նպատակը:

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ