«Դրսի» վտանգներին կարելի է դիմակայել միայն «ներսինը» հաղթահարելով


Թեպետ վերջին ամիսների հայաստանյան քաղաքական իրողությունները ձևական, բայցևայնպես առողջ տրամաբանության տեսանկյունից տեղավորվում էին կանխատեսելիության շրջանակներում, այնուամենայնիվ, հատկապես նախորդ շաբաթներին ուրվագծվեցին բեկումնային իրադարձությունների հեռանկարներ: Ի դեպ` թե° արտաքին քաղաքական, թե° ներքաղաքական կյանքում: Ներքաղաքական կյանքի ստորջրյա խութերը Որքան էլ հեռու մնանք «ցուլի տակ հորթ որոնելու» լրագրողական ընդունված «մարտավարությունից», միևնույն է ի հայտ, են գալիս ակնհայտ փաստեր, որոնցից բխող հետևությունները միայն կարող են ստեղծված ու ստեղծվելիք իրավիճակի իրատեսական և ճշմարտությանը մոտ գնահատական տալու հնարավորություն ընձեռել: Առաջին` շատ անակնկալ և նույնքան ողբերգական «փաստը» վարչապետ Ա. Մարգարյանի անակնկալ մահն էր: Ցավալի իրողություն, որը հարյուր տոկոսով անկանխատեսելի էր, հետևաբար նախնական բոլոր սցենարները, որոնք դրված էին քաղաքական դաշտի «մեծ սեղանին», անհրաժեշտաբար սրբագրվեցին և խմբագրվեցին: Իհարկե, շատերի կարծիքով, քաղաքական դասավորության ընդհանուր պատկերը դրանից չփոխվեց, բայց մակերեսին չերևացող ներքին տեղաշարժերն, այս պարագայում, կարծում ենք, պարզապես անխուսափելի են: Սերժ Սարգսյանը ստանձնեց Վարչապետի լիազորությունները` ըստ այդմ պատասխանատվության ահռելի բեռը կրելու հոգեբանական նախապատրաստության փուլը պարտադրված «շրջանցելով»: Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրադրության մասին խոսելն ավելորդ կլիներ, եթե նրբություններ պարունակող որոշ հանգամանքներ լուրջ խորհրդածությունների տեղիք չտային: Խնդիրն այն է, որ թե° Արևմուտքը, թե° Ռուսաստանը Սերժ Սարգսյանին ընդունում են որպես գործող նախագահի հավանական իրավահաջորդ: Այս պահի դրությամբ, թվում է, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն դեմ չեն ո°չ Արևմուտքը, ո°չ Ռուսաստանը: Սակայն աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների արդյունքում, հնարավոր են կոնյունկտուրային փոփոխություններ` ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի դիրքորոշումներում: Ըստ այդմ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ առաջիկա ընտրությունները որպես գործիք ու լծակ օգտագործվեն` հնարավոր բացթողումների ամբողջ պատասխանատվությունը նորանշանակ վարչապետի վրա բարդելու համար: Սա այնքան էլ զուտ տեսական տարբերակ չէ, եթե հաշվի առնենք, որ, որպես, կանոն ռուս-ամերիկյան «ջրերը» նույն հունով երկար չեն հոսում: Կարճ ասած` մինչ ընտրությունները Ս. Սարգսյանի Վարչապետ դառնալը գերտերությունների հակընդդեմ «խաղերի» պատճառով, վերջինիս կարող է դարձնել խոցելի: Դժվար է ասել` օրինաչափորե՞ն, թե՞ պարզ զուգադիպությամբ` Վարչապետի մահից հետո, սրվեցին հակասությունները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Որպես առիթ հանդիսացան հիմնականում երկու իրադարձություններ` Արմավիրի քաղաքապետի ընտրությունները և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոր աղմկահարույց հարցազրույցը: Այս երկու իրադարձություններն էլ մանրամասն լուսաբանվել են մամուլում, ուստի դրանց կրկին անդրադառնալու կարիքը չկա: Արձանագրենք միայն հետևյալը. վերջին իրողությունները ստիպեցին սրբագրումներ կատարել այն կանխատեսումներում, որ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը ընթանալու է հարթ, առանց պայթյունավտանգ իրավիճակների: Դժբախտաբար (իսկ շատ քաղաքական ուժերի համար` բարեբախտաբար), հետզհետե ի հայտ են գալիս նոր ստորջրյա խութեր, որոնց բարեհաջող հաղթահարումը շատ դժվար է լինելու, եթե չասենք` անհնարին: Կրկին «հայի բա՞խտ»` աշխարհաքաղաքական զարգացումներում Անցյալ շաբաթ ԶԼՄ-ների քննարկման թիվ 1 թեման Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից ռազմական հարված հասցնելու` քաղաքագետներին խիստ իրատեսական թվացող հեռանկարն էր: Նույնիսկ նշվում էր ճշգրիտ օրը և ժամը, ապրիլի 6. ժամը 16.00: «Ավանգարդը» նույնպես անդրադարձավ այս թեմային` միանշանական բացառելով` կոնկրետ այս ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սանձազերծումը: Բարեբախտաբար, այդ վերլուծությունը ե դրանից բխող հետևությունները ճիշտ դուրս եկան: Մեր տարածաշրջանը առայժմ զերծ մնաց արյունալի պատերազմի թատերաբեմ դառնալուց: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, թե պատերազմի սպառնալիքը ընդհանրապես վերացել է, կամ գոնե թուլացել: Մեր կանխատեսումներով` Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագիրը պարզապես հետաձգվել է, և խիստ հավանական է, որ այն օրակարգում կրկին հայտնվի ամռան վերջերին կամ աշնան սկզբին: Մինչ այդ Ջ. Բուշը կփորձի համոզել ինչպես ամերիկյան կոնգրեսին ու ժողովրդին, այնպես էլ ՄԱԿ-ին, Եվրամիության առանցքային երկրներին, որ Իրանին ուժով ծնկի բերելու տարբերակը այլընտրանք չունի: Անկախ այն հանգամանքից, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի քարոզչական «դեմարշները» պտուղներ կտան, Բուշը կարող է որոշում կայացնել գնալու «վա բանկ», քանի որ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին մնացած կլինի ընդամենը հաշված ամիսներ: Այսինքն, նա արդեն կորցնելու բան չի ունենա: Բազմիցս ենք շեշտել, որ իրանա-ամերիկյան պատերազմից ամենատուժող երրորդ կողմը լինելու է Հայաստանը: Այս կանխատեսման հավաստիությունն այնքան ակնհայտ է, որ, թվում է լրացուցիչ փաստարկների և ապացույցների անհրաժեշտություն բոլորովին չկա: Սակայն, ինչպես «լեզուն ոսկոր չունի», այնպես էլ որոշ քաղաքագետների «ֆանտազիան» սահմաններ չունի: Զորօրինակ այդ «որոշները» գտնում են, որ ԱՄՆ-Իրան պատերազմի պարագայում ԼՂ բանակցային գործընթացը երկար ժամանակով կսառեցվի: Այս «դրական» ու անհեթեթ թեզը կարելի է ջախջախել ընդամենը մեկ արձանագրումով, իրանաամերիկյան ռազմական հակամարտության պարագայում խիստ հավանական կդառնա լայնածավալ պատերազմի վերսկսումը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ուրեմն էլ ինչ բանակցային գործընթաց... կամ դրա «տաքացում» ու սառեցում: Հետևաբար, ԱՄՆ-ն մինչև Իրանին ռազմական հարված հասցնելը, բոլոր ջանքերը կենտրոնացնելու է ղաբարաղյան թնջուկը լուծելու ուղղությամբ: Վտանգ կա, որ Ադրբեջանին շողոքորթելու, վերջինիս տարածքը որպես ռազմաբազա Իրանի դեմ օգտագործելու նպատակով, ԱՄՆ-ն ներկայացնի ԼՂ հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ սցենար և առաջիկա ընտրություններն օգտագործի որպես ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու հարմար լծակ: Մեր տարածաշրջանում հասունացող պատերազմը, անկասկած, է°լ ավելի է սրելու ռուս-ամերիկյան հարաբերությունները, և երկու գերտերություններն էլ այլևս դժգոհ են լինելու հայկական կոմպլեմեն տարիզմից: Իսկ միանշանակ «թեքումը» դեպի Արևմուտք կամ Հյուսիս, հղի է գերտերություններից որևէ մեկի «կրունկի» տակ ընկնելու վտանգով: Որոշ քաղաքական մեկնաբաններ խորհուրդ են տալիս կոմպլեմենատարիզմը փոխարինել «բալանսավորված» արտաքին քաղաքականությամբ, սակայն, կարծում ենք` այդ երկուսի միջև էական տարբերություն չկա. հետևաբար այն չի կարող գոհացնել ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին: Մի խոսքով, Հայաստանը հայտնվել է սպառնալից արտաքին մարտահրավերների նախաշեմին, և դիմակայել կարելի է միայն ներքին համախմբվածությամբ, գերճկուն կոնցեպտուալ դիվանագիտությամբ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ