Կուսակցություններն իրատես են դարձել


 

Քարոզարշավի և դրան հաջորդող` ընտրական հնարավոր գործընթացների մասին է զրույցը «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

Մի քանի օր է արդեն` սկսվել է քարոզարշավը, և հավանաբար Դուք նույնպես դիտարկումներ եք կատարել: Ինչպե՞ս կբնութագրեք քարոզարշավի ընթացքը, որո՞նք են դրա յուրահատկությունները:

- Եթե հաշվի չառնենք ՀԱԿ-ի մերժողական դիրքը, կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է կոռեկտության սահմաններում: Քաղաքական ուժերը զուսպ են քննադատության մեջ, փորձում են ցույց տալ իրենց առավելությունը` առանց նշելու ուրիշների թերությունները: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն խուսափում են միմյանց ամբաստանելուց, խոսում են ընդհանուր` չիրականացված պլանների մասին, չիրականացված խոստումների մասին: Այժմ ընթանում է տնտեսական ծրագրերի պայքար, քանի որ բոլոր ընտրախավերի համար ամենահրատապը տնտեսական սպասելիքներն են: Ընտրողներն իրենց ձայնը կտան այն կուսակցությանը, որն ավելի ծանրակշիռ ծրագիր կներկայացնի, որը կարող է հանգեցնել տնտեսական աճի, գործազրկության կրճատման, կբարձրացնի բյուջետային աշխատողների աշխատավարձը:

Այսինքն, հիմա մրցակցությունը ծրագրերի՞ միջև է:

- Այո: Բոլոր կուսակցությունները հասկանում են, որ մի երկրում, որտեղ գլոբալ տնտեսական ճգնաժամը բավական ազդեցություն է թողել, կրկնապատկվել է աղքատների քանակը, անհնար է խոսել ավելի բարձր և ամբիցիոզ նպատակների մասին:

Այսինքն, ցանկանում եք ասել, որ քաղաքական ուժերն այսօր ավելի իրատես են և հասկանում են, թե ինչը պետք է շեշտադրել և ինչ ուղղությամբ աշխատել:

- Համամիտ եմ ձեզ հետ, որովհետև բոլորի ծրագրերում առաջնահերթությունը տրվում է տնտեսական խնդիրներին: Դրանով է բացատրվում ԲՀԿ-ի ձևավորած բավական մեծ ընտրազանգվածը, իշխանամետ ընտրազանգվածի մեծությունը, որոնք տեսել են, որ այս տարիների ընթացքում բյուջետային աշխատավարձը չի նվազել, սոցիալական փաթեթ է առաջացել: Մենք ունենք մոտ 300 հազար պետծառայող, ուսուցիչ, բժիշկ, բանակի սպայական մշտական կազմ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներ: ՀՀԿ-ն կարողացել է պահպանել նրանց աշխատավարձերը, նաև որոշ բարձրացումներ են եղել: Բացի դրանից, կա նաև պահպանողական ընտրախավ, որը դեմ է փոփոխություններին` վախենալով, որ հնարավոր փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց վրա: Ուստի, ամեն ինչ անում են, որպեսզի մնա նույն իշխանությունը: Կա ծայրահեղական ընտրազանգված (որն աջակցում է ՀԱԿ-ին), կա չափավոր և կենտրոնամետ (որի վրա հենվում են ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»): ԲՀԿ-ն կարողացավ որոշ չափով առանձնանալ կոալիցիայից, և հիմա նրա ընտրազանգվածի աճը պայմանավորված է հիմնականում ընդդիմադիր դաշտից իրեն աջակցողների քանակով: Ակնկալվում է, որ ընտրություններին մասնակցողների քանակն այս տարի ավելի բարձր կլինի:

- Այս տարի կուսակցություններն իրենց անդամների թվերը չեն հրապարակում` ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ հրապարակված թվերի հանրագումարն ավելի մեծ էր ստացվում հանրապետության բնակչության թվից:

- Կուսակցությունները բաժանվում են երկու տիպի` կադրային և մասայական: Կադրայինում կա գրանցված անդամության կարգ, որտեղ գրանցվում ես որևէ բջիջում և սկսում ես ակտիվորեն մասնակցել կուսակցական կյանքին: Նման կուսակցություն է ՀՅԴ-ն: Մասայական կուսակցության պարագայում մարդը պարզապես հայտարարում է, որ ինքը տվյալ կուսակցությանը համակրում է: Մեր դիտարկումները հուշում են, որ ակտիվ բնակչության միայն 9-10 տոկոսն է իրեն կուսակցական համարում, այդ թիվը կազմում է 150 հազար: Իսկ ձեր նշած` թվերի հայտարարությունը քարոզչական հնարք է, որ ցույց տան, թե իրենք հաղթող ուժ են:

Խորհրդարանական կուսակցությունների ստեղծած միջկուսակցական միասնական շտաբը Ձեր կարծիքով որքանո՞վ կարող է նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանն ու արդարացիությանը:

- Մենք ունենք մոտ 2000 ընտրատեղամաս: Դրանցում պետք է լինեն նաև դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բայց ես չեմ կարծում, թե օրինակ, Վերին Կարմիր Աղբյուր գյուղում այդ միասնական շտաբը դիտորդ կամ վստահված անձ ունենա: Դա ընդամենը դարձյալ քարոզչական հնարք է, որ տեսեք` մենք կանք և թույլ չենք տա ընտրակեղծիքներ լինեն: Ակնառու է` որտեղ իրենց ձեռքը հասնի, չեմ բացառում, որ դրական ազդեցություն լինի: Բայց խնդիրը միայն ներկայացուցիչ ունենալը չի: Նաև հարկավոր է, որ ներկայացուցիչը չվաճառվի, իրապես աշխատող մարդ լինի: Իմ լավատեսության հիմքերն այլ են: Ընտրություններում մրցակցում են երկու ծանրքաշային խաղացողներ` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Նրանք կարող են թույլ չտալ, որ ընտրակեղծիքներ լինեն: Այսօր ընտրողների գերակշռող մասն ազնիվ ընտրողներ են, արդարության կողմնակից: Նրանք իրենց համոզմունքը չեն վաճառի ոչ մի գումարով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ