ՎԱՆՅԱՆ-ԶԱԴԵՆ ՀԱՍԱՎ ՆՊԱՏԱԿԻՆ


 

ԳՈՒՅԺ. այսօր Գյումրիում կբացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Դեռ մեկ տարի առաջ Երևանում նմանաբովանդակ փառատոն կազմակերպելու գաղափարի տապալումից հետո Գեորգի Վանյանին այս անգամ հաջողվել է Գյումրիում իրագործել եղկելի իր ծրագիրը: Ադրբեջանական մամուլի, կինոգործիչների և պատմաբանների խանդավառ ընդունելությունը նրա համար վեր է ամեն ինչից: Ասում են` ադրբեջանցիներն անգամ որոշել են Վանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնել` խաղաղության գծով: Ավելի ճիշտ կլինի` ծախվածության բարձրագույն մրցանակ սահմանել: Բայց երեկվա քոչվորների միտքն այդքան արագ չի գործում: Նրանք նշում են, թե Վանյանն անգամ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի հողերը:

Թե ո՞վ է հովանավորում Վանյանին` նման նախաձեռնություններ կյանքի կոչելու համար` ստույգ չգիտենք, բայց հազիվ թե այս ամենն իր «բարձր հովանավորները» չունենար: Ժամանակ առաջ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Մազմանյան Արմենը կամենում էր Վանյանին նշանակել բուհի վանաձորյան մասնաճյուղի տնօրեն, սակայն մարզային իշխանությունները խոչընդոտեցին այս նշանակմանը: Ասում են, որ Մազմանյանը հիմա էլ նրան ցանկանում է Գյումրու մասնաճյուղի տնօրեն նշանակել, ուստի հենց Գյումրին էլ ընտրված է որպես փառատոնի վայր: Ասում են, որ տնօրեն նշանակվելուց հետո Վանյանը մտադիր է մասնաճյուղում ներդնել ադրբեջաներեն լեզվի և ադրբեջանական թատրոնի պատմության ուսուցումը: Դե, այդ դեպքում Մազմանյան Արմենն էլ հավանաբար ֆիլմ նկարահանի իր ու վանյանակերպ հայերի և ադրբեջանցիների խո˜րը բարեկամութ յան մասին...

Այս առնչությամբ Գյումրիում տեղի ունեցած հուզումներն արդյունք չտվեցին: Քաղաքապետը և հասարակական մի շարք կազմակերպություններ երեկ հրապարակավ դատապարտել են ուրացության այդ «թամաշան»` Գ. Վանյանին անվանելով Հուդա:

Լպրծուն այս արարքին իր ուրույն գնահատականը տվեց նաև կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆԸ.

- Ազգային դավաճանության ամենացայտուն օրինակ, ինչպես այս փառատոնի կազմակերպումն է` անհնար է գտնել: Սրանով մենք պղծում ենք ավելի քան 5 հազար նահատակների հիշատակը: Գեորգիվանյանների նմաններին հարկավոր է բացատրել մի բան. Հուդան 30 արծաթով ծախեց Քրիստոստին, իսկ դուք 5 հազար զոհերի արյան անարգմամբ ծախում եք հայրենիքը:

Ովևէ գյումրեցի այսօր իրեն թույլ կտա՞ ներկա գտնվել նողկալի այդ արծաթասիրության զազրահանդեսին: