Նշաններ և ապացո՞ւյց եք ուզում


Լոնդոնյան լրատվամիջոցները հետաքրքիր մի նորություն են հաղորդել. համաշխարհային գիտությունը, հավանաբար, ՀԻՍՈՒՍԻ գոյությունը վկայող ևս մեկ աղբյուր է հայտնագործել: Դրանում նկարագրված են Աստծո Որդու երկրային կյանքի վերջին տարիները (տեղեկացրել է «Վեստի ru»¬ն): Գիտնականների խումբը կարողացել է վերծանել Հորդանանում գտնված հնագույն ձեռագրի սրբազան տեքստը, որը գրված է արճիճի վրա` 2 հազար տարի առաջ: Կապարի նուրբ թերթերի վրա գրված վերծանյալ տեքստը հին հրեերենով է: Ընդ որում, հետաքրքրական է, որ ձեռագրի հեղինակները նաև բավականաչափ հիերոգլիֆներ են օգտագործել: Հիշեցնենք, որ 5 տարի առաջ Հորդանանի հյուսիսային հատվածում տեղաբնակները շուրջ 70 գրքեր էին հայտնաբերել: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է կապարե մի քանի էջերից` մետաղալարով իրար ամրացված: Արժեքավոր այդ գանձի մասին նրանք սկզբում որոշել էին լռել` կամենալով դրանք վաճառել աշխարհի ամենահին գրադարանին: Սակայն ամենայն գաղտնիք, վաղ թե ուշ` բացահայտվում է: Ինչ վերաբերում է վերջին հայտնագործմանը, ապա Օքսֆորդի համալսարանի գիտնականներն առավելագույն ջանքերի գնով վերծանել են ձեռագրի տեքստը: Իհարկե` մասնակիորեն: Ձեռագրում հիշատակվում է Մեսիա և Համբարձում. հետազոտողները գտնում են, որ խոսքը ՔՐԻՍՏՈՍԻ մասին է: Առայժմ հասանելի է այս հակիրճ լրատվությունը, սակայն սպասվում է, որ հնագույն գրքերի վերծանումների նոր մանրամասներ դեռ կհրապարակվեն: