ԱՓՍՈՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԿՈՐՑՐԻՆՔ ԶՆԱԲԵՐԴԸ


 Սահակ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Ծնվել է 1952թ., Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Զնաբերդ գյուղում: 1988թ. դեկտեմբերին մասնակցել է Վայքի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը: 1990թ. մարտին մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանական մարտերին, 1990-91թթ.` Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը: 1991թ. մայիս-հունվարին մասնակցել է Լաչինի, Ղուբաթլուի մարտական գործողու-թյուններին: 1991թ. մահապարտների «Արծիվ» ջոկատի կազմում մասնակցել է Վանք, Վաղուհաս գյուղերի ազատագրմանը: 1993թ. ապրիլ-մայիսին Ապարանի գնդի կազմում մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին:

- Էդիկ Տոռոզյանին ճանաչել եմ 1975թ.-ից: Համապատասխան պայմանագրի համաձայն դետալներ էինք պատրաստում, ուղարկում Ռուսաստան: Օգտագործվում էին ռադիոտեխնիկայի ասպարեզում: «Սապֆիր» արտադրական միավորումում էինք աշխատում: Էդիկը նախագծող էր, ես` խառատ: Ինքը դետալներ էր բերում, բացատրում, թե ինչ պետք է անել, ես սարքում էի: Նրան ավելի մոտիկից ճանաչեցի Շարժման օրերին:

Մի օր մոտեցա նրան, խնդրեցի. «Էդի´կ ջան, թույլատրիր, ես էլ գամ Թատերական հրապարակ, մասնակցեմ հանրահավաքներին»: Ասաց. «Սահակ ջան, ե´ս քեզ լավ եմ ճանաչում, դու վստահելի տղա ես»: Իր «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայով միասին գնում էինք Երևան, մեքենան թողնում Ավանում և քաղաքային փոխադրամի ջոցով հասնում Օպերայի հրապարակ: Արդեն զգացվում էր, որ մեր պայքարը հեշտ չի լինելու: Էդիկն ասում էր. «Այնպես անենք, որ Զնաբերդը չգաղթի, չկորցնենք վերջին, միակ հայկական գյուղը»: Ես մտահոգված էի. «Առանց զենքի ո՞նց պիտի պահենք»: Էդիկը հուսադրեց. «Մի´ մտածիր, Սահա´կ ջան, ինչ զենք-զինամթերք հայթայթենք` կուղարկենք Զնաբերդ, բայց գաղտնի, ոչ ոք չպետք է իմանա»:

Հանրահավաքներին զուգընթաց սկսեցինք գաղտնի զենք սարքել: Գաղտնի սարքեցի իմ առաջին «ֆիթիլային» նռնակը: Գործարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը երկու անգամ կանչեց իր աշխատասենյակ, զգուշացրեց. «Վե´րջ տուր, այդպիսի բաներ մի´ սարքիր»: Էդիկին հայտնեցի, որ այդպիսի բան է ասել, բայց ես շարունակելու եմ սարքել: Ասաց. «Սարքի´ր, բայց ոչ ոքի այդ մասին մի ասա»:

Երկրորդ հերթափոխը տևում էր ժամը 17-ից մինչև գիշերվա ժամը 1-ը: Այդ ընթացքում էի սարքում: Սկզբում մենակ էի: Հետո տեսա, որ հադրութցին էլ է նույնն անում: Այդ մասին հայտնեցի Էդիկին: Ասաց. «Բե´ր ինձ մոտ, ծանոթանանք»: Տարա: Էդիկն ասաց նրան. «Գագո´, օգնի´ր Սահակին»: Այդպես` գաղտնի զենք էինք սարքում ու միաժամանակ էլ կազմակերպում, որ գործարանի աշխատողները մասնակցեն օպերայի հրապարակի հանրահավաքներին: 1988թ., երբ խորհրդային բանակը տանկերը կանգնեցրեց Գերագույն խորհրդի շենքի դիմաց, Խաչիկ Ստամբոլցյանը նստացույց հայտարարեց: Ես էլ միացա նրան, թեև ամիսներ առաջ ստամոքսի վիրահատության էի ենթարկվել: Հացադուլի յոթերորդ օրը Էդիկը եկավ, ասաց.

«Դու իմ վստահելի մարդն ես և շատ պետք ես, քո տեղն այստեղ չէ»: Դադարեցրի նստացույցը: Թեև ընդամենը երկու տարով էի Էդիկից մեծ, բայց, ասես, նրա ավագ եղբայրը լինեի:

1988թ. հոկտեմբերի 22-ին «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայով, Եղեգնաձորի կողմից թուրքական գյուղերի միջով անցնելով, առաջին նռնակները հասցրինք Զնաբերդ: Վարորդն Արագավազ Սամսոնն էր: Այդպես էին անվանում մեքենան արագ վարելու համար:

Զնաբերդում լարված, վտանգավոր իրավիճակ էր: Ամեն ջանք ու հնարավորություն գործադրում էինք, որպեսզի գյուղը թուրքերից պաշտպանված լինի: Չուգունե վառարանը կոտրեցինք, բեկորները լցրեցինք ռետինե խողովակների մեջ. դրանք երկու կողմից զոդում էինք, ոնց որ նռնակ լինեին: Այդ նպատակով կիլոմետրերով ռետինե խողովակներ եմ կտրտել:

Շիդլու գյուղից (այժմ` Եղեգնավան -Ա.Ծ.) Կիմիկ Սողոմոնյանի նախաձեռնությամբ ծառերի վրա մետաղյա խողովակներ էինք ամրացրել, դրանց վրա մարտկոց` ծայրին լամպ: Հեռվից նայողը կկարծեր, թե տարբեր ուղղություններով ճառագայթներ են արձակվում, մահաբեր զենքեր են:

Թուրքի Կարաբաղլար մեծ գյուղից ամբոխը շարժվեց Զնաբերդի վրա: Խորհրդային բանակը 2 տանկով կանգնեց նրանց ճամփին. չէր թողնում առաջանան, բայց դրանք պատնեշն անցան, եկան մեր գյուղի ուղղությամբ: Ժամը 4-ն անց 5 րոպե տղաներին տարբեր ուղղություններով դիրքավորեցի, որ տեսնենք, թե որ կողմից են գալիս: Արդեն Զնաբերդի այգիներում էին: Իմ սարքած նռնակներից գցեցի ամբոխի ուղղությամբ, տղաները մեր բերած զենքերով սկսեցին կրակել: Զնաբերդցի կանայք հացը թխել էին, թողել գյուղի պաշտպանների մոտ ու երեխաների հետ սարի ճամփով, որը` Խաչիկ գյուղով, որը` Գյուլիստանի կողմով, տանջանքով հասել էին Երևան, Օպերայի հրապարակ:

Թուրքերի հարձակումից հետո գեներալ Մաշկովը եկավ մեր գյուղ: Տեսնելով ծառերի վրայի խողովակներին ամրացված մարտկոցներն ու լույսերը, ասաց. «Ասես «նինձյա» -ներ լինեն»: Տղամարդկանց հավաքեց ակումբում, ասաց. «Ես ամեն բան տեսել եմ, բայց այսպիսի «բոյեվիկ»-ներ չեմ տեսել: Այդ ոգին, որ դուք ունեք, ձեզ անգամ ռուսը չի կարող հաղթել: Բայց այս ամենի համար պատասխան պիտի տաք»:

Հայրապետյան Ալիկն ու Օնիկը «ֆիթիլային» նռնակ էին գցել: Մտահոգված էինք, որ նրանց կբռնեն, կտանեն: Բայց թուրքերը Զնաբերդ չմտան: Մենք ինքնապաշտ պանությունը լավ էինք կազմակերպել: Ավելի´ վատ բան եղավ: Վերին հրամանով Էջմիածնից, Արտաշատից, Հոկտեմբերյանից ռուսներն ավտոշարասյուներ բերեցին` զնաբերդցիների ունեցվածքը տեղափոխելու համար: Հարցն այդպես փակվում էր: Ես ասում էի. «Ով գյուղը թողնի` դավաճան է»: Բայց պայքարելու ելք չկար: 1989թ. մարտի վերջերին Զնաբերդից վերջինը հեռացան ամենահամառները` Դարչինենց Բաբկենը` Բաբկեն Պողոսի Հովհաննիսյանը և Գվիդոն Սահակյանը` աներձագիս որդին: Իմ հեռանալը բառերով նկարագրել չեմ կարող. ոնց որ խելքս կորցրած, ցնորված լինեի, հիմա էլ ցավը սրտումս է: Այսօր Զնաբերդում միայն թուրքեր են ապրում: Երբ հանդիպեցինք, Էդիկն ափսոսանքով ու դառնացած ասաց. «Ափսո՜ս, ափսո՜ս, Զնաբերդը մեր հույսի գյուղն էր: Չկարողացանք պահել»: Գրկեցինք իրար, լաց եղանք:

Մինչև հիմա պահում եմ այն քարտեզը, որի վրա Էդիկը մատիտով սլաքներ էր դրել` նշելով Երասխից, Վայքից, Սիսիանից, Մեղրիից Նախիջևանին հարվածելու ուղղությունները: Իր ծրագրից շատ քիչ բան հասցրեց իրագործել: Ասում էր. «Զնաբերդը մեր ձեռքից ընկավ, հնարավոր է` շարունակությունն ավելի վատ լինի, պիտի զենք արտադրենք»:

Չարենցավանից «լիմոնկաներ» էր բերում, վրան փոսիկներ էինք անում, որպեսզի պայթելիս հեշտ ցրիվ գան: Էդիկը նախագծում էր, իսկ մենք, ըստ դրա, երկրորդ հերթափոխի ժամանակ խառատի հաստոցի վրա կտրատում էինք այնպես, որ չտրաքվեն, մեջը լցնում անհրաժեշտ զանգվածը: Ապա դասավորում էինք արկղերում, ուղարկում սահմանամերձ այն վայրերը, որտեղ վիճակը ծանր էր: Հիշում եմ, երբ մենք լարված աշխատում էինք, Էդիկը մեզ կապոցով ուտելիք էր բերում, որ քաղցած չմնանք: Նա իր աշխատավարձն ամբողջությամբ հատկացնում էր զենքի հայթայթման գործին: Ակտիվիստ կանանցից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է ամբողջ վաստակածը այդ նպատակով ծախսում, Էդիկը պատասխանել էր. «Ոչի´նչ, մայրս դրանից չի նեղանա»: Երբեմն զգուշացնում էր. «Սահա´կ ջան, Հարությունյանի հետ խոսել եմ, համաձայնեցրել, բայց ձգտիր, որ գործ անելիս շուրջդ շատ մարդ չլինի»:

Էդիկը նախագծեց կարաբիններ, դրանք առաջին զենքերն էին, որ իր զոհվելուց հետո` 1990թ., տարանք Նոյեմբերյան, փորձարկեցինք: «Ֆիթիլային» նռնակներից, կարաբիններից բացի` «Տոզ» 5,43 մմ-անոց ատրճանակի նախագծեր բերեց, որ դրանց հարվածող «բայոկ»-ները սարքենք: Այնուհետև «Ֆ-1» մոդելի, մարտական նռնակների գծագրեր բերեց. արդեն արածներս գործարանային նմուշի արտադրանք էր:

Մեր վերջին հանդիպմանը «բայոկ»-ներ բերեց, ձևափոխելու խնդիր կար: Օգոստոսի 8-ին, կեօրին մոտ ասաց. «Սահա´կ, պետք է 2 մմ կարճացնես»: Իր ասածով արեցի: Տարավ, ու մեկ ժամ անց, դեռևս աշխատավայրում էի, իմացա, որ փորձարկման ժամանակ Էդիկը զոհվել է: Ասես մեկը մուրճով հարվածեց գլխիս, ո´չ, այդ ես սրտի ցավից մուրճով խփեցի հաստոցին, որի վրա ես ու Գագիկը պատրաստում էինք իր նախագծած զենքերը:

Հուղարկավորության օրն ամբողջ Հայաստանից մարդիկ էին եկել` պայքարի իր ընկերները, իր մասին գիտցողները: Նոր Հաճնի երկնքում պտտվում էին «Միգ»-երը: «Արզնի» օդանավակայանի հայ օդաչուներն էին իրենց հարգանքի տուրքը մատուցում մեծ հայրենասերին:

Սկսեցիք «Էդիկ Տոռոզյան» անունով ջոկատ կազմավորել, Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ հաստատվեց ջոկատի ծնունդը: Մեր ջոկատն արցախյան տարբեր ճակատներում կռվեց մինչև հաղթանակ, և կռվի ծանր, նաև հաղթանակներով պսակված պահերին միշտ մեզ հետ, մեր կողքին զգացել ենք Էդիկի ներկայությունը:

Պատերազմի վերքերը չեն լավանում: Ականջիցս արյուն է գալիս, կողերս կոտրված են: Քունս փախել է: Հայրենի Զնաբերդի պատկերները հանգիստ չեն տալիս ինձ: Հաճախ մտածում եմ, որ եթե Էդիկը չզոհվեր, գուցե մի ելք գտներ: Այն մեծ անհատն էր, որ շատ անելիք ուներ ու զոհվեց` իր առաքելությունը չավարտած:

 

Ազնաբերդը (բարբառով` Ըզնաբերդ, սխալ գրությամբ` Զնաբերդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, Նախճավան գավառի հյուսիսային մասում` պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում:

Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից են Սուրբ Գրիգոր եկեղեցին (Ժամ), Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել), Սուրբ Հովհաննես (Սռվանես), Սուրբ Հակոբ (Սրգագոփ), Սուրբ Հռիփսիմե մատուռները, երկու գերեզմանատները, մի քանի հնավայրեր, բրոնզի դարի չորս բերդերը, որոնցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ բերդն է: Սուրբ Գրիգոր եկեղեցում պահպանվել էին Հարություն և Հակոբ Հովնաթանյանների որմնանկարները, որոնք ստեղծվել են 17-րդ դարի կեսերին, երբ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից (1604թ.) տասնամյակներ հետո գյուղը կրկին վերականգնվել է:

Այսպես կոչված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ժամանակակից քարտեզներում այլևս չկա Ազնաբերդ անունը կրող գյուղ, ադրբեջանցի կեղծարարները, որոնք մի ժամանակ, իբր, համոզված էին «Ազնաբյուրտ» գյուղանվան «ադրբեջանական արմատներ» ունենալու հարցում, այսօր, հավանաբար իրենք իսկ չհավատալով սեփական ստին, գյուղը վերանվանել են Զալխանդարա:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ