ՅՈ՞ ԵՐԹԱՍ


Օրեր առաջ մեկ անգամ ևս վավերացվեցին Նախագահի ընտրության արդյունքները` իրավական հարթության վրա: Սահմանադրական դատարանի վճիռը, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները վերջնականապես ընդունելի դարձնելու համար: Սրանով հանդերձ` որքան էլ տարօրինակ թվա, հօգուտ իրենց կայացվելիք որոշման հետ հենց գլխավոր դիմումատուի` Լ. Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչներն էին կապում: Ազատության հրապարակը տասն օր բյուրավոր ընտրակեղծիքների թեմայով դղդրդացնող արմատականները, կարելի էր կարծել, թե այնքան հաստափոր թղթապանակներով են Սահմանադրական դատարան ներկայանալու, որ դրանք ոչ քաշով, ոչ էլ ծավալով հնարավոր չի լինի կշռել ու չափել: Ավաղ, իրար հաջորդող դատական նիստերը փաստեցին միայն, որ ենթադրվող թղթապանակների փոխարեն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին հաջողվել է դատարան բերել միայն… հանրահավաքային ոգին: Նման իրավիճակում այլևս դժվար չէր ենթադրել, որ փաստազուրկ ելույթները, բնականաբար, այստեղ ոչ օվացիա, ոչ էլ առավել ևս անզեն ոստիկանների վրա գրոհելու ցանկություն չէին կարող առաջացնել: Դատարան դիմած թեկնածուի ելույթը նույնպես, թեկուզև անուղղակի, որևէ ակնարկ չէր պարունակում քվեարկության կեղծված լինելու ենթադրությունների կամ հիմնավորումների վերաբերյալ: Հիմա եթե եզրակացնենք, որ, այսպես կոչված «կեղծված արդյունքների» թեմայից խուսափելով, Տեր-Պետրոսյանը ընդունեց ԿԸՀ հրապարակած տվյալները: Ասվածը, որքան էլ տրամաբանության շրջանակներում տեղավորվի, միևնույն է, դժգոհ կողմի կատաղի հակազդեցությանը կարժանանա: Սակայն, մյուս կողմից, դեպքերի ընթացքը ստիպում է եզրակացնել, որ այդպես էլ վարչական դատարաններ չդիմելով, իսկ ՍԴ-ում էլ առանց իրավական հիմնավորումների քաղաքական գնահատականներ հնչեցնելով` դիմումատուն վերջնական տեսքի էր բերում իր պարտությունը` նաև այս ատյանում: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել վճռի հրապարակման օրը դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների բացակայությունը: Թերևս դա էլ էր կանխատեսելի, քանի որ մինչ այդ իր` թեկնածուի կարճատև այցն ու ավելի կարճ ելույթը միայն մեկ նպատակի` ՍԴ-ին ևս վերջնագիր ներկայացնելուն էր ուղղված: Բողոքող թեկնածուն լավ գիտեր, որ անգամ Արտակարգ դրության պայմաններում դատարանի վճիռը ապօրինի չի կարող լինել: Նպատակը դարձյալ ինքնաարդարացման սողանցք թողնելն էր: Դրան հասնելու փորձից մեծ հաշվով ոչինչ էլ չշահելով, Տեր-Պետրոսյանն իր համար գուցեև հոգեբանորեն խիստ ցանկալի, բայց մյուս բոլոր առումներով անիմաստ մի «ձեռքբերում» «արձանագրեց»` վճիռը կայացնելուց օրեր առաջ հայտարարելով, որ ինքը չի կարևորում դատարանի որոշումը: Թե սրանով այլևս ում ինչ է ջանալու համոզել առաջին Նախագահը, անհասկանելի է: Առավել ևս, երբ արդեն կասկածից վեր է, որ հետընտրական շարժումն առաջին հերթին կասեցրեց հենց Լ. Տեր- Պետրոսյանը` առանց այն էլ փակուղում հայտնված գործընթացը պետական մեքենային դեմ հանդիման կանգնեցնելով: Դրան հաջորդած երկու շաբաթները նրան հավանաբար ստիպել են հասկանալ, որ խռովությունը մի քանի երկրների երևանյան դեսպանատների խաչմերուկում կազմակերպելը նույնպես գործին ոչնչով չէր կարող օգնել: Ամենատարօրինակը, սակայն, բոլոր հնարավոր հարթություններում հմտորեն սայթաքելու` երբեմն դժվարությամբ քողարկվող նրա մղումն է: Հայտնի չէ միայն, թե իրեն վաղօրոք Նախագահ հռչակած այս թեկնածուի ընտրական անհաջողությունն ամբողջացնող գործընթացն ո՞ւր է հասցնելու առաջին Նախագահին: