ՁԱԽՈՂՈՒՄ ԵՆ


ՀԴՄ կտրոնների` շաբաթ օրը կայացած վիճակահանության ժամանակ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ա. Ալավերդյանը հերթական տհաճ անակնկալը մատուցեց: Վերջերս ընդունված որոշման համաձայն` մի քանի թվերի համընկնման դեպքում տրամադրող դրամական պարգևավճարների պրակտիկան նույնպես հաջորդ ամսվանից չի գործելու: Թեև ՊԵԿ պաշտոնյան խոստովանում է, որ այս եղանակով նախորդ ամսվա ընթացքում շուրջ 150 հազար քաղաքացիների տարբեր չափերի դրամական շահումներ է տրամադրվել, այսուհանդերձ, նոր որոշմամբ ՀԴՄ կտրոնների վիճակահանությամբ այսուհետ միայն մեքենաներ են խաղարկվելու: Անշուշտ, գրեթե անհավանական համարվող մեքենա շահելու վիճակահանության հետ ոչ մեկը հույսեր չի կապում, ու կասկածից վեր է, որ կտրոն պահանջող քաղաքացիների թիվը հետայսու կտրուկ կնվազի: Բացի այս` հավանական են թվում այն կարծիքները, որ շատ չանցած` կարող է բացահայտվել, թե կոնկրետ ընկերության կողմից ներկրվող մեքենաներից ևս հինգը պետության հաշվին իրացնելով` հարկայինի ղեկավարությունը որոշակի շահ ունի: Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչու է այս կառույցը խոչընդոտում ՀԴՄ կտրոններ պահանջելու գործընթացին` կանխելով հարկային մուտքերն ավելացնելու գործադիրի ջանքերը: