Սերը` երկրային մեծագույն պարգև


Հետաքրքիր բեմադրական մարմնավորում է մտահղացել ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիր Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Ա. Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» հանրածանոթ պիեսի համար: «Մի դատիր, որ չդատվես» աստվածաշնչյան բանաձևով: Ներկայացման մեջ ընդգրկված մոտ երկու տասնյակ դերակատարները, լինելով բեմի խորքում եռաշար աթոռներին բազմած երդվյալ ատենակալներ, միաժամանակ զույգ առ զույգ հայտնվում են մեղադրյալների կարգավիճա կում: Ի պաշտպանություն սիրո զգացմունքի, ծավալվում է անսովոր մի բանավեճ, որի պարերգային միջարկումները գրեթե չեն թուլացնում գլխավոր հերոսների` Կատյայի (Է. Սանակոևա) և Միտյայի (Ա. Ղազարյան) փլուզվող երջանկության դրամատիզմը: Բեմական ասպարեզը վստահելով ռուսական թատրոնի ստեղծագործական խմբի նորամուտ դերասաններին` Գրիգորյանը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին սրտամոտ թեմայի ներգործուն բացահայտմամբ ճշգրտելու և զարգացնելու կերպավորման իրենց ունակությունները: Ներքին ապրումի հոգեբանական արտահայտչամիջոցների տիրապետման ակնհայտ կարողություններով տպավորվում է Արման Ղազարյանը, ում դերասանական զուգախաղը Էլիտա Սանակոևայի հետ փոխհարստացման միտում է դրսևորել դեռևս Դ. Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» արդիաշունչ դրամայի ներկայացման մեջ (բեմադրիչ` Դ. Բարխուդարյան), Փոքր բեմում: «Սերը երկրային մեծագույն պարգև է, երկնային անփոխարինելի մանանա, մի սպանեք այն ճղճիմ մանրուքներով, որպեսզի պատճառ չդառնաք բարոյական սնանկացման համաճարակի բռնկման»,- ահա գլխավոր ասելիքը մեր ռուսական թատրոնի նոր ներկայացման:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ