Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման ժամանակը դեռ չի եկել


 

Վերջին օրերին շփման գծում տեղի ունեցող միջադեպերի և միջազգային հանրության արձագանքի մասին «Ավանգարդ»-ը զրուցել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Հայտնի է, որ թե´ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե´ միջազգային այլ կառույցներ և գերտերությունների ղեկավարներ երբևէ հասցեական հայտարարություններ չեն հնչեցնում: Անգամ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ սադրանքը հրահրողն Ադրբեջանն է, հայտարարություններում մշտապես զգոնության կոչ է արվում երկու կողմերին: Ինչո՞ւ են խնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուները խուսափում գոնե հայտարարություններով Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելու պատասխանատվությունից:

- Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ բացի մեկ-երկու դեպքերից, երբ իսկապես հայկական կողմն է պատժիչ գործողություններ իրականացրել, սադրանքը միշտ հրահրվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Բայց դա դիվանագիտական էթիկայի ընդունված կանոն է, դիվանագիտական լեզու: Այն, ինչ իրար մեջ խոսում են նախագահները, արտգործնախարարները, Մինսկի խմբի ներկայացուցիչները` միշտ չէ, որ բառացի մեջբերվում է մամուլում կամ պաշտոնական հայտարարություններում:  Հավատացեք, որ իրական խոսակցությունն այդքան էլ մեղմ չէ: Բայց, մյուս կողմից, կա դիվանագիտական լեզու, որը միջազգային հանրությունը կամ գերտերությունները փորձում են օգտագործել, բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն ծագում են իրական, լուրջ խնդիրներ:

- ԼՂՀ ճանաչման հարցը մեր երկիրը մշտապես հետաձգում է` հայտարարելով, թե դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանին կամ Արցախին իրական վտանգ կսպառնա: Սահմանային այս միջադեպերը, երբ երկու կողմից էլ մարդկային կորուստներ կան, երբ սահմանային բնակավայրերում մարդիկ ահուդողի մեջ են, արդյոք չե՞ն վկայում, որ միգուցե ժամանակն է, որպեսզի Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցը մտցնի իր քաղաքական օրակարգ:

- Ես միշտ կողմնակից եմ այն տեսակետին, որ չիրականացված սպառնալիքն ավելի էֆեկտիվ քաղաքական միջոց է, քան օգտագործածը: Կարծում եմ` դեռ ժամանակը չէ այդ «ոսկե փամփուշտն» օգտագործելու: Առավել ևս` այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան երկրորդ օրը: Սպասենք, թե Ադրբեջանն ի՞նչ քայլերի կդիմի հետագա օրերին. թեև կարծում եմ, որ այնքան էլ իրատեսական չէ նրանից այս պահին ինչ-ինչ գործողություններ ակնկալելը: Համենայն դեպս, կարծում եմ, որ ճանաչման համար դեռ ժամանակ կա:

- Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը:

- Չեմ կարող ասել. դա ցույց կտա ժամանակը: Միգուցե մի այնպիսի ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի, որ երկու շաբաթվա ընթացքում ամբողջ տարածաշրջանի քարտեզը փոխվի, բայց կարող է նաև այս ստատուս-քվոն տասնամյակներ շարունակվել: Այս պահին` այս ինֆորմացիայով և այս իրավիճակով, ինչպես նաև  ուժերի նման դասավորությամբ, ես ֆորսմաժորային իրավիճակի հիմքեր չեմ տեսնում:

- Տարբեր առիթներով Դուք նշել եք, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ադրբեջանցիներին: Իսկ ի՞նչ կասեք հայկական դիվանագիտության մասին:

- Արտգործնախարարության գործը ադրբեջանցիների սադրանքներին մեր տված պատասխանը մեկնաբանելն ու հիմնավորելն է` գերտերությունների, միջազգային հանրության աչքերում: Առնվազն խաղաղության և այս ստատուս-քվոյի պահպանման հարցում Մինսկի խմբի երեք համանախագահների և Հայաստանի դիրքորոշումները գրեթե համահունչ են: Բայց դա ոչ միայն արտգործնախարարության և դիվանագետների աշխատանքի արդյունքն է, այլ նաև այն իրողության, որ վերջին երկու տասնամյակներում Հայաստանի շահերը մասամբ համընկնում են գերտերությունների շահերին:

- Իսկ այդ գերտերություններին, մասնավորապես` ԱՄՆ-ին, մենք կարո՞ղ ենք մեր բարեկամը համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը երբեք էլ չի թաքցրել, որ հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիրքերից:

- ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, իսկ Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում խոսքը գնում է բոլոր երեք սկզբունքների մասին: Տիկին Քլինթոնը նույնպես Երևանում ասաց, որ այդ փաստաթղթերից դուրս ոչ մի առանձին կետ կամ սկզբունք չի աշխատում: Հայաստանն էլ է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այն սահմաններում, որոնք ինքը հասկանում է: Այնպես որ, մեր տարածաշրջանի հետ կապված` իրավիճակն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարելի է պատկերացնել:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ