300 սեռափոխվածներ


Հայերի նման` հնդիկներն էլ տղա երեխաների առանձնակի երկրպագուներ են: Եվ այդ իրողությունը խաթարել է սեռային հավասարակշռությունը` հատկապես չծնված աղջիկ երեխաներին աբորտ անելով: Արդյունքում` Հնդկաստանում հիմա մինչև 6 տարեկան տղաները 7 միլիոնով ավելի են աղջիկներից (տեղեկացրել է «ՄեդՆովոս տի.ռու»¬ն): Սակայն տղայասեր Հնդկաստանում աղջիկները հարվածի տակ են` նաև ծնվելուց հետո: Նրանց ծնունդն անցանկալի է այն պատճառով, որ հետագայում` դուստրերի հարսանիքի համար պետք է վճարել ու նաև օժիտ տալ: Իսկ դա էլ լուրջ հարված է ընտանեկան բյուջեին: Եվ նորածին աղջիկների սեռը փոխում են… վիրահատությամբ: Իրավապահների աչքից չի վրիպել այս երևույթը, և նրանք չեն հավատում հետաքննության մեջ գտնվող բժիշկների այն պնդմանը, թե վիրահատության են ուղարկվել միայն իգական ու արական սեռային հատկանիշներով ծնվածներին: Մասնագետները նախազգուշացնում են, որ պլաստիկ այդ վիրահատությունները սպառնում են անպտղությամբ և անկարությամբ: Ծնողները պետք է հասկանան, թե ինչ ցնցումներ են նախապատրաստում իրենց զավակների համար: Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովն իշխանություններին պարտավորեցրել է մի քանի օրում հետաքննիչներից եզրահանգումներ պահանջել` երևույթը կանխելու համար: