Դաշնակցության ինքնազգացողությունը


Խորհրդարանական ընտրությունների հետաքրքրության գրավականը նաև այն է, որ այդ պայքարի արդյունքներից է կախված ձևավորվելիք կոալիցիայի որպիսությունը: Բայց դե քաղաքական խմբակային ձեռնարկումների մշտական ուղեկիցներից մեկն էլ պառակտումներն են: Ինչպես օրինակ` նախորդ կոալիցիայում ճանապարհի կեսից ընդդիմադիր ճամբար վերադարձավ ՕԵԿ-ը, իսկ ՀՅԴ-ն մասամբ անընկալելի պահվածք որդեգրեց: Այժմյան կոալիցիայում էլ նկատելի են անհամերաշխության ախտանշանները: Կոալիցիոն խմբակցության անդամ ՀՅԴ բյուրոյի անդամ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, կոալիցիայի մասին խոսելիս, նշում է. - Ցավոք սրտի` առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ մի համաձայնության փաստաթուղթ ես ստորագրում, և հանկարծ պարզվում է, որ դա կարող է լուրջ էլ չեն ընդունել: Մենք շատ լուրջ ենք ընդունել կոալիցիոն համաձայնագիրը, և եթե տեսնեք, որ այն չի իրագործվում, բնականաբար մեր ինքնուրույն ճանապարհը կընտրենք: Ինչ, որտեղ էլ որ լինենք, մենք անելու ենք նույնը: Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու մասին դեռևս խոսք չկա, բայց տպավորությունն այնպիսին է, որ խորհրդարանական խմբակցության ներսում ինչ-որ խմորումներ կան: - Ինչո՞վ է դա պայմանավորված ու ինչպիսի՞ հետևանքներ կարող է բխեցնել այս իրավիճակը: - Մեր հարցին Վ. Հովհաննիսյանի պատասխանն ավելի շատ բառախաղային խուսանավումի էր նման. - Իսկ դուք կարծում եք, որ մնացած կուսակցությունները կոալիցիայում իրենց խնդիրները չունե՞ն: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական միավորման մեջ մտնողը որոշակի խնդիրներ է հետապնդում: Խնդիրն այն է, թե ի՞նչ խնդիրներ են դրանք: Մենք մեր խնդիրները բաց պայմանավորել ենք կոալիցիոն համաձայնագրով: Կոալիցիոն համաձայնագիրը կատարվում է, մենք ուրախ ենք և համարում ենք արդարացված: Իսկ երբ մասնավորեցրինք հարցը` շեշտադրելով կուսակցության հիմնախնդիրները, ՀՅԴ բյուրոյի անդամը հավելեց: - Ի՞նչ պրոբլեմ. չունենք: Մենք ընդհանրապես խնդիր չունենք: Իսկապես` բազմաբովանդակ երևույթ է քաղաքականությունը. ինչի ասես, որ չես հանդիպի: Նույնիսկ քո լսածը, կարող է «պարզվել»` սխալ է… Տացե Աստված, որ հավակնոտ պառակտումներն, իրոք, բացառվեն: Սակայն քաղաքական ծածկադմփոցների «ոտքը» նույնպես կարճ է:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ